Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախում տեղի ունեցող ցեղասպանութեանը զոգահեռ՝ միանգամից Հայաստան են գործուղւել յայտնի պատերազմական լուսանկարիչներ եւ լրագրողներ

ՀԱՏԻՍ

 

Արցախի պատերազմին յաջորդած ու դեռ շարունակւող ցեղասպանութիւնը միջազգային հանրութեան ուշադրութիւնից չէր կարող վրիպել: Յանուն բարոյականութեան մասին ճառերը մի կողմ թողնելով արձանագրենք, որ նոյն՝ կարծիքի ձեւաւորման հարցում միջազգային մամուլի վրայ եւս իր ազդեցութիւնը ունեցող խոշոր ԶԼՄ-ները ժամանակ չկորցնելով, ընդամէնը երկու օրւայ ընթացքում իրենց փորձառու լրագրողներին ու պատերազմական լուսանկարիչներին գործուղեցին Հայաստան:

«ԱԼԻՔ»-ի ուշադրութիւնից առաջինը չվրիպեց «New York Times»-ի լուսանկարիչների խումբը, որը «Զւարթնոց»-ից հիւրանոց տեղափոխւելու փոխարէն առաջինը յայտնւել էր Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցող ցոյցերի էպիկենտրոնում:

Արժէ նշել, որ խումբը մինչեւ մէկ շաբաթ առաջ ծածկոյթի տակ էր պահում Ուկրաինական պատերազմը:

Ֆրանսիական եւ ռուսական ԶԼՄ-ների ճգնաժամային գօտիների լուսաբանողները եւս չուշացան Հայաստան տեղափոխւել: Իսկ ամենաուշագրաւը «BBC»-ի պարսկերէն բաժնի լուսաբանող խմբի ներկայութիւնն էր, որը 44-օրեայից ցայսօր, համընթաց անգլիական քաղաքականութեանը պրոթուրքական կեցւածք է որդեգրել:

Արձանագրենք, որ նման դէպքերում կարեւոր է, յատկապէս, լրատւամիջոցի մօտեցումը կապւած խնդրին, ինչը արտացոլւում է նաեւ գործուղւած լրագրողի որակով ու տեսակով:

Իսկ այս դէպքում «BBC»-ին Հայաստան է ուղարկել պրոիսրայէլական հակումներով եւ միաժամանակ խիստ հակաիրանական մօտեցումներ ունեցող Քասրա Նաջիին: Չնայած նա եթեր ուղարկած իր առաջին մեկնաբանութիւնը յատկացրել էր Արցախից Կոռնիձոր հասած տեղահանւած ժողովրդին, որտեղ աղէտն էր վաւերագրում, այնուամենայնիւ առիթը չկորցրեց իր խօսքով՝ արձանագրել Մոսկւայի նկատմամբ  փախստականի զայրոյթը, մեղքի սլաքն ուղղելով Ռուսաստանի կողմը:

MAGNUM-ի պաշտօնական էջում եւս հրապարակւել են  Կոռնիձորից արւած՝ Նանա Հիթմանի լուսանկարները, որտեղ նա իր՝ «Ցեղասպանութիւն» նախագծի հերթական պատմութիւնն է վաւերագրում:

Պատերազմական յայտնի լուսանկարիչների շրջանակում մեծ հռչակ ունեցող Ալեքս Լորին եւս Հայաստանում է: Աւելի քան 50 պատերազմ ու հակամարտութիւն լուսաբանած լուսանկարիչն իր «Ինստագրամ»-ային էջի հրապարակումներում տեղի ունեցողը նմանեցրել է Ուկրաինայի, կամ Սիրիայի պատերազմական վիճակին: Իսկ սա արւում է Հայաստան տեղանունը նշելով, ինչը գուցէ այսօրւայ օրով, կարեւոր չլինի հայերի ու Հայաստանում ապրողների համար, սակայն այն լրագրութեան նրբութիւնների առումով իմաստալից է ու ինչ-որ բան ասող:

Միջազգային հանրութեան կարծիքի ձեւաւորման հարցում պատկերաւոր պատմութիւններն ու դրանց գրագէտ ներկայացնելն ու ճիշտ ժամանակին հրապարակելը, կարող է մրցակիցներին շարքից հանել: Այն իր տեսքով նոյնիսկ կարող է որոշիչ լինել միջազգային ատեանների ընդունած որոշումների կայացման, կամ դրանց չեղարկման դէպքում յատկապէս:

Իսկ նոյն կապակցութեամբ պէտք է արձանագրել, որ թէեւ Իրանի համար անհամեմատ կարեւոր են Կովկասի զարգացումները, սակայն արձանագրել է պէտք, որ մինչեւ լուրիս կազմելու պահը, դեռ որեւէ իրանական լրատւամիջոց լրագրողական թիմ չի գործուղել Սիւնիք:

Այստեղ պէտք է կարեւորել իրանցի լուսանկարիչ Աֆշին Էսմայլիի ներկայութիւնը Սիւնիքում, ով, սակայն, ներկայացնում է ֆրանսիական լրատւամիջոցը: Աֆշինը եւս մինչեւ մէկ շաբաթ առաջ Ուկրաինայում էր:

Պատերազմական լուսանկարիչների ու այդ կարգի լրագրողների մասին Ջէյմզ Նախտւէյի հետ զրուցելիս ուշագրաւ ձեւակերպում էր տւել Լարի Քինգը. «Նրանք հրշէջների պէս, երբ մարդիկ կրակից են փախչում, հակառակ ուղղութեամբ՝ վազում են դէպի կրակի էպիկենտրոն»:

Խնդրի ռոմանտիկան մի կողմ թողնելով արձանագրենք, որ «քաղաքացի լրագրող»-ների հրապարակած տեսանիւթերի ազդեցութեան կողքին խոշոր լրատւամիջոցների համար շարունակում է անմրցելի լինել դէպքի վայրից արհեստավարժ անձնակազմի պատրաստած պատմութիւնները:

Նպատակը մէկն է, միջազգային հանրութեան կարծիքը տեղի ունեցածի շուրջ հնարաւորինս ուղղորդել՝ պատկան լրատւամիջոցի քաղաքականութիւններին համընթաց սլաքով:

Հայաստանին առնչւող մերօրեայ պատմութիւնները թէեւ շարունակեցին մնալ ռուս-ուկրաինական հակամարտութեան ստւերում, այնուամենայնիւ փորձագիտական շրջանակների կարծիքով՝ այն Ռուսաստանի դէմ երկրորդ ճակատի երկնային հնարաւորութիւն է ՆԱՏՕ-ի համար: Իսկ լրահոսը 6-րդ շարասեան ձեռքին զէնք դարձնելու Արեւմուտքի փորձը փոխկապակցւած է ներկայացւող պատմութիւնների որակի հետ:

Այստեղ մեծ է յատկապէս, լուսանկարչի դերը: Աւելի յստակ՝ լուսանկարչի ու լրագրողի ով լինելը:

Հիմնականում ներկայումս խոշոր ԶԼՄ-ների ուշադրութիւնը սեւեռւած է նաեւ տագնապալից տարածաշրջաններից արւած «քաղաքացի լրագրողների» հրապարակումների վրայ, ովքեր պատահաբար յայտնւելով դէպքի վայրում հասցրել են տեսագրել կամ լուսանկարներ անել:

Սակայն միջազգային հանրութեան կարծիքի ձեւաւորման գործում սոցիալական ցանցերի տրամաբանութիւնը բնական է, եթէ զիջելու լինի արհեստավարժ անձնակազմի միջոցով արւած հրապարակումների ստոյգ ձեւակերպումներին: Այսպիսով՝ հնարաւոր է տարածաշրջանի զարգացումների փոխազդեցութեան ներքոյ նկատւող սինուսային տրամադրութիւնը վերահսկելի դարձնել:

Արժէ նշել, որ բազում պատերազմների միջով անցած նման լուսանկարիչները ի զօրու են կանխագուշակել տագնապի աստիճանային վերիվայրումները, գիտեն ողջ մնալու արւեստը, նոյնիսկ երբեմն աւելի լաւ քան զինծառայութիւնն անցած անձը կը կարողանար:

Մեդիա տերմինաբանութեան մէջ այս իրավիճակը կոչւում է «Embed»: Գրագէտ Ճգնաժամային լուսանկարիչը գիտի, որ ինքը դաշտ չի մտել սպանւելու, այլ՝ պատերազմը, մարդկային բռնութիւնը կամ բնական աղէտները տեսանելի դարձնելու եւ մարդկանց պատմութիւնները պատմելու համար, ովքեր բնականաբար չէին սիրում լինել այդ իրավիճակներում, ուստի նա երբեք չի անում որեւէ բան, որը կը յանգեցնի նրա վիրաւորմանը կամ մահւանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button