Հա

Հասարակական

28/08/2019 - 08:00

«Մեր մոլորակի «թոքերն» այրւում են». Դի Կապրիոն 5 մլն. դոլար կը տրամադրի Ամազոնի անտառներում աղէտալի հրդեհները մարելու համար

Earth Alliance բնապահպանական խումբը, որի համահիմնադիրն է նաեւ հոլիվուդեան դերասան Լէոնարդօ Դի Կապրիոն, անցեալ շաբաթ յայտարարել է, որ 5 մլն. դոլար կը տրամադրի Ամազոնի անտառային հրդեհները մարելու համար:

«alikonline.ir» - Earth Alliance բնապահպանական խումբը, որի համահիմնադիրն է նաեւ հոլիվուդեան դերասան Լէոնարդօ Դի Կապրիոն, անցեալ շաբաթ յայտարարել է, որ 5 մլն. դոլար կը տրամադրի Ամազոնի անտառային հրդեհները մարելու համար: Ըստ Tert.am-ի՝ գրում է The Guardian-ը:

Դրամական ռեսուրսները կը տրամադրւեն «Երկիր մոլորակի «թոքերը» պաշտպանելու հիմնական միջոցների ձեռնարկման համար», հաղորդել է խումբը՝ կոչ անելով հանրութեանը նոյնպէս նւիրատւութիւններ կատարել:

«Այս միջոցներն անմիջապէս կուղղւեն մեր տեղացի գործընկերներին եւ տեղական համայնքներին, որոնք պաշտպանում են Ամազոնը, վայրի բնութեան անհաւատալի բազմազանութիւնը եւ ընդհանուր առմամբ Երկիր մոլորակի առողջութիւնը»,- ասւած է խմբի յայտարարութեան մէջ:

«Ամազոնի արեւադարձային անտառների ոչնչացմամբ ածխաթթու գազն արագօրէն արտանետւում է մթնոլորտ՝ ոչնչացնելով էկոհամակարգը, որն ամէն տարի միլիոնաւոր տոննա ածխաթթու գազ է կլանում եւ մոլորակը պաշտպանում կլիմայական ճգնաժամից»,- յայտնել է Earth Alliance խումբը եւ յաւելել, որ Ամազոնի բնիկ ժողովուրդների մշակութային գոյատեւման, ինքնորոշման եւ բարեկեցութեան համար պէտք է անյապաղ մարել հրդեհները:

Դերասանը դրամական աջակցութեան մասին յայտնել է Instagram-ում:

«Երկիր մոլորակի «թոքերն» այրւում են: Բրազիլիայի Ամազոնի անտառները՝ 1 մլն. բնիկ ժողովրդի եւ 3 միլիոն կենդանատեսակների եւ բուսատեսակների «տունը», ուղիղ երկու շաբաթ է՝ այրւում է»,- գրել է դերասանը:

Նշենք, որ բնապահպանական խումբը ստեղծւել է Դի Կապրիոյի եւ միլիարդատէրեր Լորեն Փաուէլ Ջոբսի եւ Բրայեան Շեթի կողմից:

Ամազոնի խոնաւ արեւադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, եւ այն կենսական նշանակութիւն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաեւ աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:

Հրդեհների թւի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը, նրանց խօսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։