Հա

Հասարակական

03/09/2019 - 09:30

«Աւրորա»-ի դափնեկիր եւ նախագահ Թոմ Քաթինան ելոյթ կունենայ 2019 թ. Առողջապահութեան համաշխարհային գագաթնաժողովին

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան նախագահ, 2017 թ. «Աւրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան իբրեւ բանախօս կը մասնակցի 2019 թ. Առողջապահութեան համաշխարհային գագաթնաժողովին: Գագաթնաժողովը տեղի կունենայ 2019 թ. հոկտեմբերի 27-29-ը Գերմանիայում՝ Բեռլինում: Բժիշկ Քաթինան կը միանայ ամբողջ աշխարհից այնտեղ հաւաքւած առողջապահութեան ոլորտի առաջատար փորձագէտներին եւ որոշում կայացնողներին, որոնք քննարկելու են, թէ ինչպէս զարգացնել համաշխարհային առողջապահութեան օրակարգը, խթանել գիտական մտքի առաջնորդումը։

«alikonline.ir» - «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան նախագահ, 2017 թ. «Աւրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան իբրեւ բանախօս կը մասնակցի 2019 թ. Առողջապահութեան համաշխարհային գագաթնաժողովին: Գագաթնաժողովը տեղի կունենայ 2019 թ. հոկտեմբերի 27-29-ը Գերմանիայում՝ Բեռլինում: Բժիշկ Քաթինան կը միանայ ամբողջ աշխարհից այնտեղ հաւաքւած առողջապահութեան ոլորտի առաջատար փորձագէտներին եւ որոշում կայացնողներին, որոնք քննարկելու են, թէ ինչպէս զարգացնել համաշխարհային առողջապահութեան օրակարգը, խթանել գիտական մտքի առաջնորդումը։ Այս մասին Yerkir.am-ին յայտնում են «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան հանրային կապերի բաժնից։

Ամերիկացի բժիշկ Քաթինան «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան առաջին նախագահն է, որը նախաձեռնութեանը միացաւ 2018 թ. դեկտեմբերին: Նա նաեւ Սուդանի «Գթութեան մայր» հիւանդանոցի հիմնադիրն ու տնօրէնն է. վերջին տասնամեակում նա եղել է մշտական ներկայութիւն ունեցող միակ վիրաբոյժն այդ հիւանդանոցում: Հիւանդանոցը գտնւում է պատերազմից տուժած Նուբայի լեռնային շրջանում:

«Որպէս «Աւրորա»-ի մարդասիրական համայնքի մի մասնիկը՝ ինձ համար մեծ պատիւ է մասնակցել Առողջապահութեան համաշխարհային գագաթնաժողովին եւ խօսել այնպիսի թեմաների մասին, որոնք այնքան մօտ են մեր սրտին եւ էական «Աւրորա»-ի առաքելութեան տեսանկիւնից: Առողջապահութեան համաշխարհային գագաթնաժողովը միաւորում է մարդկանց, որոնք ձգտում են արդիւնաւէտ լուծումներ գտնել եւ վերացնել խոչընդոտները, որպէսզի ոչ մի տղամարդ, կին կամ երեխայ անտեսւած չմնայ»,- ասաց բժիշկ Քաթինան: «Նուբայում ես սեփական աչքերով եմ տեսել այս փիլիսոփայութեան զօրութիւնը»:

Բժիշկ Քաթինան ելոյթ կունենայ հիմնական նիստի ընթացքում, որի խորագիրն է «Վերափոխելով մարդկային կապիտալը՝ ներդնելով առողջապահութեան եւ կրթութեան ոլորտներում»: Ելոյթ կունենան նաեւ KPMG-ի, Համաշխարհային բանկի եւ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերութիւնների միջազգային ֆեդերացիայի (IFRC) ներկայացուցիչները: Բժիշկ Քաթինան կը միանայ նաեւ Գերմանիայի առողջապահութեան նախկին նախարար Հերման Գրեոհէին եւ «Սիմենս առողջապահութեան» գլխաւոր տնօրէն Բերնդ Մոնթագին՝ մասնակցելու «Ջարդելով պատնեշները. Բարելաւելով համաշխարհային առողջապահութիւնը միասնական գործունէութեան միջոցով» խորագրով յարակից միջոցառմանը:

Ներգրաւելով 100 երկրներից 2,500 բարձրաստիճան մասնակիցների՝ Առողջապահութեան համաշխարհային գագաթնաժողովը դարձել է ամենամեայ նշանաւոր ֆորումներից մէկը քաղաքական, գիտական, քաղաքացիական հասարակութեան եւ առողջապահութեան ոլորտների ներկայացուցիչների համար, որոնք համաշխարհային կարծիք են ձեւաւորում՝ քննարկելով համաշխարհային առողջապահութիւնը բարելաւելու միասնական հնարաւորութիւններն ու պատասխանատւութիւնը:

Բժիշկ Քաթինայի մասնակցութիւնը Առողջապահութեան համաշխարհային գագաթնաժողովին Եւրոպան, Հիւսիսային Ամերիկան եւ Աֆրիկան ընդգրկող խօսակցութիւնների ծաւալման նրա ընդարձակ օրակարգի մի մասն է: Եւրոպայում բժիշկ Քաթինան կը մասնակցի առաջին «Աւրորա» ֆորումին եւ 2019 թ. «Աւրորա» մրցանակի շնորհման արարողութեանը, որոնք տեղի կունենան Երեւանում հոկտեմբերին: Նոյեմբերին ի թիւս այլ միջոցառումների նա կը մասնակցի Փարիզի Խաղաղութեան ֆորումին:

Աֆրիկայում նախատեսւած ելոյթների շարքում է նաեւ բժիշկ Քաթինայի ելոյթը ԷյդԷքս Նայրոբի համաժողովին (AidEx Nairobi Conference)։ Բարձր մակարդակի այդ միջոցառման գլխաւոր թեման օգնութիւնն ու զարգացումն է Աֆրիկայի տարածքում: Նա կը մասնակցի նաեւ «Խաղաղութեան Տուն» (Maison Shalom) խնամքի տան 25-րդ տարեդարձին, որի հիմնադիրն է 2016 թ. «Աւրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցէն, եւ որն աշխատում է որբերի ու բռնութեան զոհերի հետ:

ԱՄՆ-ում բժիշկ Քաթինան դասախօսութիւն կը կարդայ Կոլումբիայի եւ Դիւքի համալսարաններում ժեւ Թենեսիի Նեշւիլ քաղաքում կը մասնակցի Կաթոլիկ բժշկական ասոցիացիայի տարեկան համաժողովին:

 

* * *

 

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան մասին

 

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն ստեղծվել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրողների անունից՝ ի երախտագիտութիւն իրենց փրկողների: Այն ձգտում է հնարաւորութիւն տալու մերօրեայ հերոսներին՝ կեանք եւ յոյս պարգեւելու նրանց, ովքեր մարդասիրական աջակցութեան խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, եւ այդպիսով շարունակելու մարդասիրութեան շղթան աշխարհով մէկ: «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը գործով արտայայտւած երախտագիտութիւն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023 թթ.՝ ի յիշատակ ութ տարի՝ 1915-1923 թթ. տեւած Հայոց Ցեղասպանութեան) աջակցելու մարդկանց, ովքեր, վտանգելով իրենց կեանքը, կը նպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կը բարելաւեն առաւել կարիքաւոր եւ աղքատ մարդկանց կեանքը: Այդ նպատակն իրագործւում է նախաձեռնութեան տարբեր ծրագրերի՝ «Աւրորա» մրցանակի, Aurora Dialogues քննարկումների շարքի, «Աւրորա» մարդասիրութեան ցուցիչի, Երախտագիտութեան նախագծերի եւ 100 LIVES նախաձեռնութեան օգնութեամբ: «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը Վարդան Գրեգորեանի, Նուբար Աֆէեանի եւ Ռուբէն Վարդանեանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդէն միացել են աւելի քան 440 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնութեան նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, յենւելով վիրաբոյժի, վետերանի, մարդասիրական գործունէութեան եւ 2017 թ. «Աւրորա» մրցանակակրի իր փորձառութիւնների վրայ, սփռելու է «Աւրորա»-ի «Երախտագիտութիւնն` ի գործ» ուղերձն աշխարհով մէկ։ Նախաձեռնութիւնը ողջունում է բոլոր նրանց, ովքեր ստանձնում են համընդհանուր մարդկայնութեան շուրջ միաւորւելու պարտաւորութիւնը:

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը ներկայացւած է երեք կազմակերպութիւնների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նիւ Եօրք, ԱՄՆ), 100 LIVES հիմնադրամ (Ժնեւ, Շւէյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

www.auroraprize.com

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։