Հա

Մարզական

15/05/2019 - 12:10

Մխիթարեանի տեղափոխութիւնը` միֆ, թէ՞ իրականութիւն. ի՞նչ դեր ունի Բաքւի խաղն այս ամէնում

Հայաստանի ազգային հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի անունը վերջերս յաճախ է դառնում քննարկման առարկայ: Հայ ֆուտբոլիստին ուր ասես չեն ուղարկում` մոռանալով, որ նա գործող պայմանագիր ունի «Արսենալ»-ի հետ:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի անունը վերջերս յաճախ է դառնում քննարկման առարկայ: Հայ ֆուտբոլիստին ուր ասես չեն ուղարկում` մոռանալով, որ նա գործող պայմանագիր ունի «Արսենալ»-ի հետ: Այս մասին գրում է «Sputnik» Արմենիան:

Երկու-երեք ամիս առաջ սկսեցին հնչել առաջին տարբերակները, թէ ումից է ուզում ազատւել «Արսենալ»-ի գլխաւոր մարզիչ Ունայ Էմերին: «Սեւ ցուցակում» յայտնւած ֆուտբոլիստների մէջ նշւում էին Մեսութ Օզիլի եւ Հենրիխ Մխիթարեանի անունները: Հանգիստ թողնենք գերմանացի ֆուտբոլիստին, քանի որ մեզ հետաքրքրում է Մխիթարեանը:

Այս ընթացքում, երբ հայ ֆուտբոլիստին լոնդոնեան ակումբից «ուղարկում» էին այլ թիմեր, Էմերին յաճախակի էր գովում Մխիթարեանին` անընդհատ նշելով, որ նա մեծ ծաւալի աշխատանք է կատարում եւ պէտք է «Արսենալ»-ին: Ընդունում ենք, որ այս մրցաշրջանում Մխիթարեանը կայուն ելոյթներ չունեցաւ: Եղան վերելքներ, եղաւ եւ հակառակը: Բայց մարզիչն առայժմ ոչ մի անգամ չի խօսել նրանից ազատւելու մասին:

Ասում էին, թէ Հենրիխի պայմանագիրը ֆինանսապէս ձեռնտու չէ «Արսենալ»-ին, հայ ֆուտբոլիստը բարձր աշխատավարձ է ստանում: Եւ դա կարող է թիմի ու ֆուտբոլիստի բաժանութեան պատճառ դառնալ: Այստեղ նորից պէտք է վերյիշենք, որ Հենրիխը «Արսենալ»-ի հետ մինչեւ 2021 թւականը գործող պայմանագիր ունի: Հետեւաբար, առանց հայ ֆուտբոլիստի համաձայնութեան հնարաւոր չէ իրականացնել նրա տրանսֆերը այլ ակումբ:

Բացի այդ կայ մեր ֆուտբոլիստի գործակալի՝ Մինօ Ռայոլայի գործօնը: Այս մարդը երբեք չի յայտնւի ոչ շահեկան դիրքում, ոչ իր, ոչ էլ իր ֆուտբոլիստի տեսանկիւնից: Նոյնիսկ, եթէ հաշւի առնենք, որ հիմա Ռայոլան որակազրկւած է, այս գործակալի հեղինակութիւնը առայժմ անսասան է: Այսինքն` եթէ «Արսենալ»-ի պնդի, որ Մխիթարեանը պէտք է հեռանայ, դա թիմի վրայ կարող է բառի բուն իմաստով աւելի թանկ նստել: Որովհետև հայ ֆուտբոլիստի ոչ ինքնակամ հեռանալու դէպքում ակումբը ստիպւած է լինելու փոխհատուցում վճարել:

Յիշենք, թէ ինչպէս հայ ֆուտբոլիստը տեղափոխւեց «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից: Նոյնիսկ այն պայմաններում, որ Ժոզէ Մոուրինիօն չէր ուզում տեսնել հայ ֆուտբոլիստին իր թիմում, Հենրիխը «Արսենալ» տեղափոխւեց աւելի լաւ պայմաններով: Սա էլ Ռայոլայի գործօնը:

