Հա

Մարզական

22/05/2019 - 12:50

Նւաճել Եւրոպայի լիգայի գաւաթը յանուն Հենրիխ Մխիթարեանի. հայ ֆուտբոլային աստղը՝ միջազգային հեղինակաւոր լրատւամիջոցների գլխագրերում

Լոնդոնի «Արսենալ»-ը մայիսի 22-ին յայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը չի մասնակցի Եւրոպայի լիգայի խաղարկութեան եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը, որը կայանալու է Բաքւում, մայիսի 29-ին:

«alikonline.ir» - Լոնդոնի «Արսենալ»-ը մայիսի 22-ին յայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը չի մասնակցի Եւրոպայի լիգայի խաղարկութեան եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը, որը կայանալու է Բաքւում, մայիսի 29-ին: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ Մխիթարեանի շուրջ ստեղծւած իրավիճակը մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային մամուլում:

«Guardian» պարբերականը հրապարակել է «Արսենալ»-ում Մխիթարեանի խաղընկեր Ալեքս Իւոբիի յայտարարութիւնն այն մասին, որ «Արսենալ»-ը ցանկանում է յաղթել Եւրոպայի լիգայի գաւաթը յանուն Հենրիխ Մխիթարեանի: «Ես հիասթափւած եմ, որ Մխիթարեանը բաց է թողնելու Չեմպիոնների լիգայի խաղարկութիւնում «Արսենալ»-ի համար տեղ երաշխաւորելու հնարաւորութիւնը: Մենք պատրաստւում ենք պայքարել, եւ յոյս ունեմ, կը կարողանանք նւաճել տիտղոսը ոչ միայն յանուն մեզ, այլ յանուն նրա»,- ասել է նիգերացի կիսապաշտպանը:

Պարբերականն անդրադարձել է նաեւ «Արսենալ»-ի գլխաւոր մարզիչ Ունաի Էմերիի յայտարարութեանը, ով ընդգծել է, որ յարգում է Բաքւում կայանալիք եզրափակիչ հանդիպմանը չմասնակցելու՝ Մխիթարեանի որոշումը: «Արսենալ»-ի գլխաւոր մարզիչը նաեւ նշել է, որ եզրափակիչ հանդիպմանը Մխիթարեանի չմասնակցելը վատ լուր է իրենց համար:

Մխիթարեանի շուրջ ստեղծւած իրավիճակին անդրադարձել է նաեւ «CNN»-ը՝ նշելով, որ «Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն անվտանգութեան նկատառումներով՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում կայանալիք Եւրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման յայտացուցակից դուրս է մնացել:

«CNN»-ը ներկայացրել է «Արսենալ»-ի յայտարարութիւնն այն մասին, որ Մխիթարեանը բաց է թողնելու Բաքւում կայանալիք հանդիպումը, Հենրիխ Մխիթարեանի գրառումն այն մասին, որ իր համար ցաւալի որոշում է Եւրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելը, ինչպէս նաեւ՝ ՈՒԵՖԱ-ի յայտարարութիւնը:  «Աշխատելով «Արսենալ»-ի հետ՝ ՈՒԵՖԱ-ն դիմել եւ Ադրբեջանի իշխանութիւններից ստացել է ֆուտբոլիստի անվտանգութիւնը երաշխաւորելու հաւաստիացումը: Այդ երաշխիքների արդիւնքում մշակւել եւ ակումբին է տրամադրւել անվտանգութեան միջոցառումների համակարգային պլան»,- ասւած է ՈՒԵՖԱ-ի յայտարարութեան մէջ: ՈՒԵՖԱ-ն միեւնոյն ժամանակ ընդգծել է, որ յարգում է Մխիթարեանին յայտացուցակում չընդգրկելու՝ «Արսենալ»-ի որոշումը:

«CNN»-ը նաեւ յիշեցնում է, որ արդէն երկրորդ անգամ «Արսենալ»-ը ստիպւած է լինում յայտացուցակից ֆուտբոլիստին դուրս թողնել քաղաքական պատճառներով: Նշւում է, որ անցած տարի Եւրոպայի լիգայի խաղարկութեան խմբային փուլում Հենրիխ Մխիթարեանը բաց է թողել նաեւ ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ արտագնայ հանդիպումը: Նշւում է նաեւ, որ «Արսենալ»-ը միակ թիմը չէ, որ ստիպւած է լինում իր ֆուտբոլիստին «տանը թողնել» քաղաքական հակամարտութեան պատճառով. «Լիւերպուլ»-ը ստիպւած է եղել յայտացուցակից դուրս թողնել ալբանական արմատներ ունեցող ֆուտբոլիստ Չերդան Շաքիրիին սերբական «Ցրւենա Զւեզդա» ակումբի հետ արտագնայ խաղում:

