Հա

Մարզական

15/10/2018 - 12:00

«Հիւանդի» վիճակը՝ ծայրայեղ ծանր. փրկելու յոյս դեռեւս կայ

2018 թւական. հոկտեմբերի 13. այս օրը հայկական ֆուտբոլի պատմութեան մէջ դեռ շատ կը յիշւի: Հայաստանի ազգային հաւաքականը «Հանրապետական» ստադիոնում պարտւեց մի հաւաքականի, որն աւելի քիչ բնակչութիւն ունի, քան Երեւանի Դաւիթաշէն վարչական շրջանը:

2018 թւական. հոկտեմբերի 13. այս օրը հայկական ֆուտբոլի պատմութեան մէջ դեռ շատ կը յիշւի: Հայաստանի ազգային հաւաքականը «Հանրապետական» ստադիոնում պարտւեց մի հաւաքականի, որն աւելի քիչ բնակչութիւն ունի, քան Երեւանի Դաւիթաշէն վարչական շրջանը:

Այո, պարտւեցինք, խայտառակւեցինք, գրեթէ կորցրինք Ազգերի լիգայում խմբից դուրս գալու հնարաւորութիւնները... ողբերգութի՞ւն, թէ վերջապէս «խելքը գլուխը» հաւաքելու իրավիճակ:

Չեմ համարձակւի պարտութեան ամբողջ պատասխանատւութիւնը բարդել միայն մարզչական շտաբի, ֆուտբոլիստների կամ ֆեդերացիայի վրայ: Անուններ տալ չեմ ցանկանայ: Մեղաւոր էին բոլորը՝ սկսած ազգային հաւաքականի նախորդ մարզչական շտաբից, որն առանց որեւէ բառ ասելու պարզապէս հեռացաւ, վերջացրած ներկայիս ֆեդերացիայի աշխատակազմով: Հասկանալի է, որ խնդիրն աւելի խորքային է եւ եթէ հոկտեմբերի 16-ին մենք դուրս գանք եւ յաղթենք Մակեդոնիային 10:0 հաշւով, միեւնոյնն է՝ դրանից մեր ֆուտբոլն աւելի լաւը չի դառնալու:

Ջիբրալթարի հետ խաղը պարզապէս պարտութիւն եւ պատահականութիւն չէր: Այդ օրը պէտք է գար ու եղաւ հոկտեմբերի 13-ին: ՀՖՖ-ի նորանշանակ նախագահ Արթուր Վանեցեանը, առաջին փոխնախագահ Արմէն Մելիքբեկեանը, երկրորդ փոխնախագահ Արմէն Նիկողոսեանը եւ միւս բոլորը, ըստ երեւոյթին, մէկ խաղով հասկացան, թէ ինչ ժառանգութիւն են ստացել նախորդներից: Իսկ ժառանգութիւնը շատ վատն է. իրեն սպառած հաւաքական՝ առանց իր հետեւից եկող խոստումնալից սերունդի: Հայաստանի ազգային հաւաքականի պարտութիւնը ցոյց տւեց, թէ այս պահին ինչ վիճակում է գտնւում հայկական ֆուտբոլը՝ անհեռանկարային:

Ջիբրալթարից կրած պարտութիւնը մէկ յստակ բան ապացուցեց մեզ՝ Ղազարեանների, Մկրտչեանների ու Մկոյեանների սերունդն արդէն սպառել է իրեն: Այո, այդ տղաները մեզ փառայեղ պահեր են պարգեւել, ֆանտաստիկ յաղթանակներ, սակայն պարոնա՛յք, մօտ 10 տարի նրանք հաւաքականում են, 10 տարի նրանք խաղում են, իսկ երիտասարդները՝ վատ, թէ լաւ, սպասում ու սպասում են...:

Չեմ ցանկանում ու երբեւէ չեմ փորձի վատաբանել թէ՛ ազգային, թէ՛ երիտասարդական կամ պատանեկան ցանկացած հաւաքականի խաղացողի: Նրանք անում են, խաղում են ու պայքարում են այնքան, որքան կարող են: Սակայն պարզ ու հասկանալի է, եթէ ներկայիս հաւաքականդ պարտւում է սեփական գրեթէ լեփ-լեցուն տրիբունաների ներքոյ Ջիբրալթարին, իսկ երիտասարդական ընտրանիդ վերջին տարիներին բաւարար ֆուտբոլիստներ չի «առաքում» ազգային հաւաքական եւ անփառունակ պարտութիւններ է կրում, ապա հասկանում ես, որ քո երկրի ֆուտբոլում վիճակը ոչ թէ վատ է, այլ ծայրայեղ ծանր: Աւելի մանրանալու կարիք՝ կարծում եմ չկայ, վիճակագրական տւեալներ ներկայացնելու իմաստ՝ նոյնպէս: Ու եթէ չունենանք յստակ «բաղադրատոմս», որով պէտք է «բուժում» առաջարկւի, ապա տարիներ անց մենք ունենալու ենք աւելի վատ վիճակ: Չնայած աւելի վատ էլ չի լինում:

