Հա

Հասարակական

19/08/2019 - 09:50

Փրկիչ Կաթողիկոսը․ 25 տարի առանց Վազգէն Առաջինի

Քառորդ դար առաջ կեանքից հեռացաւ Ամենայն հայոց կաթողիկոս եւ գերագոյն պատրիարք Վազգէն Ա-ն։ Քառորդ դար Հայաստանը եւ հայերը սովորում են ապրել առանց մեծագոյն ազգային եւ հոգեւոր առաջնորդի։ Նրա սահմանած բարոյականութեան եւ արժէքների նշաձողը չափազանց բարձր է, դրան հասնելը՝ անչափ դժւար, իսկ գերազանցելն՝ անյոյս մտայղացում։

«alikonline.ir» - Քառորդ դար առաջ կեանքից հեռացաւ Ամենայն հայոց կաթողիկոս եւ գերագոյն պատրիարք Վազգէն Ա-ն։ Քառորդ դար Հայաստանը եւ հայերը սովորում են ապրել առանց մեծագոյն ազգային եւ հոգեւոր առաջնորդի։ Նրա սահմանած բարոյականութեան եւ արժէքների նշաձողը չափազանց բարձր է, դրան հասնելը՝ անչափ դժւար, իսկ գերազանցելն՝ անյոյս մտայղացում։ Այս մասին գրում է Sputnik Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Մեծութիւնը հեռաւորութեան վրայ է երեւում, այդ թւում՝ երկար ժամանակ անց բանաձեւը սովորաբար հաստատւում է։ Հազւադէպ, բայց պատահում է, որ մեծերին գնահատում են կեանքի օրօք։ Երջանիկ բացառութիւններ ամէն դէպքում լինում են, եւ Վազգէն կաթողիկոսը պատկանում է նրանց թւին։

Նեղանալ չլինի, բայց ՀԱԵ միւս գերագոյն հոգեւոր այրերի բախտը չի բերել․ կամայ-ակամայ նրանց համեմատում են Վազգէն Ա-ի հետ եւ դա, հաւանաբար, այնքան էլ ճիշտ եւ արդարացի չէ։ Վազգէն Առաջինի անձի շուրջ դրական գնահատանք այնքան անչափելի է են, որ համեմատութիւններն ուղղակի կորեկտ չեն, դրանք բոլորը նկարագրում են կաթողիկոսին, որը չորս տասնամեակ եղել է հայ ազգի հոգեւոր առաջնորդը։

Քաղաքական առաջնորդները (եւ առաջնորդիկները) գնացել են ու եկել, Վազգէնը մնացել է։ Նա գերագոյն աստիճանի է հասել ոչ թէ կարիերա կառուցելու, այլ քահանայի բարեպաշտ կեանքի արդիւնքում, որը կուսակրօն է ձեռնադրւել 1943 թ.-ի սեպտեմբերի վերջին Աթենքի Սուրբ Կարապետ եկեղեցում։ Այդ ժամանակ Լեւոն-Կարապետ Պալչեանն անւանակոչւել է Վազգէն։

Եւ եթէ «Մի՛ սպանիրը» Աստծոյ պատգամ է, ապա «Փրկիրը» զուտ մարդկային՝ կոչւած սիրելու եւ կարեկցելու ընդունակութեամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայր Վազգէնը հայ ռազմագերիների օգնութեան կոմիտէի ամենաակտիւ անդամներից էր․ որքան կեանք է փրկւել նրա ջանքերի շնորհիւ, նա ինքն էլ չի հաշւել։ Նա փրկել է՝ չհաշւելով փրկւածներին։

Արդեն 1949 թ.-ին Վազգէն Պալչեանը դառնում է վարդապետ եւ գլխաւորում ՀԱԵ Ռումինական եւ Բուլղարական թեմերը։ Շուտով հասունանում է կաթողիկոս դառնալու հերթը։

Ծայրագոյն պատրիարքի ընտրութիւնները տեղի են ունենում փակ դռների յետեւում` Էջմիածնի մայր տաճարում։ Աւելի քան երկու հազար տարւայ պատմութիւն ունեցող հայկական եկեղեցին 70 տարեկանից ցածր կաթողիկոսներ չի ունեցել, եւ Ռումինիայից եկած եպիսկոպոսն այդ պատւաւոր ֆոնին անթոյլատրելիօրէն երիտասարդ էր՝ 47 տարեկան։ Այնուամենայնիւ, նա 140 ձայնից ստացել էր 126-ը, որովհետեւ այդ ժամանակ ականաւոր արդէն գործիչ էր։

Նա փրկում էր՝ ում կարող էր եւ ինչ հնարաւոր էր։ Օրինակ` փրկում էր Նախիջեւանի Ջուղայի խաչքարերը։

