Հա

Հասարակական

01/09/2019 - 10:00

«Մոնա Լիզան ժպտում է». ինչպէս է էջմիածնեցի 5-ամեայ հրաշամանուկը պատրաստւում Գինէսի ռեկորդին

Էջմիածնեցի տղայի նկատմամբ անհնար է անտարբեր մնալ։ Միքայէլ Յակոբեանը անկախ փոքր տարիքից հասցրել է յայտնի դառնալ։ Ով գիտի, գուցէ նա հէնց այն մարդն է, ով կը փոխի պատմութեան ընթացքը...

Գլուխ հանել նկարչական արւեստից, անգիր իմանալ Մենդելէեւի պարբերական աղիւսակը, գումարել եւ հանել 7-անիշ թւերը, ինչպէս նաեւ պատմել աշխարհի տարբեր անկիւններում գտնւող հրաշքների մասին. այս ամէնը 5-ամեայ Միքայէլ Յակոբեանի համար սովորական բան է։

«alikonline.ir» - Էջմիածնեցի տղայի նկատմամբ անհնար է անտարբեր մնալ։ Միքայէլ Յակոբեանը անկախ փոքր տարիքից հասցրել է յայտնի դառնալ։ Ով գիտի, գուցէ նա հէնց այն մարդն է, ով կը փոխի պատմութեան ընթացքը...

Գլուխ հանել նկարչական արւեստից, անգիր իմանալ Մենդելէեւի պարբերական աղիւսակը, գումարել եւ հանել 7-անիշ թւերը, ինչպէս նաեւ պատմել աշխարհի տարբեր անկիւններում գտնւող հրաշքների մասին. այս ամէնը 5-ամեայ Միքայէլ Յակոբեանի համար սովորական բան է։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:

Միքայէլն արդէն 8 ռեկորդ ունի սահմանած, որոնք ներառւել են Դիւցազունների ռեկորդների գրքում։ Առաջին ռեկորդը նա գրանցել է 4 տարեկանում։ Այսօր Միքայէլը պատրաստւում է այս փուլում իր համար ամենակարեւոր ռեկորդին, որպէսզի ներառւի Գինէսի գրքում։ 5 տարեկանը բոլորած տղան կարողանում է միաժամանակ 3 լեզուներով գրել երկու ձեռքով, գիտի բոլոր քիմիական տարրերը, դրանց գոյները եւ այն, թէ ինչից են դրանք բաղկացած։

Եթէ Լոնդոնում հաստատեն Միքայէլի ռեկորդը, ապա նա իր յաղթանակը կը նւիրի Արցախեան պատերազմի եւ քառօրեայի մասնակիցներին։

 

Ինչպէս սկսւեց այս ամէնը

Այն, որ Միքայէլը նման չէ բոլորին եւ անհաւանական խելքով է օժտւած, նրա մայրը` Քրիստինէ Յակոբեանը, հասկացել է, երբ տղան դեռ 6 ամսական էր։

«Միքայէլն աչքերով բացատրում էր ինձ, ինչ է ուզում կամ ինչն իրեն դուր չի գալիս։ Խօսել սկսեց ուշ` 2 տարեկան 8 ամսականում, բայց կարողանում էր առանձին բառեր ասել»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրոյցում պատմում է մայրը։

Նա յիշում է, որ այդ տարիքում տղայի մօտ արդէն հետաքրքրասիրութիւն էր նկատւում. նա գրքեր էր ուսումնասիրում, զբօսանքի ժամանակ անտարբեր չէր անցնում շէնքերի կամ յուշարձանների կողքով։ Նա իրեն եւ մայրիկին հասկանալի լեզւով բացատրում էր, որ ուզում է, որպէսզի մայրը նրա համար պատմի կամ կարդայ տեղեկութիւնը։

Միքայէլը ֆենոմենալ յիշողութիւնը ժառանգել է նախատատից եւ պապից։ 3 տարեկանում, մուլտֆիլմեր դիտելով, տղան սովորել էր աւտոմեքենաների առկայ բոլոր տարբերանշանները։

