Հա

Մարզական

18/04/2019 - 08:25

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» կամ «Գահերի խաղը»

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում աւարտւեց 1/4-րդ եզրափակիչ փուլը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում աւարտւեց 1/4-րդ եզրափակիչ փուլը:

Այս փուլի խաղային վերջին օրը աննկարագրելի, խելայեղ եւ գոլառատ ստացւեց: Թւում էր, թէ գոլերը հոսում էին առատութեան եղջիւրից: «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» հանդիպման ժամանակը թիմերը փոխանակւեցին 7 գնդակով, իսկ «Լիւերպուլ»-«Պորտու» դիմակայութիւնը նշանաւորւեց 5 գոլով:

Օրւայ կենտրոնական հանդիպումն անկասկած «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» դիմակայութիւնն էր: Շտապենք ասել «Սիթի օֆ Մանչեսթեր» ստադիոնում ներկայ 53 հազար 348 ֆուտբոլասերները ֆանտաստիկ հանդիպման ականատեսը եղան: Հանդիպումն ունեցաւ խելայեղ մեկնարկ, եւ արդէն 11-րդ րոպէին հաշիւը 2:2 էր:

Մրցակցի դաշտում նւազագոյն՝ 0:1 հաշւով կրած պարտութիւնից յետոյ, Պէպ Գւարդիոլայի սաները հէնց առաջին րոպէից նետւեցին գրոհի: Հանդիպման 4-րդ րոպէին հաշիւը բացեց «Քաղաքաբնակներ»-ի յարձակւող Ռահիմ Ստերլինգը, սակայն քիչ անց «Տոտենհեմ»-ի հարաւկորէացի յարձակւող Սօն Հիոն-Մինը դարձաւ դուբլի հեղինակ, տանտէրերի դարպասը գրաւելով 7-րդ եւ 10-րդ րոպէներին: «Տոտենհեմ»-ի 2-րդ գնդակից ընդամենը մէկ րոպէ անց պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդօ Սիլւան հաշւում վերականգնեց հաւասարութիւնը, իսկ 21-րդ րոպէին Ռահիմ Ստերլինգը խփեց իր երկրորդ եւ «Սիթի»-ի երրորդ գնդակը:

Հանդիպման երկրորդ խաղակէսն անցաւ «Մանչեսթեր Սիթի»-ի բացայայտառաւելութեամբ: Նրանց գործադրած հսկայական ճնշումն արդիւանւորւեց  59-րդ րոպէին Սերխիօ Ագուէրի խփած գնդակով, ինչն էլ հաշիւը դարձրեց 4:2: Այն պահին, երբ թւում էր, թէ ամէն ինչ աւարտւած է, եւ Պէպ Գւարդիոլայի սաները կատարել են յաջորդ փուլ դուրս գալու առաջադրանքը, «Տոտենհեմ»-ը միանգամից խառնեց բոլոր հաշիւները: 73-րդ րոպէին անկիւնայինի խաղարկումից յետոյ Ֆերնանդօ Լիորենտէն գլխի հարւածով գրաւեց «Սիթի»-ի դարպասը՝ կրճատելով հաշւում տարբերութիւնը: Հանդիպման վերջնամասն անցաւ «Մանչեսթեր Սիթի»-ի խելայեղ գրոհներով, բայց «Տոտենհեմ»-ը հսկայական ճնշմանը դիմացաւ եւ առաջին անգամ նւաճեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Օրւայ միւս խաղում «Լիւերպուլ»-ը խնդիրներ չունեցաւ  «Պորտու»-ի դէմ խաղում: Մրցակցի դաշտում էլ Իւրգէն Կլոպի սաներն աւելի ուժեղ էին պուրտուգալական ակումբից: Նրանք յաղթեցին 4:1 հաշւով՝ նւաճելով կիսաեզրափակչի ուղեգիր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։