Հա

Հասարակական

06/08/2019 - 08:40

Տուն-տուկ. ինչպէս հնձած խոտից ու չորացած եղեգներից Մարտունու առաջին էկոհիւրատունը կառուցւեց

Վերջին տարիներին Հայաստանում զարգանում է էկոտուրիզմը. զբօսաշրջիկին գրաւելու համար հայաստանեան տարբեր բնակավայրերում էկօ մօտեցումներով նաեւ հիւրատներ են կառուցւում։

«alikonline.ir» - Վերջին տարիներին Հայաստանում զարգանում է էկոտուրիզմը. զբօսաշրջիկին գրաւելու համար հայաստանեան տարբեր բնակավայրերում էկօ մօտեցումներով նաեւ հիւրատներ են կառուցւում։ Այս մասին գրում ւ Sputnik Արմենիան:

Մարտունու տարածաշրջանը զբօսաշրջային առումով Հայաստանի ամենաթոյլ զարգացած շրջաններից մէկն է. զբօսաշրջային պոտենցիալ կայ, բայց զբօսաշրջիկներ գրեթէ չկան։ Անգամ Սեւանայ լճի ափին հանգստացողները Մարտունու կողմեր քիչ են գալիս, թէպէտ լողափեր այստեղ էլ կան։ Այս տարի զբօսաշրջիկներ գրեթէ կամ առհասարակ չեն եղել, որովհետեւ Սեւանի ջրի կանաչելու` «ծաղկելու» երեւոյթը հէնց Մարտունու ափամերձ շրջանում է շատ նկատւել, բացի այդ նաեւ աղմուկ բարձրացրած կովերի անկման դէպքը եւս Մարտունու ափի մօտ է եղել։

Գոռ Ղազարեանը ծնւել է Մարտունու տարածաշրջանում։ Թէպէտ կեանքի մեծ մասն ապրել է մայրաքաղաքում, բայց հայրենի հողը ոչ միայն չի մոռացել, այլեւ որքան ներուժ ունի, փորձում է հանրահռչակել Մարտունու զբօսաշրջային գրաւչութիւնները։ Այստեղ հնարաւոր զբօսաշրջային ժամանցներից մէկը լեռնագնացութիւնն է. յաճախ արշաւախմբերի է առաջնորդում Մարտունու գեղատեսիլ լեռները նւաճելու՝ ճանապարհին ցոյց տալով ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի համար բացառիկ յուշարձաններ, ինչպէս օրինակ Սեւսար լեռան մօտ գտնւող Պորտաքարը՝ իւրօրինակ ժայռապատկերներով։

Շատերն այն համարում են աստղագիտական քարտէզ, անգամ ասում, որ այս տեղում եղել է աստղադիտարան եւ նոյնիսկ Տիր աստծուն նւիրւած տաճար։ Տեղանքի եւ Պորտաքարի ուսումնասիրութեան համար յաճախ նաեւ գիտնականներ, հնագէտներ են գալիս ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից։ Թէ՛ լեռնագնացների, թէ՛ հնագէտների դէպքում գիշերակացի խնդիր է առաջանում։ Օրինակ` լեռնագնացներն այս տեղանք գալով՝ սովորաբար նպատակադրւում են միանգամից վեցից եօթ լեռ բարձրանալ։ Քանի որ գիշերակացի հնարաւորութիւն չկայ, ստիպւած ամէն օր վերադառնում են Երեւան, յաջորդ օրն առաւօտեան յետ գալիս` միւս լեռը բարձրանալու համար։

Կամ էլ Գոռը ստիպւած է լինում լեռնագնացներին ու մասնագէտներին տեղաւորել ազգականների, ընկերների տներում։ Վաղուց մտածում էր, որ Արմաղան լեռան ստորոտում, Արգիճի գետի մօտակայքում հիւրատուն է պէտք կառուցել։ Քանի որ նաեւ բնապահպան է, կառոյցն անպայման պիտի ոչ թէ դէմ լինէր բնութեանը, այլ ձուլւէր, դառնար դրա մի մասը։ Քարը հէնց սկզբից բացառւեց. ասում է, որ սա Հայաստանի այն քիչ վայրերից մէկն է, որտեղ նորաձեւ հիւրանոցները բնութիւնը դեռ չեն փչացրել։

«Յիշեցի, որ փոքր ժամանակ, երբ երեխաներով գնում խոտ էինք հաւաքում, յետոյ տուկ էինք կապում, մինչեւ մեքենաները կը գային, տուկերը կը տանւին, դասաւորում էինք իրար վրայ, ինչ-որ հետաքրքիր կառոյցներ ստանում»,- պատմում է Գոռն ու ասում, որ իր պատանեկան յիշողութիւնները յուշեցին, թէ ինչից պիտի կառուցի հիւրատունը՝ բնութեանը մօտ եւ տեղանքին համապատասխան լինելու համար։

