Հա

Մարզական

28/08/2019 - 09:20

Անվախ դարպասապահը. ինչպէս Ալեոշա անունը դարձաւ հայկական ֆուտբոլի խորհրդանիշը

1970-ականների լեգենդար դարպասապահ Ալեոշա Աբրահամեանն այսօր կը դառնար 74 տարեկան:

«alikonline.ir» - 1970-ականների լեգենդար դարպասապահ Ալեոշա Աբրահամեանն այսօր կը դառնար 74 տարեկան:

Հայ տղաները 1970-ականներին ֆուտբոլ էին խաղում ինքնամոռաց։ Իհարկէ, գրեթէ բոլորը ձգտում էին գոլի հեղինակ դառնալ` իրենց Մարկարով, Իշտոյեան կամ Ղազարեան երեւակայելով։ Իսկ դարպասներում քչերն էին սիրում կանգնել, եւ լաւ բակային դարպասապահը ոսկու գին ունէր։ Նրան շատ յարգալից անւանում էին Ալեոշա՝ աստղային «Արարատ»-ի դարպասապահ Ալեոշա Աբրահամեանի պատւին։ Այս մասին գրում է Sputnik Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Ալեոշա Աբրահամեանի խաղի ոճը կարծես խարխլում էր դարպասապահների կանոնները. նա յաճախ էր գնդակը բռնում առաջ պարզած ձեռքերով եւ այդպէս էլ պահում այն. կրծքին չէր սեղմում, ինչպէս անում են բոլոր ողջամիտ դարպասապահները։ Նա այնպէս էր խաղում, որ սիրտդ կանգնում էր անխուսափելի գոլի կանխազգացումից, սակայն ամէն ինչ, որպէս կանոն, բարեյաջող աւարտ էր ունենում։ Եւ, հաւանաբար, ճշմարիտ էր այն զգացողութիւնը, որ եթէ Ալեոշան արտաքնապէս հանգիստ էր, ոչ մի գնդակ բաց չէր թողնի, իսկ եթէ նեարդայնանում էր` փորձանքի էր պէտք սպասել։

Պաշտպաններին նա յաճախ էր հանդիմանում, սակայն կարճ եւ կոնկրետ՝ բնիկ լենինականցուն յատուկ սուր եւ դիպուկ արտայայտութիւններով` երկար պարզաբանումների մէջ չմտնելով, թէ ով է ճիշտ եւ ով՝ մեղաւոր։ Բայց՝ արդար էր. եթէ բաց թողած գոլի հարցում սեփական մեղքն էր տեսնում, ամօթահար կախում էր գլուխը։

Կարծես թէ 1977 թւականին էր «Զենիթ»-ի խաղը «Հրազդան» մարզադաշտում, որն աւարտւեց ոչ-ոքի` 2:2 հաշւով։ Մեզ` մանկական մարզումների ժամանակ առանձնացածներիս, խրախուսելու համար ուղարկում էին հերթապահելու դաշտի եզրում եւ դարպասների հետեւում: Այդպէս ես յայտնւեցի Ալեոշայի մէջքի յետեւում՝ դարպասի միւս կողմում, դարպասապահից մի քանի մետրի վրայ։ Բայց անհաւանական մի բան տեղի ունեցաւ. հէնց այդ պահին «Արարատ»-ի պաշտպաններից մէկը (նոյնիսկ յիշում եմ՝ ով, բայց չեմ ասի), անյաջող խփեց գնդակին եւ այն ընկաւ Ալեոշայի դարպասը: Ալեոշան գնդակը զարմացած հայեացքով ուղեկցեց։

«Կեցցէ՛, կեանքում մէկ անգամ գոլ խփեց, այն էլ` ինձ»,- լենինականցու անզուգական  բարբառով փնթփնթալով ասաց Աբրահամեանը՝ նեարդայնացած երկար ձեռքով դուրս բերելով գնդակը ցանցից։

Իսկ ձեռքերի ուժն ու մատների կպչունութիւնը, ինչը երբեմն թոյլ էր տալիս գնդակը կրծքին չսեղմել, ասես նա հարազատ էր՝ վոլէյբոլից էր մնացել։ Զարմանալի է, բայց փաստ. Ալեոշայի հայրն ու երեք աւագ եղբայրները վատ չէին խաղում ֆուտբոլ, իսկ Ալեոշան հաճոյքով խփում էր վոլէյբոլի գնդակին եւ նոյնիսկ մասնակցում այդ մարզաձեւի համամիութենական մանկական սպարտակիադային։ Բասկետբոլ եւս խաղում էր, սակայն մի օր Լենինականի «Շիրակ»-ը մնաց առանց դարպասապահի եւ նրան խնդրեցին կանգնել դարպասում։ Եւ՝ սկսւեց։

1965 թւականին` 19 տարեկանում,  նա արդէն «Արարատ»-ում էր, իսկ մէկ տարի անց «Սմենա» ամսագիրն Ալեոշա Աբրահամեանին անւանեց ԽՍՀՄ լաւագոյն դեբիւտանտ-դարպասապահ։ «Արարատ»-ի հետ մէկտեղ Ալեոշան 1971 թւականին երկրի առաջնութեան արծաթէ մեդալակիր դարձաւ։

Երկու Աբրահամեանները` հարազատ եղբայրներ Ալեոշան եւ յաղթանդամ ու յուսալի պաշտպան Ֆուրմանը, թիմի համար յոյս ու յենարան դարձան։ Ֆուրմանից վախենում էին յարձակւողներից շատերն ու դարպասապահներից մէկը` Ալեոշա Աբրահամեանը, ով անձամբ էր դա խոստովանում։ Այդ պատճառով կարելի է հասկանալ ողբերգութեան աստիճանը, երբ 1972 թւականի ամռանը աւտովթարի հետեւանքով վրայ հասած անհեթեթ մահը խլեց Ֆուրմանի կեանքը երիտասարդ տարիքում։

Երկու ամիս Աբրահամեանը չէր խաղում` դարպասում իր տեղը զիջելով մշտական փոխարինող Նորայր Դեմիրճեանին, որն, ի դէպ, նոյնպէս հիանալի դարպասապահ էր։ Այնուհետեւ սեղմեց ատամներն ու վերադարձաւ. դարձաւ չեմպիոն, յաղթեց Գաւաթում...

