Հա

Հասարակական

07/10/2019 - 08:20

Հայաստանի մասին եգիպտացի լրագրողի յօդւածը լայն տարածում է գտել տեղի մամուլում

Եգիպտացի մի խումբ լրագրողներ, որոնք Հայաստան են այցելել սեպտեմբերի 17-24-ը, իրենց տպաւորութիւնները արտայայտել են տասնեակ յօդւածներով, որոնք լոյս են տեսնում եգիպտական առաջատար մամուլի էջերում։

«alikonline.ir» - Եգիպտացի մի խումբ լրագրողներ, որոնք Հայաստան են այցելել սեպտեմբերի 17-24-ը, իրենց տպաւորութիւնները արտայայտել են տասնեակ յօդւածներով, որոնք լոյս են տեսնում եգիպտական առաջատար մամուլի էջերում։ Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հայ Դատի Եգիպտոսի յանձնախմբից։

Ըստ աղբիւրի՝ հանրածանօթ լրագրող եւ գրող Սայիդ Մահմուդի «Անուշի արցունքները Երեւանում» վերտառութեամբ յօդւածը լայն տարածում է գտել եգիպտական լրատւամիջոցների եւ կայքերի էջերում։

Ներկայացնում ենք յօդւածի՝ Հայ Դատի Եգիպտոսի յանձնախմբի տրամադրած թարգմանութիւնը։

«Կեանքումս չեմ տեսել հայերի պէս մէկ ուրիշ ազգ, որ իր քաղաքակրթական յիշողութեան մէջ այդքան վստահ լինի։ Մայրաքաղաք Երեւանում հանդիպածս ցանկացած քաղաքացի կենդանի մարմնացումն է «պատմութիւն, որ կրում եմ ուսերիս» արտայայտութեան, ինչպէս իր յայտնի մեմուարները վերնագրել է ամերիկեան սոցիոլոգ Ուիսը։ Բոլոր պատմութիւնները, որ լսեցի այստեղ, ինձ տեղափոխեցին անցեալ այն պատկերներով, որոնք մարդիկ վերականգնում են իրենց առօրեայ կեանքում, ասես թէ ընտրել են, որ պատմութիւնը պիտի կենդանի մնայ, եւ նրանք գիտակցաբար որոշել են դէմ գնալ պատմական կաղապարւած պատումներին։ Սփիւռքում ունեցած փորձը նրանց բոլորին դարձրեց տառապանքի յիշողութեան զոհ, սակայն նրանք դրա գերին չդարձան։

Անկախութիւնից մօտաւորապէս 30 տարի յետոյ հայերը յստակ քայլերով ընթանում են դէպի ապագայ: Նրանց դուր է գալիս, երբ իրենց ասում են՝ «դուք խոստումնալից ազգ էք»։ Միեւնոյն ժամանակ նրանք աւելի շատ կուրախանան, եթէ ասես՝ «դուք հին ազգ էք»։ Հայ երիտասարդները չեն դադարում իրենց պատմութիւնը սովորել, իսկ ինչ վերաբերում է Սփիւռքում ապրող մեծահասակներին, ապա նրանք չեն կտրում իրենց կապը մայր հայրենիքի հետ։ Նրանք նպատակ ունեն յետ բերել եւ վերահաստատել անցեալը, որովհետեւ այն պայքարը, որ իրենք են վերապրել, եղել է լոկ յիշողութեամբ։

Երեւանում անցորդը չի կարող չնկատել մարդկանց հիացմունքը գրականութեան, երաժշտութեան, երգերի եւ լեզւի հանդէպ, որոնք նրանք դիտարկում են որպէս գոյութիւն կամ ջիղ, որի կարիքը ունի իր արմատներով պատմութեան խորքերը գնացող ազգը։ Կառավարութիւնը շատ տարիներ ի վեր իրականացնում է մի ծրագիր, որը նման է «Այստեղ ապրել է» ծրագրին, որը ձեռնարկեց մեր մշակոյթի նախարարութիւնը, եւ քաղաքում տարածւեցին հարիւրաւոր յուշատախտակներ՝ տների պատերին ամրացւած, եւ մէջտեղում Հայաստանի պատմութեան մէջ մեծ դերակատարում ունեցած գործիչների փորագրւած դէմքերը՝ սկսած ազգային երաժշտութեան հաւաքագրողից, այբուբենը ստեղծողից, ֆիլմերի հերոսներից մինչեւ անկախութեան առաջնորդները։ Եւ այս բոլորն իրենց ներդրումն են ունեցել այս ազգի հոգեւոր պատմութեան կերտման գործում։ Սա մէկ այլ դաս է, որ պէտք է սովորենք հայերից, ինչպէս որ պէտք է նրանցից սովորենք յիշողութիւնը պահպանելու ձգտում ունենալ։