Իսկ հիմա յիշենք, երբ Մխիթարեանը նոր էր սկսում իր միջազգային կարիերան, ինչ գումարներ էր առաջարկում մեր ֆուտբոլիստին ռուսական «Անժի»-ն: Բայց Մխիթարեանը հրաժարւեց մեծ գումարներից`մտածելով աւելի լաւ կարիերայի մասին: Հենրիխը փայլուն կարիերա արդէն ունի եւ մեծ ճանաչում ու յարգանք է վայելում ֆուտբոլասէրների շրջանում: Եւ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ Եւրոպայում:

Յունւարին Մխիթարեանը կը դառնայ 31 տարեկան: Աստւած առողջութիւն տայ հայ ֆուտբոլիստին, ու նա ինչքան հնարաւոր է թող երկար խաղայ ու առաջ տանի մեր հաւաքականին: Բայց ինչպէս հասկանում ենք, ֆուտբոլի համար նա արդէն երիտասարդ չէ, ու կարիերան սկսում է աստիճանաբար գնալ դէպի մայրամուտ: Այսինքն` Հենրիխը հիմա մտածելու է, ոչ միայն բարձրակարգ թիմում խաղալու, այլ նաեւ իր ֆինանսական վիճակի մասին, քանի որ ֆուտբոլիստի կեանքը ինչպէս գիտենք խաղադաշտում երկար չէ:

Հնչում է նաեւ տարբերակ, ըստ որի Բաքւում կայանալիք Եւրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման արդիւնքից է կախւած Մխիթարեանի հետագայ ճակատագիրը «Արսենալ»-ում: Միանշանակ` ոչ:

Հայ ֆուտբոլիստը Բաքու կը մեկնի, թէ ոչ, նաեւ նրա անձնական որոշումն է: Հասկանալի է, թէ ինչ ճնշման տակ կը լինի մեր ֆուտբոլիստը թշնամի երկրի մայրաքաղաքում: Հասկանալի է, որ երաշխիքներ ստանալու դէպքում նրա կեանքին վտանգ կարող է չսպառնալ: Բայց, միեւնոյն է, իւրայատուկ դիսկոմֆորտ լինելու է: Յետոյ էլ պատկերացրէք, որ մօտ 70 հազարանոց մարզադաշտում լինելու է «Արսենալ»-ի ընդամենը 6 հազար երկրպագու: Այսինքն` երբ գնդակը յայտնւի Մխիթարեանի մօտ 64 հազարը սուլելու են: Դա ահաւոր ճնշում է:

Մխիթարեանի ճակատագիրը «Արսենալ»-ում կախւած է ֆուտբոլիստ- գործակալ-ակումբ բանակցութիւններից: Ապացուցելու շատ բան Մխիթարեանը չունի: Նրա հնարաւորութիւնները յայտնի են բոլորին:  Ամենավառ օրինակը: 2017 թւականին Դենի Դրիկւոթէրը «Լեսթէ»-ից տեղափոխւեց «Չելսի» շաբաթական 150 հազար ֆունտ պայմանագրով: Երկու մրցաշրջանների ընթացքում Դրինկւոթէրը «Չելսի»-ի կազմում անցկացրել է ընդամենը 12 խաղ, այն էլ հիմնականում դուրս գալով փոխարինման:

Ոչ ոք չի կարող ֆուտբոլիստին հեռացնել թիմից, եթէ նա չի ուզում: Այնպէս որ, ճտերն աշնանն են հաշւում: Իսկ մինչեւ աշուն կը լինի ամառային տրանսֆերային պատուհանը: Սպասենք պաշտօնական ինֆորմացիայի, այլ ոչ թէ վարկածը ներկայացնենք որպէս իրականութիւն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։