Հա

Մարզական

17/04/2012 - 10:30

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան նախաձեռնած 24-րդ Գարնանային խաղերի բացումը, ազգային մարմինների եւ ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ եւ շքեղ արարողութեամբ, նոյն միութեան նորակառոյց սրահում, տեղի ունեցաւ մարտի 19-ին՝ մասնակցութեամբ Իրանի հայաշատ քաղաքների մի շարք միութիւնների շուրջ 250 մարզիկների: Ըստ անցեալի գեղեցիկ սովորութեան՝ այս տարւայ Գարնանային խաղերը նւիրւած էին Շուշիի ազատագրման 20-ամեակին (Թղթակցութիւնը միութեան թղթակցի կողմից ժամանակին առաքւել է մամուլին):

Սրանից 24 տարի առաջ էր, որ հիմք դրւեց համահայկական բնոյթ կրող այս Գարնանային խաղերին, մինչդեռ Նոր Ջուղայում Գարնանային խաղերը իրենց տեղական բնոյթով շատ աւելի վաղուց են տեղի ունեցել՝ Նորաշէն կոչւած ազգապատկան այգում՝ զանազան ազգային մարմինների եւ միութիւնների նախաձեռնութեամբ (Դժբախտաբար, ձեռքիս տակ չունեմ որեւէ փաստաթուղթ՝ նշեալ խաղերի ճշգրիտ սկսման թւականի մասին, սակայն, ըստ ինձ մօտ եղած արձանագրութեան, վերջին Գարնանային խաղերը Նորաշէնում տեղի են ունեցել 1952 թւականին՝ ժամանակի մարզադաշտի վարչութեան նախաձեռնութեամբ):
Նորաշէն կամ Սերկեւիլի այգի կոչւած վանքապատկան շուրջ 30.000 քառ. մետր տարածութեամբ այս ծառախիտ զովասուն այգին իր մի քանի հորատւած եւ իրար միացւած ջրառատ ջրհորով ու ջրհան մեքենայով1), որը երկար տարիներ եղել էր ջուղայեցիների զբօսայգին, գտնւում էր Զայանդէռուդ գետի եզերքին, արեւելքից արեւմուտք ձգւած երկարութեամբ. այգում նոյն երկարութեամբ եւս քաշւած էր երկու ճեմուղի՝ հարաւայինը՝ մօտ երկու մ. (ջրհան մեքենայի տնակը գտնւում էր այս ճեմուղու վրայ), իսկ հիւսիսայինը՝ շուրջ վեց մ. լայնքով: Այգու կենտրոնի հիւսիսային մասում կառուցւած էր զբօսայգուն վայել մի ներկայանալի եւ հանգստանալու համար յարմար ու գեղեցիկ շէնք, առջեւում մի հրապարակ, որից դէպի հարաւ քաշւող մի այլ ճեմուղիով միանում էին երկու ճեմուղիները: Խաղերը տեղի էին ունենում հրապարակում եւ վեցմետրանոց ճեմուղիում, որը հատում էր նշւած հրապարակը:
Մրցումները կատարւում էին սահմանափակ հնարաւորութեամբ՝ վազք, արգելավազք, հեռացատկ, բարձրացատկ եւ ձողացատկ մարզաձեւերում, ինչպէս նաեւ տեղի էին ունենում զաւեշտական խաղեր, ինչպէս օրինակ՝ ջւալավազք, գդալով հաւկթավազք, մէկ մետր բարձրութեան վրայ տեղադրւած հորիզոնական ձողի վրայ նստած բարձով միմեանց հարւածել, երկու խմբերի միջեւ պարան քաշել եւ այլն, որոնք բոլորն էլ մեծ հաճոյք ու խանդավառութիւն էին ստեղծում դիտողների մօտ:
Սպահանի ընդարձակումով՝ Նորաշէնն ընկաւ հարաւից հիւսիս եւ արեւելքից արեւմուտք քաշւած մի քանի պողոտաների հատման կէտում եւ բաժան-բաժան լինելով՝ այլեւս դադարեց թէ՛ ժողովրդի զբօսայգի, եւ թէ՛ Գարնանային խաղերի մրցադաշտ լինելուց:
1955-6 թւականներին ժամանակի Համայնական խորհրդի որոշումով մարզադաշտը, որ գտնւում էր վանքի պողոտայում, Համբարձում Գոզանգամեանից վարձւած շուրջ 1400 քառ. մետր հողատարածքի վրայ, տեղափոխւեց ներկայի «Արարատ» միութեան կենտրոնատեղի, որն այն ժամանակ բաց տարածք էր՝ իր այգամիջի մէկ խղճուկ ցեխապատ սենեակով՝ «Ն. Ջ. Հայոց մարզական ակումբ» վերանւամբ, որտեղ դարձեալ տեղական բնոյթով 1960 թւականից Գարնանային խաղերը ոչ-կանոնաւոր կերպով շարունակւեց մինչեւ 1972 թ.2), երբ Նոր Ջուղայի մանկապարտէզը տեղափոխւեց նոյն կենտրոնի արեւելեան մասը (ֆուտբոլի դաշտ)՝ մանկապարտէզի համար կառուցւած նոր շէնքում եւ մարզական ակումբը, «Երիտասարդական կենտրոն» անւան տակ, տեղափոխւեց Կուսանաց մենաստանի շէնքը (Այն ժամանակ Սպահանի հայոց թեմի առաջնորդն էր Գարեգին Սրբազանը, հետագայում Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոս), ապա 1978 թւականին տեղափոխւելով իր ներկայ վայրը՝ «Ն. Ջ. Մ. Մ. «Արարատ» միութեան», անւան տակ վերսկսեց իր աշխատանքները եւ հիմքը դրեց համահայկական այս նոր Գարնանային խաղերի:

