ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգային

«Մուսադ»-ի բացայայտւած գործակալ. «Շարունակւում են Թուրքիայից՝ Նախիջեւան գազատարի կառուցման աշխատանքները»

Ենթատեքստում «կեղծ միջանցքի» ծրագիրն է խօսում

«ԱԼԻՔ» – «Մուսադ»-ի բացայայտւած գործակալ եւ Ալիեւների ընտանեկան բիզնեսի խորհրդական Բրենդա Շեֆերը հերթական թւիթն է հրապարակել, որտեղ առանց «սար ու ձոր» ընկնելու արձանագրել է Իսրայէլի նախագծի երկրոդ փուլի նպատակները:

Կովկասեան նաւթամշակման ռազմավարութեան կենտրոնի տնօրէնը, ով նոյն թեքումով Բաքւի համալսարանում զբաղեցնում է ամբիոնի վարիչի պաշտօնը X հարթակի իր էջում գրել է. «Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի հաստատած տեղեկատւութեան համաձայն՝ շարունակւում են Իգդիր-Նախիջեւան գազատարի տեղադրման համար շինարարական աշխատանքները»:

Նա շարունակութեան մէջ յաւելել է, որ 2020 թւականի դեկտեմբերի 15-ին (44-օրեայի արդիւնքում) Ադրբեջանի Հանրապետութիւնը եւ Թուրքիան փոխըմբռնման յուշագիր էին ստորագրել Իգդիր-Նախիջեւան գազատարի կառուցման վերաբերեալ։

«Նախագիծը իրականացւելու է Ադրբեջանի պետական նաւթային ընկերութեան (SOCAR) եւ Թուրքիայի BOTAŞ-ի համատեղ ներդրումով։ Ներկայումս Նախիջեւանը գազ է ստանում Իրանից: Թուրքիայի տարածքով գազի մատակարարումը կօգնի Նախիջեւանին բաւարարել պահանջարկը եւ կտրւել Իրանից։ Գազատարի թուրքական հատւածի երկարութիւնը կազմում է 85 կմ.»,- նշւած է «Մուսադ»-ի գործակալի գրառման մէջ։

Յիշեցնենք, որ «քառասունչորսօրեայ»-ին յաջորդող շրջանում «ԱԼԻՔ»-ին տւած հարցազրոյցում Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան նախկին նախագահ՝ դոկտ. Դամաւանդին անդրադարձել էր նշւած գազատարի թեմային եւ յաւելել, որ գազատարի վրայ ծախսւած գումարներն ու յատկացումների հետքերը տանում են պատերազմից երկու տարի առաջ: Կովկասի հարցերով փորձագէտը նշել էր, որ «չարաբաստիկ միջանցք»-ի հարցը օրակարգում է եղել մինչեւ Ղարաբաղի «Արցախեան երկու»-ն, որով ՆԱՏՕ-ին յաջողւեց մի քայլ եւս մօտենալ իր երազած Կասպիականին:

Մէկ այլ հրապարակման համաձայն՝ Թուրքիան յուսով է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը շահագործման համար պատրաստ կը լինի 2029 թւականին։

Էհսան Մովահեդեանը յղում անելով «Ադրբեջանական հետազօտութիւններ» տելեգրամեան ալիքը նշել է, որ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Ուրալօղլուն յայտարարել է, որ մեծ յոյսեր կան «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապւած եւ նախատեսւած է այն իրականութիւն դարձնել մինչեւ 2029 թւականը։

Թուրք պաշտօնեան յաւելել է. «Բացառութեամբ Հայաստանի տարածքով անցնող հատւածի, շինարարական աշխատանքները շարունակւում են նաեւ Հորադիզից Օրդուբադ ընկած հատւածում։ Նա նաեւ նշել է, որ Իրանն իր հերթին հանդէս է եկել ճանապարհ կառուցելու նախաձեռնութեամբ, որով Բաքուն կապւելու է Թուրքիային։ Սակայն, մենք կիրականացնենք «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը, միաժամանակ դէմ չենք, որ Իրանն իր տարածքով Թուրքիայի եւ Բաքւի միջեւ կապի մի մասը լինի»:

