Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սէյրան Օհանեան. «Փաշինեանը Հայաստանը դարձնում է ռազմադաշտ»

Օրերս «POLITICO Europe» պարբերականին տւած հարցազրոյցում Նիկոլ Փաշինեանը, խօսելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին զինտեխնիկայի կուտակումների մասին, նշել էր, որ Ադրբեջանն իր կենտրոնական զօրքերը դուրս է բերել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահման, եւ նման իրավիճակում հնարաւոր չէ բացառել էսկալացիան, եւ, որ դրա տարբերակը դուրս բերւած զօրքը մշտական տեղակայման վայր տանելն է։ Փաշինեանը նաեւ յաւելել էր՝ Հայաստանը պատրաստ է նման քայլի։

«168 TV»-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, խօսելով Հայաստանի եւ Արցախի սահմանների ադրբեջանական կողմից կուտակումների եւ դրանց վերաբերեալ Հայաստանի ղեկավարի դիրքորոշումների մասին, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, Պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան  Օհանեանն ընդգծեց.

«Այն դէպքում, երբ, օրինակ, պլանաւորւած են թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններ՝ Թուրքիայի տարածքում, երբ սպառազինութեան ներկրումներ են տեղի ունենում Ադրբեջանում, իսկ այս ամէնը խօսում է այն մասին, որ Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերը Հայաստանի Հանրապետութեան տարածքում՝ զբաղեցրած բնագծերում: Նման պայմաններում Հայաստանի ղեկավարի այն յայտարարութիւնը, թէ պատրաստ են զօրքը յետ քաշել մշտական տեղակայման վայր, գտնում եմ ոչ համահունչ»,- ասաց Սէյրան Օհանեանը։

Նրա մեկնաբանութեամբ՝ այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը բացայայտ պատրաստւում է ռազմական գործողութիւնների, Փաշինեանը խաղաղութեան մասին է խօսում` բայց ոչ թէ պայքարով այդ խաղաղութեանը հասնելու, այլ ամէն ինչ տալու եւ յանձնւելու համատեքստում։

«Մինչդեռ, չեն տալիս հողը, որ կենդանի մնան, ընդհակառակը, գնում, պայքարում եւ զոհւում են՝ այդ հողը պաշտպանելու նպատակով»,- ասաց Սէյրան Օհանեանը՝ շեշտելով՝ հասարակութեան դիմադրողականութիւնը եւ  պայքարի ոգին բարձրացնելու փոխարէն՝ Փաշինեանը վարում է յանձնւելուն միտւած քաղաքականութիւն եւ Հայաստանի ներսում,  եւ Հայաստանից դուրս՝ արտաքին ճակատում։

«Մինչդեռ, ոչ մի բան Ադրբեջանին չի կանգնեցնելու յարձակողական գործողութիւններ կազմակերպելուց առաջ եւ նման զարգացումների պարագայում, Հայաստանի իշխանութեան կողմից ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ զօրավարժութիւններից հրաժարումը ոչ թէ անփորձութիւն է, այլ՝ միտումնաւորութիւն։ Հայաստանում կայ հայ-ռուսական միացեալ զօրախումբ, եւ այդ զօրախմբին չպատրաստել հայրենիքը պաշտպանելուն՝ զուգահեռաբար խօսելով պատերազմի մասին, անընդունելի է։ Ինչ վերաբերում է հայ-ամերիկեան զօրավարժութեանը, ապա մի կողմից՝ դա նորութիւն չէ, միւս կողմից՝ մենք խաղաղութեան պայմաններում չենք գտնւում, որ խաղաղապահ առաքելութեամբ զօրավարժութիւն են անցկացնում»,- ասաց «Հայաստան» խմբակցութեան ղեկավարը՝ սխալ համարելով հայ-ռուսական յարաբերութիւնների առկայ լարւած փուլում հայ-ամերիկեան խաղաղապահ առաքելութեամբ  զօրավարժութիւնների անցկացումը։

«Հէնց հիմա անգամ մենք կարող ենք եւ պատրաստ ենք պատերազմին դիմագրաւել, եթէ, իհարկէ, իշխանութեան կողմից խելացի քայլեր արւեն այդ ուղղութեամբ։ Այսօր գետնի վրայ ռուսական ուժերն են՝ Արցախում եւ Հայաստանում, ունենք ռուսական ռազմական ներկայութիւն, եւ որպէսզի կանխարգեւի սպասւող պատերազմը, Հայաստանի առաջին կապը Ռուսաստանի եւ Իրանի հետ պէտք է լինի»,- ասաց Սէյրան Օհանեանը՝ շեշտելով՝ պատերազմի ժամանակ գետնի վրայ առաջինը մեզ  պաշտպանողը հայ զինւորն է, ապա՝ Ռուսաստանն ու Իրանը, իսկ  Արեւմուտքն ընդամէնը Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելու համար է խօսում մեզ օգնելու մասին։

«Փաշինեանը Հայաստանը դարձնում է ռազմադաշտ. խնդիր ունի Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, ինչն անընդունելի է, որովհետեւ Արեւմուտքի համար այս տարածաշրջանում նախընտրելի պետութիւնը լինելու է Թուրքիան, ինչից յետոյ Հայաստանը դառնալու է Թուրքիայի կցորդը… Փաշինեանն ու իր թիմը չեն տիրապետում Թուրքիայի եւ Ադրբեջանի խաղաղութեան խաբկանքին։ Պատերազմի ընթացքում պարտւած իշխանութիւնները գտնւում են ճնշման ներքոյ, եւ Արդբեջանն ու Թուրքիան ճնշումներ են գործադրում, աւելին, Ադրբեջանը, որն արցախեան առաջին պատերազմի ժամանակ եղել է ագրեսորը, հիմա փորձում է ագրեսորի պիտակը կպցնել Հայաստանի վրայ, իսկ ագրեսոր պետութեան համար սահմանւած են պատժամիջոցներ՝ էթնիկ զտումների, տնտեսական ճնշումների, ռեպարացիաների տեսքով։ Հիմա թուրք-ադրբեջանական տանդեմի համար խնդիր է ոչ թէ Արցախը, այլ Հայաստանը»,- ասաց ԱԺ ընդդիմադիր խմբակցութեան ղեկավարը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button