Հա

Հասարակական

19/09/2019 - 08:20

Մարդիկ աւելի արագ են ծերանում աղքատութեան պատճառով

Եթէ մարդու կեանքը չորս տարի անցել է աղքատութեան մէջ, ապա մտաւոր առումով եւ ֆիզիկապէս նա աւելի շուտ կը ծերանայ նրանց համեմատ, ում բախտը փողի հետ կապւած՝ աւելի է բերել։

«alikonline.ir» - Եթէ մարդու կեանքը չորս տարի անցել է աղքատութեան մէջ, ապա մտաւոր առումով եւ ֆիզիկապէս նա աւելի շուտ կը ծերանայ նրանց համեմատ, ում բախտը փողի հետ կապւած՝ աւելի է բերել։ Գրում է News.am-ը:

Մեզանից ոմանք աւելի շուտ են ծերանում, ոմանք՝ աւելի դանդաղ, եւ դա կախւած է ոչ միայն գէներից, այլեւ միջավայրի պայմաններից, այսինքն՝ այն բանից, թէ ինչպէս է մարդն ապրել։ Դէ, իսկ այն, թէ ինչպէս ենք մենք ապրում, հիմնականում կախւած է այն բանից, թէ ինչքան փող ունենք մենք։ Կոպենհագէնի համալսարանի աշխատակիցները European Journal of Ageing-ի իրենց յօդւածում գրում են, որ աղքատութիւնն արագացնում է ծերանալը։ Հետազօտութեանը մասնակցել է միջին տարիքի 550 մարդ։ Ստուգւել է նրանց ֆիզիկական եւ մտաւոր վիճակը։ Ստուգել են, թէ որքան ուժեղ են նրանք սեղմում բռունցքը կամ որքան կարող են նստել աթոռին ու վեր կենալ 30 վայրկեանում, կամ՝ որքան բարձր կարող են նրանք թռչել. «իմացականն» ստուգող թեստում, օրինակ, պէտք էր յիշել լուսանկարների հերթականութիւնը։ Գնահատել են նաեւ հետազօտութեան մասնակիցների բորբոքային ֆոնը։ (Իմունային համակարգի բորբոքային ռեակցիան կարող է վկայել ոչ միայն ինչ-որ կոնկրետ վարակի, այլ նաեւ այն մասին, որ օրգանիզմն ինքնին իրեն լաւ չի զգում. յայտնի է, որ ընդհանուր բորբոքումն ուժեղանում է ծերանալիս)։

Աշխատանքի հեղինակները կենսաբանական տարիքի տարբերութիւնները համեմատել են սոցիալ-տնտեսական պայմանների հետ, որոնցում հետազօտութեան մասնակիցներն ապրել են վերջին 22 տարում (բնականաբար, մէկը միւսի հետ համեմատել են այնպէս, որպէսզի չխանգարեն այլ գործօններ, ինչպիսին են վնասակար սովորութիւնները, ժառանգական հիւանդութիւնները եւ այլն)։ Նրանք, ում կեանքը առնւազն 4 տարի աղքատութեան մէջ է ընթացել, թեստերն աւելի վատ են կատարել. նրանք երկու անգամ քիչ են կարողացել կէս րոպէում նստել ու վեր կենալ աթոռից, նրանց ուժն աւելի թոյլ է եղել, եւ նրանց դանդաղ ընթացող բորբոքումն աւելի ուժեղ է եղել։ Ընդ որում՝ այդ չորս տարիները պարտադիր չէ, որ իրար յաջորդեն. մարդը կարող էր աղքատութեան մի քանի շրջան ունենալ, որոնք կարող են ընդմիջւել բարեկեցիկ տարիներով, բայց միեւնոյն է՝ ամփոփ աղքատութիւնը ստիպել է օրգանիզմին աւելի արագ ծերանալ, տեղեկացնում է «Նաուկա ի ժիզն»-ը։

Յիշեցնենք, որ հետազօտութեան հեղինակներն ուսումնասիրել են միջին տարիքի մարդկանց, որոնք կարիքի մէջ են ապրել արդէն մեծահասակ լինելով։ Գուցէ պատանութեան տարիներին աղքատութիւնն աւելի հեշտ է տանել, թէեւ առանց լրացուցիչ հետազօտութիւնների դժւար է այս հարցում ինչ-որ բան պնդել։ Միւս կողմից՝ մենք գիտենք, որ մանկական ուղեղն աւելի լաւ է աղքատութեամբ չփորձել. մի կողմից՝ ծնողների եկամուտների ցածր մակարդակը եւ կրթութեան բացակայութիւնը վատ են անդրադառնում երեխաների ուղեղի զարգացման վրայ, միւս կողմից՝ կեանքի վատ պայմանները մանուկ հասակում կարող են նպաստել դեպրեսիայի առաջացմանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։