Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ամէն ջանք ներդնել արցախահայութեանը նոր պատուհասներից փրկելու համար

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր համախմբւել ենք սրբազան այս կամարների ներքոյ միասնական աղօթք մատուցելու առ Աստւած Հայաստան եւ Արցախ նւիրական մեր հայրենիքի խաղաղութեան եւ մեր ժողովրդի անվտանգ կեանքի համար:

Հայոց անկախ պետականութեան վերակերտման երեսուներկուերորդ տարեդարձը դիմաւորում ենք մեծ տագնապների ու անհանգստութիւնների եւ նոր կորուստների ցաւի մէջ։ Մեր մտքերն ուղղւած են հայրենի Արցախ աշխարհին, որտեղ տեւական ահաբեկումներից, բռնաճնշումներից եւ աւելի քան իննը ամիսների ամբողջական շրջափակումից յետոյ Ադրբեջանը ռազմական լայնածաւալ գործողութիւններ վերսկսեց՝ շարունակելով ցեղասպան իր քաղաքականութիւնը արիւնալի ոճրագործութիւններով:

Մեր ժողովուրդը Արցախում այսօր կանգնած է գոյաբանական սոսկալի սպառնալիքների առջեւ: Հարիւր տարի անց քաղաքակիրթ աշխարհի հայեացքի ներքոյ մեր ժողովուրդը վերստին ճաշակում է դառնութիւնը ցեղասպանութեան։ Վերստին ազատ ու անկախ կեանքի ու ազգային պատկանելիութեան համար հայը վճարում է իր կեանքով ու իր արեամբ։

Մենք հրաժարւում ենք հաւատալ, որ քսանմէկերորդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրաւունքը, հրաժարւում ենք հաւատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործութիւնը Արցախում: Մեր կոչն ենք ուղղում միջազգային կառոյցներին, բարեկամ պետութիւնների ղեկավարներին՝ անյետաձգելի եւ առաւել ազդու միջոցներ գործադրելու Ադրբեջանի ցեղասպան գործողութիւնները կասեցնելու համար: Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանութիւններին, ազգային կառոյցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամէն ջանք ներդնելու արցախահայութեանը նոր պատուհասներից փրկելու համար։ Ազգային մեր կեանքում երկպառակութիւնը, կործանարար անտարբերութիւնը, քաղաքական ներհակութիւնները, հասարակական բեւեռացւածութեան պատճառով համախմբւելու անկարողութիւնը նորանոր հարւածներ պիտի հասցնեն մեր ազգին եւ հայրենի պետականութեանը։ Մեզ պէտք է միաբանութիւն՝ փորձութիւնները յաղթահարելու եւ վերհառնելու համար, անդաւաճան հայրենանւիրում՝ պետութեան անվտանգութիւնն ապահովելու եւ հզօրանալու համար, պատասխանատւութիւն ու բարձր գիտակցութիւն՝ համազգային ու պետական մեր շահերի պաշտպանութեան եւ նւիրական իղձերի իրականացման համար։

Արցախի հաւատավոր սիրելի զաւակներ, Հայրական Մեր օրհնութիւնն ու աղօթքն ենք բերում ձեզ եւ Մեր զօրակցութիւնը յայտնում Արցախի իշխանութիւններին։ Ծանր պատասխանատւութեան առջեւ էք կանգնած եւ, ցաւօք, միայնակ էք կրում ձեր տառապանաց խաչը։ Մեր ցաւն ու վիշտն ընդհանուր է, մեր կորուստների եւ հայրենի երկրին հասցւած դաժան հարւածների դառնութիւնն ու տխրութիւնը ամենքիս սրտերում են։ Վճռական այս պահին թող Աստւած ապաւեն լինի, մխիթարի ու գօտեպնդի ձեզ՝ դիմակայելու նեղութիւններին ու դժւարութիւններին, եւ Տիրոջ ողորմութեամբ ձեր եւ ձեր զաւակների կեանքի ընթացքը լինի անվտանգ ու ապահով։ Այս ծանր իրավիճակում, մեր պատմութեան փոթորկայոյզ ժամանակները յաղթահարած մեր նախնեաց օրինակով, յոյսով եւ հաւատով զինւենք ու զօրանանք՝ ըստ սաղմոսերգուի խօսքի. «Եթէ նոյնիսկ անցնեմ մահւան ստւերների միջով, չեմ վախենայ չարից, քանզի դու, Տէր, ինձ հետ ես» (Սաղմ. 22.5)։

Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփիւռս, միասնաբար աղօթք բարձրացնենք առ Երկնաւոր Տէրը՝ հայցելով, որ Բարձրեալն Աստւած խաղաղութեան Իր շնորհները հեղի հայոց աշխարհին, ամուր ու հաստատուն պահի հայոց պետականութիւնը եւ ազգասիրութեան ու հայրենասիրութեան մէջ՝ վճռական ու անսասան մեր ժողովրդին:

Տիրոջ սէրը, շնորհը եւ խաղաղութիւնը թող լինեն մեզ հետ այժմ եւ միշտ. Ամէն»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button