Փնտրէք եւ տեսէք Մ-17, Մ-19 եւ աւելի ցածր հաւաքականների ելոյթների վիճակագրութիւնը. այն իրօք ահաւոր է: Խնդիրը պէտք է դիտարկել հէնց այստեղից: Ազգային հաւաքականը մէկ օրում չի վերափոխւի: Մենք չենք կարող յոյսներս դնել արտասահմանում ապրող հայ արմատներ ունեցող 1-2 ֆուտբոլիստների վրայ, չենք կարող յուսալ եւ սպասել, որ մի օր կը գայ «կախարդական փայտիկով» X մարզիչը եւ մեզ կը տանի դէպի Մունդիալ կամ Եւրոպայի առաջնութիւն:

Տարիներ են պէտք, յստակ ծրագիր, որպէսզի այս ամէնը շտկւի եւ պէտք է սկսել հիմքից: ՀՖՖ-ի նոր ղեկավարութիւնը հայկական ֆուտբոլի «գլխին» է եկել անչափ բարդ ժամանակատւածում: Ազգային հաւաքականում սերնդափոխութիւն է պէտք: Մեր ընտրանու ֆուտբոլիստների գերակշիռ մասն արդէն 30-ին մօտ է, իսկ երիտասարդական, պատանեկան հաւաքականների ֆուտբոլիստների ելոյթները նայելով՝ հասկանում ես, որ վիճակը բաւականին լուրջ է:

ՀՖՖ-ի ղեկավարութիւնը, երեւի թէ արդէն սկսել է աշխատանքները:

Իսկ գործընթացի մասին ֆեդերացիայի ներկայիս ղեկավարութեան անդամները սկսել են խօսել դեռեւս նախորդ տարիներից, երբ ընդգրկւած չէին ֆեդերացիայի ղեկավարութեան կազմում:

«Ամէն ինչ պէտք է սկսել մանկապատանեկան ֆուտբոլից. 10 տարի յետոյ մենք կարող ենք ունենալ աւելի ցածր մակարդակի հաւաքական, քան այսօր»,- ահա այսպէս, ընդամենը 1 տարի առաջ իրենց հաղորդման ժամանակ մեր ֆուտբոլը փրկելու համար լուծումներ էին առաջարկում ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմէն Մելիքբեկեանն ու երկրորդ փոխնախագահ Արմէն Նիկողոսեանը:

Պարոնայ՛ք, այժմ դուք ունէք բոլոր հնարաւորութիւնները կատարելու այն ամէնն, ինչ գեղեցիկ եւ հեշտութեամբ ասում էք: Սկսել մակապատանեկան ֆուտբոլից, ստեղծել ֆուտբոլային համակարգ, որը մի քանի տարի յետոյ կը սկսի խօսեցնել տալ իր մասին: Դա կը լինի արտասահմանցի մարզիչներով, թէ տեղացի՝ այլ հարց է: Մէկ բան է յստակ, որ խնդրի լուծումը կարծես թէ կայ, լուծում առաջարկողներն էլ այնպիսի դիրքում են, որ կարող են արդէն սկսել առաջադրանքի կատարումը:

Մեղաւորներ փնտրելու ժամանակը չէ. Գիւլբուդաղեանցին, Մկոյեանին, Մխիթարեանին կամ միւսին մեղադրելով՝ ոչինչ չի փոխւի: Այսօրւանից սկսած պէտք է մտածել ֆուտբոլային համակարգ ստեղծելու, փոքր տարիքից ֆուտբոլիստներ կրթելու ու պատրաստելու գործի մասին, որպէսզի ինչպէս ասում է Մելիքբեկեանը՝ 10 տարի յետոյ չունենանք աւելի վատ հաւաքական, քան այսօր…:

Սուրէն Սուքիասեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։