Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՈԳԵՒՈՐԸ ՅԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՂՈՑԻՆ, ԵՌԱԳՈՅՆԸ՝ ՍԵՒ ՈՒ ՍՊԻՏԱԿԻՆ

«Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժումը Կիրանցից երթ է սկսել դէպի Երեւան

«ԱԼԻՔ» – Երէկ՝ մայիսի 4-ին, «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման անդամները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի առաջնորդութեամբ Կիրանցից քայլերթ են սկսել դէպի Երեւան։ Նրանք Երեւան կը հասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղէտալի ընթացքը վերջ ու սահման չունի։ Հիւսիսից հարաւ մենք մեծ, անհասկանալի արիւնահոսութեան գործընթացում ենք գտնւում։ Այս գործընթացը պէտք է դադարեցւի»,- քայլերթից առաջ յայտարարել էր Բագրատ Սրբազանը՝ յաւելելով.

«Ոգին պէտք է յաղթի դուխին

Եռագոյնը պէտք է յաղթի սեւին ու սպիտակին

Հոգեւոր Հայաստանը իր արժէքային ողջ համակարգով, իր սիրով, բարութեամբ, արարումի զգացումով, ճշմարտութեան ճանապարհով պէտք է յաղթի «Նոր Հայաստանին»»։

ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանն էլ իր հերթին բոլորին կոչ է արել միանալ շարժմանը։

«Բոլոր նրանք, ովքեր ունեն պատիւ եւ հայրենիք, նրանք, ում համար հայրենիքը լոկ խօսքեր չեն, այս օրերի ընթացքում հարցնում էին ի՞նչ կարող ենք անել։ Միացէք մեզ։ Միացէք մեր եւ ձեր երեխաների համար մղւող ազատագրական պայքարին»,- ասել է նա՝ յաւելելով. «Պայքարը սկիզբ է առել Տաւուշի ամբողջականութեան, լինելիութեան համար: Վաղը ուշ է լինելու»։

Յատկանշական է, որ քայլերթից առաջ, Բագրատ Սրբազանին եւ միւս մասնակիցներին օրհնել է 96-ամեայ Կիրանցի Լենա տատիկը, որը պայքարի առաջին իսկ օրից եղել է առաջին շարքում։

Քայլերթին բացի տաւուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արւեստագէտներ, զոհւած զինծառայողների հարազատները։

Այսօր՝ մայիսի 5-ին, Հաղարծնի վանքում տեղի ունեցած ս. պատարագից յետոյ, երթը շարժւել է դէպի Երեւան:

Առնչւող Յօդւածներ

Back to top button