Հա

Հասարակական

14/09/2019 - 08:00

Հազարաւոր հայ որբերի փրկած Սառա Քորնինգի արձանը Կանադայում

Սեպտեմբերի 14-ին Կանադայի Նոր Շոտլանդիայի Եարմութ քաղաքում կը կանգնեցւի Ցեղասպանութիւնից հազարաւոր հայ երեխաների փրկած Սառա Քորնինգի արձանը։ Շաբաթավերջին Եարմութում կանցկացւեն նաեւ Քորնինգի սխրանքներին նւիրւած մի շարք այլ միջոցառումներ։

«alikonline.ir» - Սեպտեմբերի 14-ին Կանադայի Նոր Շոտլանդիայի Եարմութ քաղաքում կը կանգնեցւի Ցեղասպանութիւնից հազարաւոր հայ երեխաների փրկած Սառա Քորնինգի արձանը։ Շաբաթավերջին Եարմութում կանցկացւեն նաեւ Քորնինգի սխրանքներին նւիրւած մի շարք այլ միջոցառումներ։ Գրում է Panorama.am-ը:

1872 թւականին Կանադայի Նոր Շոտլանդիայի նահանգի Չեգոգգին գիւղում ծնւած Սառա Քորնինգն իր կեանքի առաքելութիւնն էր դարձրել ուրիշներին օգնելը:  Իր կեանքի 20-ականների կէսերին նա տեղափոխւել էր ԱՄՆ ու աշխատել Նոր Անգլիայում մօտ 20 տարի՝ մինչ Նոր Շոտլանդիա վերադառնալը՝ Հալիֆաքսի պայթիւնի 10 հազար զոհերին օգնելու։

1918 թ.-ին, 46 տարեկան հասակում, Սառան հաւաստագրւեց Ամերիկեան Կարմիր Խաչի կողմից եւ միացաւ Մերձաւոր Արեւելքի օգնութեան մի կազմակերպութեանը, որը ստեղծւել է Մեծ պատերազմի հետեւանքով տուժած քաղաքացիական անձանց օգնելու համար: Դրանից անմիջապէս յետոյ Կոստանդնուպոլսում (Ստամբուլ) վայրէջք կատարելով՝ նա օգնեց փրկել եւ խնամել հազարաւոր հայ եւ յոյն որբերի՝ յաճախ վտանգելով իր կեանքը, ու այդպէս աւելի քան մէկ տասնամեակ:

2016 թ.-ին, իր կեանքը ցեղասպանութիւնից փրկւածներին օգնելուն նւիրելու  հերոսական որոշումից գրեթէ մէկ դար անց, Նոր Շոտլանդիայից Դէյւիդ եւ Ջեննիֆէր Չոունները հիմնադրել են «Սառա Քորնինգ» կազմակերպութիւնը, որը մեծարում է դայեակի կեանքն ու նրա մարդասիրական աշխատանքը:

Armenian Weekly-ի հետ հարցազրոյցում Ջեննիֆէր Չոունն ասել է, որ ծանօթանալով Կարմիր Խաչում Սառայի կամաւորական աշխատանքին Հայաստանում, նախկին Օսմանեան կայսրութիւնում ու Յունաստանում, հասկացել են, թէ որքան նշանակալի է նրա ծառայութիւնը եւ որոշել են հիմնել Սառա Քորնինգի անւան կազմակերպութիւնը։

Կանադայի Եարմուտի քաղաքապետի հետ հանդիպմանն առաջարկւել է նրա անւամբ փողոց անւանակոչել։ Այլ շահագրգիռ անձանց հետ հանդիպմանը համաձայնել են, որ Սառան արժանի է յուշարձանի այնքան, որքան միւս պատերազմի հերոսները։

Նախաձեռնութեան հեղինակները նշում են, որ սա կօգնի նաեւ բացայայտել անյայտ պատմական կապերը, որ եղել են Հայաստանի ու Կանադայի միջեւ՝ յոյս յայտնելով, որ Հայաստանում շուտով կը բացւի Կանադայի դեսպանութիւն։

Սառա Քորնինգի արձանի հեղինակը Մոնրէալից Կարէն Բեդրոսեանն է, որն իր սիրտն ու հոգին է դրել այդ արձանի ստեղծման մէջ։

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։