«Ես նրա մէջ նկատեցի այդ հակումը եւ որոշեցի շնորհն իզուր չվատնել»,- ասում է Քրիստինէն։

 

Սէր քիմիայի նկատմամբ

Երբ հարցնում ես Միքայէլին, թէ ինչ է ուզում դառնալ, առաջինն ասում է քիմիկոս։ Իրականում նա նաեւ ուզում է աստղագէտ, ֆիզիկոս, շախմատի աշխարհի եռակի չեմպիոն դառնալ եւ սա դեռ ամբողջ ցուցակը չէ։

Հասկանալի է մի բան` նրա սէրը քիմիայի նկատմամբ իրական է։ Ամէն ինչ սկսւեց քիմիայի մասին Ռոբերտ Սահակեանցի մուլտֆիլմը դիտելուց։ Միքայէլի մօտ այդ գիտութիւնն ուսումնասիրելու ցանկութիւն առաջացաւ։ Սկզբում մայրը երեխայի ցանկութեանը թերահաւատօրէն վերաբերւեց։ Սակայն որքան մեծ էր նրա զարմանքը, երբ տղան 20 օրւայ ընթացքում իւրացրեց Մենդելէեւի ամբողջ աղիւսակը։ Ընդ որում, սովորում էր խաղի ձեւով, օրական մէկ ժամ էր տրամադրում։

 

Ոչ միայն քիմիա...

Միքայէլը ուսումնասիրում է նաեւ աշխարհի քարտէզը, կարող է ժամերով պատմել նկարչական արւեստի ուղղութիւնների մասին, մէջբերում է դասականներին։ Գիտի Արցախեան պատերազմի եւ Քառօրեայի բոլոր հերոսներին, աշխարհի զարմանահրաշ վայրերը։

Նա նաեւ կարդում եւ թարգմանում է անգլերէն եւ ռուսերէն լեզուներից, բազմապատկում, գումարում եւ հանում է բազմանիշ թւեր։ Գիտի աշխարհի ամենամեծ գետի երկարութիւնը, ամենաբարձր լեռների բարձրութիւնը։

Տղան 3 տարեկան 8 ամսականից շախմատի է յաճախում։

«Միքայէլը ստիպւած խաղում է մեծերի հետ, քանի որ շախմատ խաղացող հասակակիցներ չունի»,- խոստովանում է Քրիստինէն։

Միեւնոյն ժամանակ, Միքայէլն իր բանաձեւն է մշակել, թէ ինչպէս յիշել այդ ամէնն ու նոր բան սովորել։ Տղան համոզւած է նաեւ, որ արւեստաբաններից շատերը սխալւում են`կարծելով, թէ Լէոնարդօ դա Վինչիի յայտնի Մոնա Լիզան տխուր է։

«Նա, իհարկէ, ժպտում է, պարզապէս պէտք է ուշադիր նայել»,- ասում է Միքայէլը` ժպտալով։

 

Իսկ դպրո՞ցը

Միքայէլը յաջորդ տարի պէտք է առաջին դասարան գնայ։ Դպրոցի հարցն ամենադժւարն է նրա մայրիկի համար։ Տղան իր գիտելիքներով կարող է միանգամից 5-րդ դասարան գնալ, սակայն մայրը մտահոգւում է, որ դա կարող է վատ անդրադառնալ երեխայի վրայ։

«Վախենում եմ, որ նա կը փակւի իր մէջ, այդ պատճառով, աւելի լաւ է, եթէ դպրոցում իր ուսուցումն այդ աստիճան թռիչքաձեւ չլինի»,- ասաց Քրիստինէն։

Դէ իսկ աւելի մանրամասն ընտանիքն այդ մասին կը մտածի մէկ տարի յետոյ, երբ գայ դպրոց գնալու ժամանակը։ Կրթութեան նախարարութիւնում խոստացել են յանձնաժողով ստեղծել, որը տղայի գիտելիքները գնահատելուց յետոյ, կը հասկանայ` ինչ անել։ Ինչ վերաբերում է ազատ ժամանակին, Միքայէլն այն անցկանցում է ֆուտբոլ կամ բասկետբոլ խաղալով։ Շատ է սիրում դառը շոկոլադ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։