Ցանկացած զբօսաշրջային ծրագրի առաջին քայլը սկսւում է Մատենադարան այցից, եւ այն, բացի իր գիտական նշանակութիւնից, նաեւ դարձել է զբօսաշրջիկների համար պարտադիր այցելութեան վայր։ Մատենադարանը մշտապէս լեցուն է մարդկանցով, ովքեր չեն դադարում յիշարժան լուսանկարներ անել, եւ դրանով հայերն իրագործում են իրենց նպատակը՝ հաստատելու պատմական Հայաստանի իրական գոյութիւնը։ 

Ամենակարեւոր առաքելութիւնը Երեւան այցելութեան ժամանակ Ցեղասպանութեան թանգարան գնալն է, որը ճարտարապետական իր եզակի ձեւով մարմնաւորում է ցեղասպանութեան փորձը, որին հայերը ենթարկւեցին Օսմանեան կայսրութեան իշխանութեան օրօք 1915 թ., եւ որը հայերի ժամանակակից պատմութեան կենտրոնական եւ ամենաառանցքային դէպքն է։ Այս փորձը մեզ յիշեցնում է մեր թերացումը մեր գերիների հարցում, ովքեր Իսրայէլի կողմից սպանւեցին զանգւածային գերեզմանոցներում կամ այն, թէ ինչպէս վարւեցին Բահր ալ-Բակար դպրոցի երեխաների հետ։ Եւ չնայած Հոկտեմբերեան յաղթանակի յաւէրժացման համար կէս դարում վատնւած հարիւրաւոր միլիոններին՝ մենք չենք մտածում՝ ինչպէս շահել ցաւից ու դրա յիշողութիւնից, իսկ պատմութեան մէջ մոռացութեան համար տեղ չկայ։

Սա մէկն է Հայաստան այցելութեան ընթացքում մեր քաղած դասերից, որը դրսեւորւեց մեզ ուղեկցող թարգմանչուհի Անուշի արցունքներում։ Վերջինս չկարողացաւ շարունակել պտոյտը Ցեղասպանութեան թանգարանում եւ ասաց, որ ամէն անգամ, երբ այնտեղ է լինում, չի կարողանում մոռանալ իր պապերի մասունքները։ Անուշը արաբերէն է սովորել, սիրել այն եւ աշխատում է նրանով։ Երազում է երկու տարով գնալ Դուբայ, որպէսզի իր միակ աղջկայ ուսման ծախսերի գումարը վաստակի։ Նա լսում է Քարիիւքայի (եգիպտական ռոք խումբ) եւ Ալ-Շէյխ Իմամի երգերը եւ ամէն անգամ, երբ եգիպտացիների հետ է հանդիպում, օգնութիւն է խնդրում՝ համոզելու իշխանութիւններին, որ ճանաչեն հայերի նկատմամբ իրագործւած Ցեղասպանութիւնը, եւ եգիպտական հետաքրքիր արտասանութեամբ ասում է. «Արածդ լաւ գործը վերջացրո՛ւ, Սիսի»՝ մատնանշելով նախագահի խօսքը, որով վերջինս հանդէս եկաւ անցած փետրւարին Միւնխէնի գագաթնաժողովում։ Դրանով Անուշն ակնարկում էր Եգիպտոսի դերը, որ Ցեղասպանութիւնից անմիջապէս յետոյ գրկաբաց ընդունեց հայերին, Ցեղասպանութիւն, որին զոհ գնաց մօտաւորապէս 1.5 միլիոն հայ, եւ որի յիշողութիւնները դեռ կենդանի են թանգարանում։ Անուշը ոչ թէ քաղաքական, այլ մարդասիրական ճանաչում է ուզում՝ հիմնւած մարդու իրաւունքների եւ միջազգային օրէնքների չափանիշների վրայ, առանց Թուրքիայի քաղաքական մեքենայութիւնների։ Նա ուզում է, որ սովորենք ամերիկացի երջանկայիշատակ փիլիսոփայ եւ արձակագիր Սիւզան Սոնթեգի խօսքերից՝ ուրիշի ցաւին ականջալուր լինելու մասին»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։