Արօտավայրերը պիտի ամբողջութեամբ հնձւեն, որպէսզի յաջորդ տարի կրկին լաւ խոտ աճի։ Խոտի հետ համադրելու միւս նիւթն էլ գտնւեց՝ եղեգ, որն անտառներում շատ է. այն մէկ տարւայ կեանք ունի, յետոյ չորանում, փայտանման է դառնում։ Հետեւաբար, եղեգներ կտրելով՝ նաեւ անտառն են երիտասարդացնում։ Այդպէս ընկերների, մօտակայ բնակավայրերի գիուղացիների օգնութեամբ սկսւեց Մարտունու առաջին՝ բոլոր իմաստներով էկոհիւրատան կառուցումը։

Պատերը, տանիքը խոտից ու եղեգից են. կառուցւած են յատուկ տեխնոլոգիայով, ջրակայուն են, իսկ հիւրատան շուրջն առուներ են փորւած, որպէսզի անձրեւը չկուտակւի եւ հոսի։ Հիւրատան ներսը նոյնպէս էկոկահաւորում ունի՝ մահճակալը խոտից է, վրան հաստ, բրեզենտէ կտոր է փռւած, կան փայտէ աթոռներ, սեղան, կաւէ սպասք, գրքեր հայոց պատմութեան, աշխարհագրութեան մասին, քարտէզներ։ Էլեկտրականութիւն չկայ, արեւային վահանակներով լուսաւորւող լապտերներ են։

«Լեռնագնացները կարող են իրենց քնապարկերով մնալ, անկողին պէտք չէ, բայց հիւրատունը յարմարեցւած է նաեւ, օրինակ, սովորական զբօսաշրջիկի համար։ Մի քիչ հեռւում նաեւ խարոյկի տեղ կայ, մենք փոքրիկ գազօջախ կարող ենք տալ ինչ-որ բան պատրաստելու համար, կամ էլ կարող են խարոյկից օգտւել»,- ասում է Գոռը։ Ցանկութեան դէպքում պատրաստ են նաեւ կենւորներին էկոսնունդ մատակարարել. 5 կմ. հեռաւորութեան վրայ Մադինա գիւղն է, աւելի մօտ Զոմա անունով ժամանակաւոր բնակավայրն է, որտեղ մի քանի ամիս գիւղացիները կենդանիներին բերում, արածեցնում են, հետեւաբար, էկոլոգիապէս մաքուր սնունդի պակաս չի լինի, նաեւ գիւղացիներին օգուտ կը լինի։

Հիւրատանը միաժամանակ կարող է 4 հոգի մնալ, իսկ լեռնագնացների դէպքում՝ անգամ 5-6։ Գոռն ասում է՝ նրանք սովոր են։ Ինչ վերաբերում է անվտանգութեանը, ապա թունաւոր օձեր տարածքում չկան, իսկ լորդուների շրջանն էլ աւարտւել է։

«Այստեղ ոչ միայն պասիւ հանգիստ կը կարողանան անցկացնել. Արգիճի գետը մօտ է, հետեւաբար, կարող են ձկնորսութեամբ զբաղւել, առաջիկայում լաստանաւեր էլ կը պատրաստենք՝ թիավարութեան համար»։

Էկոհիւրատունն առաջին կենւորներին արդէն ընդունել է. գաղափարը հաւանել են, մի քանի առաջարկներ արել՝ պայմաններն աւելի լաւը դարձնելու համար, ինչն էլ արւել է։ Գոռն ասում է, որ ուրախ են ցանկացած կարծիքի համար, որովհետեւ առաջին փորձն է, եւ իրենց պէտք է օգնութիւն` գաղափարը զարգացնելու համար։ Մտածում են, որ եկող տարի մի քանի էկոհիւրատներ էլ կարելի է կառուցել նոյն տեխնոլոգիայով, միայն թէ այս մէկից մի քանի կմ. հեռաւորութեան վրայ, որպէսզի կենւորներն իրենց աւելի հանգիստ զգան։ Բնականաբար, գիտեն, որ խոտից ու եղեգից կառոյցները յաւերժ չեն. դրա մասին էլ են արդէն մտածել։ Մօտ մէկ տարի, տարի ու կէս յետոյ կը թարմացնեն, կը նորոգեն այնպէս, որ կենւորները տարբերութիւն չզգան։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։