Քաղաքական դէմքերի յայտարարութիւնների ենթատեքստային հարթակը, որի մասին տեղեկատւութիւնը շատ յաճախ տեղ չի գտնում մամուլի հրապարակումներում, կարող է խօսել այն մասին, որ կուլիսային բանակցութիւններում խճանկարի բացթողնւած հատւածների լրացումը կախւած է սպասւող նախագծերի էութիւնից ու տեսակից:

Նոյն ենթատեքստում պէտք է հասկանալ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանի յայտարարութիւնը, որտեղ քաղաքական գործիչը նկատել է տալիս, որ Ադրբեջանի Հանրապետութեան հետ խաղաղութեան պայմանագրի տեքստում ոչ մի տեղ նշւած չէ Հայաստանի տարածքային ամբողջականութեան մասին, կամ 29.800 քառակուսի կիլոմետր տարածութեան մասին ոչ մի նշում չկայ։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցւող «Խաղաղութեան պայմանագիր» փաստաթուղթը պատրաստւել է Բաքւի սպառնալիքների ներքոյ եւ իրականում այն ​​նոր սպառնալիքի առիթ է Հայաստանի դէմ։ Լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորը, ով Իրանի Քերմանի ահաբեկչութեան դէպքերի կապակցութեամբ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատուն էր այցելել ցաւակցելու Իրանի դեսպանին:

Ուշագրաւ է նաեւ այն փաստը, որ Բաքւի քարոզչամեքենան համահունչ այդ երկրի վարած քաղաքականութեան հետ, իր բնականոն ընթացքն է դարձրել հարեւան պետութիւնների տարածքային ամբողջականութեան դէմ նկրտումների երեւոյթը:

«Ենի մուսաւաթ» օրաթերթը, որը համարւում է Իլհամ Ալիեւի կնոջ պաշտօնական խօսափողը, հրապարակած ռեպորտաժների եւ հարցազրոյցների արդիւնքում արդէն քանիերորդ անգամը լինելով, Թաւրիզը ներկայացնում է որպէս Ադրբեջանի Հանրապետութիւնից կտրւած քաղաք, կոչելով այն Հարաւային Ադրբեջանի մայրաքաղաք: Թերթը շարունակելով իր լկտի պահւածքը, նշել է, որ Իրանին ոչ մի իրաւունք էլ վերապահւած չէ Թաւրիզում Հայաստանի համար հիւպատոսութիւն բացելը:

Թաւրիզում Հայաստանի հիւպատոսութեան բացման հետ Իրանի համաձայնութեան մասին Բաքւի մաֆիոզուհու թերթի հրապարակումների մասին գրառում հրապարակելով, «Ազարիհա»-ն գրել է, որ նման լկտի պահւածքն ու ցեխարձակումները արդիւնք են Իրանի լրատւամիջոցների թուլութեան, կամ պասիւութեան: «Ալիեւի սիոնիստական ռեժիմի լկտիութիւնը մի կողմից, եւ իրանական լրատւամիջոցների լռութիւնը միւս կողմից, պատճառ են դարձել՝ սովորական տեսք ստանան Բաքւի ​​մեդիա յարձակումներն ու նկրտումները, յատկապէս Իրանի տարածքային ամբողջականութեան դէմ: Նոյն համատեքստում պէտք է տեսնել Իրանի տարածք ներթափանցած Բաքւի գործակալական ցանցերն ու վարձկան թափթփուկները, որոնց միջոցով Իրանի տարբեր քաղաքներում փորձ է արւում էթնիկական պառակտումների գծով աշխատանք իրականացնել»,- գրել է կայքը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button