ԻրանՀայաստան - Արցախ

Իրան-Հայաստան մոնիտորինգային նիստում ներկայացւել է Արաքսի ջրի որակի համատեղ աշխատանքների իրականացման ծրագիրը

«ԱԼԻՔ» – Երեւանում կայացել է հայ-իրանական բարձրաստիճան եւ մոնիտորինգային աշխատանքների նախապատրաստական նիստն։

Նիստին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետութեան շրջակայ միջավայրի կազմակերպութեան հարցերով տնօրէնի տեղակալ Իրաջ Հեշմաթին, Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին, շրջակայ միջավայրի նախարար Յակոբ Սիմիդեանը եւ նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալ Տիգրան Գաբրիէլեանը նախարարութեան «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրէն Լեւոն Ազիզեանը, նախարարութեան մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, բարձրաստիճան ներկայացուցիչներ երկու երկրների շահագրգիռ կառոյցներից:

Parstoday-ի համաձայն՝ նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը, նախարարը, գործընկերների հետ քննարկել է սոյն թւականի սեպտեմբերին Թեհրանում կայացած Աւազի եւ փոշու փոթորիկների դէմ պայքարին ուղղւած միջազգային համաժողովը քննարկւած հարցերի ընթացքը։

Նիստի ընթացքում կարեւորելով Արաքս սահմանային գետի պահպանութեան վերաբերեալ արդիւնաւէտ համատեղ եւ շարունակական աշխատանքն ու արձանագրած յաջողութիւնները՝ նախարարը շրջակայ միջավայրի նախարարութեան անունից պատրաստակամութիւն է յայտնել շարունակել համագործակցութիւնը բնապահպանական բոլոր ուղղութիւններով եւ անդրադարձել է երկու երկրների համատեղ մոնիտորինգային խմբի աշխատանքների վերսկսմանը։

Իրանի Իսլամական Հանրապետութեան շրջակայ միջավայրի կազմակերպութեան հարցերով տնօրէնի տեղակալ Իրաջ Հեշմաթին իր հերթին շնորհակալութիւն է յայտնել նիստը նախաձեռնելու համար։

 Իրաջ Հեշմաթին նաեւ իր երախտիքն է յայտնել հայ գործընկերներին Արաքս գետի ջրի որակի հանդէպ մշտական ուշադրութեան եւ դրա պահպանութեանն ուղղւած ջանքերի համար։

Նիստի ընթացքում ներկայացւել է Արաքս գետի ջրի որակի համատեղ մոնիտորինգային աշխատանքների իրականացման ծրագիրը, աշխատանքների իրականացման ճանապարհային քարտէզը եւ հաստատւել է տարեկան ժամանակացոյցը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button