Հա

Հասարակական

19/08/2019 - 08:00

Իսլանդիայում կը բացւի յուշատախտակ՝ նւիրւած 700-ամեայ Okjökull սառցադաշտին

Իսլանդիայում կը բացւի յուշատախտակ՝ նւիրւած 700-ամեայ Okjökull (Օքեոքիւդլ) սառցադաշտին (գլետչեր), որը, գիտնականների գնահատմամբ, այդ երկրում առաջինն է հալել կլիմայի փոփոխութեան հետեւանքով:

«alikonline.ir» - Իսլանդիայում կը բացւի յուշատախտակ՝ նւիրւած 700-ամեայ Okjökull (Օքեոքիւդլ) սառցադաշտին (գլետչեր), որը, գիտնականների գնահատմամբ, այդ երկրում առաջինն է հալել կլիմայի փոփոխութեան հետեւանքով: Ըստ News.am-ի՝ հաղորդում է DW-ը:

Հանդիսաւոր արարողութիւնը տեղի կունենա Օք հրաբխի տարածքում, որը գտնւում է մայրաքաղաք Ռէյկեաւիկի հիւսիս արեւելքում: Ակնկալւում է, որ միջոցառմանը կը մասնակցի Իսլանդիայի վարչապետ Քաթրին Եակոբսդեթիրը, շրջակայ միջավայրի նախարար Գուդմունդուր Ինգի Գուդբրանդսոնը, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների հարցերով գերագոյն յանձնակատար Մերի Ռոբինսոնը:

Խորհրդանշական ակցիան անցկացւում է ամերիկեան Տեխաս նահանգի Ռայսի մասնաւոր համալսարանի գիտնականների, որոնք 2018 թւականին նկարահանել էին վաւերագրական ֆիլմ սառցադաշտի անհետացման մասին, ինչպէս նաեւ մի շարք տեղի հետազօտողների նախաձեռնութեամբ:

Պղնձից պատրաստւած ցուցանակի վրայ իսլանդերէն եւ անգլերէն փորագրւած է «նամակ ապագային»:

«Օքն առաջին իսլանդական սառցադաշտն է, որը կորցրել է իր կարգավիճակը: Յաջորդող 200 տարիների ընթացքում մեր բոլոր Սառցադաշտերը, ինչպէս ակնկալւում է, կը հետեւեն դրա օրինակին: Այս յուշատախտակը վկայում է, որ մենք գիտենք, թէ ինչ է կատարւում եւ ինչ պէտք է անել: Միայն ձեզ է յայտնի՝ արել ենք արդեօք մենք դա, թէ ոչ»,- ասւում է ժառանգներին հասցէագրւած ուղերձում:

Տեքստում նշւած է ամսաթիւը՝ օգոստոս 2019, եւ 415 ppm CO2 ցուցանիշը, որը վկայում է, որ այս տարւայ մայիսին Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիան մարդկութեան պատմութեան մէջ առաջին անգամ գերազանցել է 415 մասը մէկ միլիոնի կտրւածքով, այսինքն՝ օդի իւրաքանչիւր խորանարդ մետրում առկայ է առնւազն 415 մլ. ածխաթթու գազ:

Սառցադաշտ (գլետչեր) ասելով՝ մասնագէտները սովորաբար նկատի ունեն բիւրեղային սառոյցի բնական զանգւած, որը շարժւում է սեփական կշռի ներքոյ: Իսկ նշւած սառցադաշտի դէպքում շարժունութիւնը լիովին սպառւել էր դրա մակերեսի կտրուկ կրճատման հետեւանքով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։