Հա

Մարզական

19/04/2012 - 10:48

altՍոյն թւականի մարտի 23-ի երեկոյեան Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում տեղի ունեցաւ մարտի 19-ից 23-ը կայացած Իրանահայ 24-րդ Գարնանային խաղերի փակման եւ մեդալաշնորհման հանդիսութիւնը, որտեղ հանդիսավարութեամբ Մանիա Ղուկասեանի նախ հրաւիրւեց եւ իր հայրական խօսքով ելոյթ ունեցաւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը:

Սրբազան Հայրը բարձր գնահատելով խաղերի կազմակերպումը՝ իր ուրախութիւնը յայտնեց, որ խաղերը ձօնւած են Շուշիի ազատագրման 20-ամեակին: Ողջունելով երկրի զանազան քաղաքների հայ մարզիկ-մարզուհիների ու բոլոր պատասխանատուների մասնակցութիւնը՝ նման մրցութային խաղերին, այն որակեց հպարտութեան եւ ուրախութեան առիթ եւ մասնակցութիւն՝ մեր ժողովրդի յաղթական երթին: Նա նաեւ իր ուրախութիւնը յայտնելով Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի ներկայութեան համար՝ ուժ ու կորով եւ բարի ու արդիւնաւէտ ծառայութիւն մաղթեց Հայր Սուրբին: Սրբազան Հայրը գնահատանքի խօսք ուղղեց նաեւ ժողովրդին, որն իր ներկայութեամբ քաջալերեց մարզիկ-մարզուհիներին եւ մասնակից դարձան այս յաղթանակի փառատօնին:
altԱյնուհետեւ մրցանակակիր մարզիկ-մարզուհիներին յանձնւեց նւաճած մեդալները, գաւաթներն ու գնահատագրերը՝ թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր, Հայր Չիֆթճեանի, միութեան արտօնատէր Թաթուլ Օհանեանի, ազգային իշխանութեան եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների, միութեան Կենտրոնական վարչութեան, Մարզական միաւորի ու Գործադիր յանձնախմբի անձ-նակազմի միջոցով, որից յետոյ Սկաուտական միաւորի Արենուշական եւ Երէցների հատւածների մասնակցութեամբ կատարւեց դրօշակի վար բերման արարողութիւնը, որին յաջորդեց խաղերի խորհրդանշական կրակի մարումը:
Գեղարւեստական բաժնում երգերով ելոյթ ունեցաւ Մարտիկ Յովհաննիսեանը՝ իր նւագախմբով, նաեւ ցուցադրւեց խաղերի ընթացքից պատրաստւած «Անցուդարձ» խմբի տեսանիւթը:
altՆշելի է, որ մինչ փակման հանդիսութիւնը, պաշտօնական հրաւիրեալների եւ ներկայ հոծ բազմութեան խրախուսանքների ներքոյ, տեղի ունեցաւ Թեհրանի Հ.Մ.Ա.Կ.-ի եւ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան տղայոց երէց բասկետբոլի մրցութիւնը, որը սեղմ մրցակցութեան արդիւնքում՝ յաղթեց Նոր Ջուղան:
Յիշեցնենք, որ մրցութիւնները տեղի ունեցան ֆուտբոլ, բասկետբոլ, պինգ-պոնգ եւ թեթեւատլետ մարզաճիւղերում, որտեղ պայքարի դաշտ իջան Թեհրանի, Թաւրիզի, Շահինշահրի եւ Սպահանի (Նոր Ջուղա) շուրջ 280 մարզիկ-մարզուհիներ: Խաղերի նախաձեռնողն էր միութեան Կենտրոնական վարչութիւնը, իսկ կազմակերպչական աշխատանքները կատարւեցին Գործադիր յանձնախմբի միջոցով:
Սոյն հնգօրեայ խաղերի ընթացքում իրենց անվերապահ համագործակցութիւնը բերեցին Մարզական, Երէցական, Մշակութային, Սկաուտական եւ Ուսանողական միաւորները, կարգապահական կազմը եւ անհատներ, որոնց կազմակերպիչների անունից յայտնում ենք խորին շնորհակալութիւններ: Նաեւ շնորհակալութիւններ՝ մասնակից մարզիկ-մարզուհիներին, մարզիչներին ու պատասխանատուներին, իրաւարար կազմին, մրցավարներին եւ միութիւնների ու կազմակերպութիւնների պատասխանատուներին, որոնց համագործակցութեան շնորհիւ՝ իր յաջող աւարտին հասաւ 24-րդ Գարնանային խաղերը: Արժէ նշել, որ գեղեցիկ երեւոյթ էր Իրանի բասկետբոլի ազգային հաւաքականի կազմից Թեհրանի եւ Նոր Ջուղայի հայ մարզիկների համեստ մասնակցութիւնը այս մրցութիւններին:

Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից Երանուշ Թահմազեան

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։