Նոր Ջուղա
25.4.2012 թ.

____________________________________

1)- Ըստ Նոր Ջուղայի պատմիչ Յարութիւն Տէր-Յովհանեանցի՝ 1881 թւական- «Այգու մէջ կայ մէկ չարխով, որը ջրահան փայտեայ անիւ է, որից մի ուղտի շրջապտոյտ գնալով երկու չափ աւելի ջուր է հանւում, քան՝ մի եզան»: Հին ժամանակներում ուղտով ջուր հանելուն շատերը համոզւած էին եւ փոքր տարիքում մեզ էլ հաւատացրել էին, որ Նորաշէնի ջրհորում եօթն ուղտեր ջրախեղդ են եղել:
2)- Գարնանային խաղերից մէկում (հաւանօրէն 1964 թւականին) հանրայայտ բռնցքամարտիկ Բէյբի Յարութիւնը, մի խումբ Աբադանի հայ երիտասարդների գլուխ անցած, Նոռուզի արձակուրդներին Ջուղա էր ժամանել եւ մարզիկների հետ ամէն օր ներկայ էր գտնւում խաղերին: Ի պատիւ իրեն՝ պարան քաշելու իրաւարարութիւնը, որի մի կողմում ակումբի մարզիկներն էին եւ միւս կողմում դուրսի ոչ-անդամ տղամարդիկ, յանձնեցին նրան: Նա էլ նախ խաղի կանոնները բացատրելուց, ապա քաշողներին ճիշտ կերպով կանգնեցնելուց յետոյ, ինքը պարանից կախւած թաշկինակի երկու կողմը բռնած՝ ասաց. «Պատրաստ» եւ մի պահ անց հրամայեց. «Քաշէք»: Հրամանի վրայ պարանը քաշելուն պէս՝ պարանը մէջտեղից կտրւեց եւ երկու կողմի քաշողները միմեանց վրայ թափւելով՝ գետին տապալւեցին: Կազմակերպողների համար ցաւալի, իսկ ներկաների համար մի ծիծաղելի տեսարան ստեղծւեց: Բէյբին էլ կտրւած պարանը ձեռքին՝ շւարած եւ ժպտուն դէս դէն էր նայում: 1968 թւականին «Ալիք» օրաթերթի ժամանակի խմբագիր դոկտ. Բաղդիկ Մինասեանը, որ Նոռուզի օրերում ընտանիքով Ջուղայում էր գտնւում, մէկ օր, ըստ հրաւէրի, ներկայ գտնւեց Գարնանային խաղերին եւ իր ողջոյնի ու գնահատանքի խօսքը փոխանցեց ջուղայեցիներին՝ այս աւանդական սովորոյթը պահելու եւ նման խաղեր կազմակերպելու համար:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։