Շատ հայկական ընտանիքներում մինչեւ հիմա պահպանւում է «Հայկական խաչքարեր» գիրք-ալբոմը, որի հրատարակման նախաձեռնութիւնը պատկանում է Վազգէն կաթողիկոսին։ Հայկական ԽՍՀ տարածքում գտնւող խաչքարերի լուսանկարները բաւարար չեն եղել կաթողիկոսի համար, եւ նա լուսանկարչին ուղարկել է՝ նկարելու Ջուղայի թանկարժէք խաչքարերը։ Աւելին, նրան յաջողւել է կազմակերպել դրանցից մի քանիսի տեղափոխութիւնը Հայաստան, նա ասես կանխազգացել է, թէ ինչ կարող է տեղի ունենալ պատմական մասունքների հետ 20 տարի անց։

Նա վերականգնել է ՀԱԵ շատ արտասահմանեան թեմերը. 1960 թ.-ին ելոյթ է ունեցել հայրենադարձների առաջ, ամբիոնից արտասանել խորհրդային իրականութիւնում անհնար խօսքեր․ «Մենք պէտք է կառուցենք մեր Հայրենիքը, մեր Երեւանը, մեր Կարսը եւ Վանը, մեր Մուշն ու Բիթլիսը»։ ԽՍՀՄ-ում ոչ մի դաւանանք այդքան անկախ չէր, որքան Հայ Առաքելական Եկեղեցին Վազգէն Ա-ի օրօք։

Ամենայն հաւանականութեամբ, կաթողիկոսի ազատութեան եւ անկախութեան անհաւանական աստիճանն է պատճառ դարձել Պետական անվտանգութեան կոմիտէի հետ նրա սերտ կապերի մասին խօսակցութիւնների։ Այդ մասին լուրեր տարածել են հէնց նրանք, ովքեր իսկապէս մատնում էին ՊԱԿ-ին, ինչպէս մի անգամ մատնել են Էջմիածնում կատարւող անհասկանալի իրարանցման մասին։

Յայտնի ոսկերիչների՝ Էջմիածին կատարած այցելութիւնների մասին զեկուցել են հանրապետական ՊԱԿ նախագահին․ զեկոյցում ասւել է, որ, ամենայն հաւանականութեամբ, Մայր աթոռում զբաղւած են ոսկու եւ թանկարժէք քարերի մաքսանենգութեամբ։ Կոմիտէն սկսել է հետաքննել եւ ահա թէ ինչ է պարզւել։

Պատրիարքարանի սենեակներից մէկում սովորական վարագոյրների յետեւում դրւած են երկու գերմանական չհրկիզւող պահարաններ՝ պատրաստւած յատուկ պատւէրով։ Դրանց դռները դանդաղ բացւում են, եւ ապշած հայեացքի առջեւ հանում են Խաչը եւ Այբուբենը։ Բնականաբար, Հայոց այբուբենը։

Այդ ամւնը ձուլւած էր 23 կգ. բարձր յարգի ոսկուց, դրան գումարած մի քանի հարիւր ադամանդներ, հիմնականում՝ եկեղեցական համայնքի նւիրատւութիւնները։ Դրա համար էլ ոսկերչական գործի վարպետները, նկարիչները ամէն կիրակի գնացել են Էջմիածին, իսկ կաթողիկոսն անձամբ է հաստատել իւրաքանչիւր տառի էսքիզը։ Ասում են` ՊԱԿ-ը ամօթահար հազացել է եւ փակել «իրարանցման» մասին գործը։

Այդ տարիներին «խարիզմա» բառը դեռ չէր գործածւում, բայց Վազգէն կաթողիկոսը հէնց խարիզմատիզմի մարմնաւորումն էր։ Հաւանաբար, այդ պատճառով է նրբազգաց Բելլա Ախմադուլինան մեղքերի քաւութիւն խնդրել հէնց Վազգէն Ա-ից, եւ ոչ ռուսաց պատրիարքից կամ մահմեդական մուֆտիից։

Եւ գրող Ֆեոդոր Աբրամովը, որը ողբացել է աւանդական ռուսական գիւղի եւ գիւղական բարքերի կորուստը, աչք չի կտրել Վազգէն Ա-ից Էջմիածնում պատարագի ժամանակ՝ յետոյ խոստովանել, որ վերջապէս տեսել է իսկաական հոգեւոր առաջնորդի։

Մօտ քառորդ դար առանց 130-րդ կաթողիկոսի համար մենք շատ բան ենք հասցրել անել. երբեմն լաւ, աւելի յաճախ՝ ոչ այդքան։ Հնարաւոր է` Վազգէն Ա-ի աննկատ ստւերը, որը պաշտպանում եւ փրկում է մեզ, թոյլ չի տալիս անուղղելի արարք կատարել. չի կարող այնպէս լինել, որ նրա խօսքերը եւ գործերը մնան չլսւած եւ չգնահատւած։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։