Ինչ վերաբերում է հայկական ֆուտբոլին՝ լաւ դարպասապահների պակասի մասին խօսակցութիւններ միշտ եղել են։ Որոշակի առումով այդպէս էլ կայ, բայց միւս կողմից՝ չէ՞ որ նրանք քիչ չէին։  Տարբեր մակարդակների ԽՍՀՄ առաջնութիւններում հիանալի խաղ էին ցուցադրում Ռաֆիկ Մարտիրոսեանն ու յայտնի Սերգէյ Զատիկեանը, նրանց փոխարինելու եկաւ Ալեոշան։ Իսկ յիշատակւած Նորայր Դեմիրճեանը կարող էր խաղալ խորհրդային բարձրագոյն լիգայի բազմաթիւ ակումբների հիմնական կազմում, սակայն չգիտես ինչու՝ «Արարատ»-ից այդպէս էլ չգնաց։

Սակայն միեւնոյնն է՝ Ալեոշա Աբրահամեանն առանձնայատուկ էր ե՛ւ իր խաղի ոճով, ե՛ւ մարզական «չարութեամբ», ե՛ւ սեփական մեղքն ընդունելու ունակութեամբ։ Նա այդպէս էլ մինչեւ կեանքի վերջն ինքն իրեն չներեց 1972 թւականին գերմանական «Կայզերսլաուտերն»-ի դէմ ՈՒԵՖԱ-ի գաւաթի խաղում բաց թողած գոլերից մէկի համար։ Նոյնիսկ 40 տարի անց մեղադրում էր իրեն այդ սխալի համար, որը, նրա կարծիքով, ճակատագրական էր։

Վերջին տարիներին Ալեոշան լուրջ հիւանդ էր։ Նա կեանքից հեռացաւ մէկ տարի առաջ, ընդամենը 2 օր չապրելով մինչեւ օգոստոսի 28-ը՝ իր 73-ամեակը։

Յարակից լուրեր

  • Հայկական ֆուտբոլը ցաւալի կորուստ կրեց
    Հայկական ֆուտբոլը ցաւալի կորուստ կրեց

    80 տարեկան հասակում մահացել է Երեւանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ-ի վաստակաւոր մարզիչ Սարգիս Հովիւեանը: Այդ մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Հայաստանի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գէորգ Լոռեցեանը: 

  • Համլետ Մխիթարեաններից մէկը. նոր մարզիչը կը վերադարձնի՞ հայկական ֆուտբոլի փառքը
    Համլետ Մխիթարեաններից մէկը. նոր մարզիչը կը վերադարձնի՞ հայկական ֆուտբոլի փառքը

    «Sputnik» Արմենիային տւած հարցազրոյցում Համլետ Մխիթարեանն ասում է, որ 1990-ականների սկզբին հայկական ակումբային ֆուտբոլն աւելի ուժեղ էր ԽՍՀՄ առաջնութիւնում խաղացող ֆուտբոլիստների հաշւին, որոնք իրենց մակարդակով աւելի բարձր էին նրանցից, ովքեր եկան նրանց փոխարինելու։ Մրցակցութիւն կար, խաղացողները վախենում էին կազմում տեղ կորցնել, եւ կարեւոր չէ, որ այդ ֆուտբոլիստների աշխատանքը բաւական համետս էր վարձատրւում. «յաճախ մենք ամենեւին էլ գումարի համար չէինք խաղում»,- ասում է Մխիթարեանը։

  • Յայտնի հայեր, որոնց կորցրինք 2018-ին. «Rusarminfo»-ի անդրադարձը
    Յայտնի հայեր, որոնց կորցրինք 2018-ին. «Rusarminfo»-ի անդրադարձը

    2018 թւականին հայ ժողովուրդը հրաժեշտ տւեց մշակոյթի, արւեստի ու սպորտի հանրայայտ գործիչների, որոնք յաւերժ կը մնան սերունդների յիշողութեան մէջ: 

  • «Արարատ»-ի լեգենդար դարպասապահը. ո՞ր գոլն Ալեոշա Աբրահամեանն իրեն այդպէս էլ չներեց
    «Արարատ»-ի լեգենդար դարպասապահը. ո՞ր գոլն Ալեոշա Աբրահամեանն իրեն այդպէս էլ չներեց

    Ալեոշա Աբրահամեանը մանրամասն յիշում էր իր համար միակ` երեւանեան «Արարատ» թիմի կազմում անցկացրած գրեթէ իւրաքանչիւր խաղ։ Յաջողութիւնների մասին յիշում էր մի փոքր ամօթխած, սակայն ձախողումները վերլուծում էր մանրակրկիտ եւ ինքն իր հանդէպ անողոք լինելով։ Այդպիսին էր իսկական պրոֆեսիոնալն ու երկրպագուների սիրելին։

  • Մահացել է «Արարատ-73»-ի լեգենդար դարպասապահ Ալեոշա Աբրահամեանը
    Մահացել է «Արարատ-73»-ի լեգենդար դարպասապահ Ալեոշա Աբրահամեանը

    Օգոստոսի 26-ին մահացել է Երեւանի «Արարատ»-ի լեգենդար դարպասապահ Ալեոշա Աբրահամեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։