«Economist» հանդէսը նոյնպէս անդրադարձել է Մխիթարեանի շուրջ ստեղծւած իրավիճակին: Հանդէսը իր անդրադարձը սկսում է Հենրիխ Մխիթարեանի յաջողութիւնները ներկայացնելով: «Հենրիխ Մխիթարեանը սովորական հայ չէ: Նա 30 տարեկանում հասցրել է 8 անգամ դառնալ Հայաստանի լաւագոյն ֆուտբոլիստ: Նա Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագն է եւ հանդէս է եկել մի շարք եւրոպական մեծագոյն ակումբներում»,- գրում է հանդէսը:

Այնուհետեւ հանդէսն ընդգծում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկայ հակամարտութեան պատճառով Մխիթարեանը չի մասնակցելու Եւրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, որը կայանալու է Բաքւում: «Ֆուտբոլիստը եւ ակումբը նման որոշում են կայացրել՝ ելնելով անվտանգութեան նկատառումներից: «Արսենալ»-ը յայտարարել է, որ ակումբն ՈՒԵՖԱ-ից ընդունելի երաշխիքներ չի ստացել, որ Հենրիխ Մխիթարեանի համար Բաքւում անվտանգ կը լինի»,- գրում է հանդէսը:

«Economist»-ը նաեւ նկատում է, որ Մխիթարեանին յայտացուցակից դուրս թողնելու որոշումը զայրացրել է «Արսենալ»-ի երկրպագուներին, ովքեր արդէն իրենց դժգոհութիւնն են արտայայտել Եւրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքւում անցկացնելու որոշման դէմ: Երկրպագուները նաեւ դժգոհ են այն հանգամանքից, որ եզրափակիչ խաղում ինչպէս «Արսենալ»-ի, այնպէս էլ «Չելսի»-ի երկրպագուներին յատկացւելու է ընդամենը 6000 տոմս այն դէպքում, երբ Բաքւի մարզադաշտը տեղաւորում է աւելի քան 68 հազար մարդ:

Հենրիխ Մխիթարեանի շուրջ ստեղծւած իրավիճակը առաջացրել է նաեւ բազմաթիւ մարզական լրագրողների եւ վերլուծաբանների դժգոհութիւնը: Բազմաթիւ լրագրողներ եւ վերլուծաբաններ սոցիալական ցանցերի իրենց էջերում ստեղծւած իրավիճակի շուրջ իրենց դժգոհութիւնն են արտայայտել: «Daily Telegraph» լրագրող Մէթ Լոուն նոյնիսկ «Արսենալ»-ին եւ «Չելսի»-ին առաջարկել է բոյկոտել Բաքւում կայանալիք եզրափակիչ խաղը: Ռուս մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը աջակցութիւն է յայտնել Հենրիխ Մխիթարեանին եւ վերադարձրել է դէպի Բաքու ինքնաթիռի տոմսը: Յայտնի բրիտանացի լրագրող եւ հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը նոյնպէս անդրադարձել է Եւրոպայի լիգայի եզրափակիչը Բաքւում անցկացնելու հետ կապւած խնդիրներին: ««Չելսի», դուք ունէք բազմաթիւ հայ երկրպագուներ։ Հենրիխ Մխիթարեանի հետ կապւած իրավիճակում չէք պատրաստւո՞ւմ որեւէ քայլ անել։ Եթէ «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն հրաժարւեն խաղալ Բաքւում, ՈԻԵՖԱ-ն կը տեղափոխի եզրափակիչը»,- «Թւիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մորգանը:

Մխիթարեանի շուրջ ստեղծւած իրավիճակին անդրադարձել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը: ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանն ընդգծել է, որ Հենրիխ Մխիթարեանին Բաքւում կայանալիք Եւրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար անվտանգութեան բաւարար երաշխիքներ չտալն ու ենթադրեալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն Ադրբեջան արգելելը ռասիզմի նոր դրսեւորում է: «Եթէ ադրբեջանական կողմից համապատասխան անվտանգութեան երաշխիքներ տրւէին, որոնք կը բաւարարէին եւ՛ Հենրիխ Մխիթարեանին, եւ՛ իր թիմին, ապա արտաքին գործերի նախարարութիւնը որեւէ առարկութիւն չունի Հենրիխ Մխիթարեանի մասնակցութեանը Բաքւում կայանալիք խաղին»,- ասել է Նաղդալեանը:

Եւրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կը կայանայ Բաքւում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմեանց դէմ կը մրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը եւ «Չելսի»-ն: Եւրոպայի լիգայի յաղթողը յաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղալու իրաւունք կը ստանայ: «Չելսի»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի աւարտւած առաջնութիւնում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը եւ ստացել է յաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդէս գալու իրաւունք, մինչդեռ «Արսենալ»-ը զբաղեցրել է 5-րդ տեղը, ինչը Չեմպիոնների լիգային մասնակցելու ուղեգիր թիմին չի տալիս: Յաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդէս գալու «Արսենալ»-ի միակ յոյսը Եւրոպայի լիգայում յաղթանակն է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։