Հայաստան - ԱրցախՄիջազգային

Տարասով. «Հարաւային Կովկասում տարին հանգիստ չի լինի՝ ուժի կիրառման սպառնալիք, ուժի կիրառում, աշխարհաքաղաքական մրցակցութիւն ու դիւանագիտական խաղ բանակցութիւնների շուրջ»

«Այս տարին ակնյայտօրէն շատ բարդ է լինելու, քանի որ աշխարհաքաղաքական թէժ զարգացումները շարունակւելու են՝ տարածւելով դէպի նոր օջախներ»,- 168.am-ի հետ զրոյցում նման կանխատեսում արեց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական սպասւող իրադարձութիւններին։

Ըստ նրա՝ նախորդ տարւայ իրադարձութիւնները ցոյց տւեցին, որ բոլոր տարածաշրջաններում լարւածութիւնը նոր փուլ է թեւակոխում՝ բացառութեամբ, թերեւս, Հարաւային Կովկասի, որտեղ իրավիճակը եւ արձանագրւող զարգացումները սպասելի էին եւ սպասելի են նաեւ այս տարի։

Տարասովի խօսքով, կարող է տպաւորութիւն ստեղծւել, թէ Ուկրաինայում ռազմական գործողութիւններն ինտենսիւ բնոյթ չեն կրում, բայց դրանք ընթանում են, եւ նախորդ տարւայ բեկումն այն էր, որ Ուկրաինան տապալում է ռազմի դաշտում իր բոլոր նպատակները, ինչն անդրադառնում է հակամարտութեան շուրջ քաղաքական գործընթացի վրայ, ինչպէս նաեւ՝ ռազմական։

«Այս տարի տեսնում ենք եւ տեսնելու ենք, որ Արեւմուտքն այլեւս չի ցանկանում սպառազինութիւն մատակարարել Ուկրաինային, աւելին՝ փորձելու է ինչ-որ հանգուցալուծման հասցնել այս հակամարտութիւնը։ Այս տարին կը շարունակւի այս մի քանի գործընթացների շուրջ, խաղաղութիւն, չեմ կարծում, թէ այս տարի այնտեղ կը հաստատւի, հակամարտութիւնը կը տեղափոխւի միւս տարի»,- ասաց Տարասովը։ Նա ուկրաինական հակամարտութիւնն անւանեց նոյնիսկ աւելի կանխատեսելի հակամարտութիւն, քան այն զարգացումները, որոնք ներկայումս ընթանում են եւ դեռ կընթանան Մերձաւոր Արեւելքում։

Ռուս վերլուծաբանը գտնում է, որ Ուկրաինային զուգահեռ, սակայն, շատ աւելի թէժ, անկանխատեսելի ու լարւած են լինելու զարգացումները Մերձաւոր Արեւելքում, որոնք աւելի վատթար ռեգիոնալ սցենարների յանգեցնելու մեծ ներուժ ունեն։ Այս ամէնը, նրա խօսքով, պէտք է դիտարկել՝ ինչպէս գլոբալ դիմակայութեան, այնպէս էլ՝ առանձին դրւագների կոնտեքստում, քանի որ Մերձաւոր Արեւելքը մեծաթիւ առանձնայատկութիւններ ունեցող ու ամենաբարդ ռեգիոններից մէկն է, եթէ ոչ՝ ամենաբարդը։

«Այստեղ հիմնական մրցակցութիւնը ծաւալւելու է աշխարհաքաղաքական երթուղիների ու դրանց հովանաւորների միջեւ, սա լի է բազմաթիւ վտանգաւոր սցենարներով»,- ասաց Տարասովը։

Նա գտնում է, որ այս տարի Հարաւային Կովկասում տեսնելու ենք այն նոյն գործընթացների շարունակութիւնը, ինչ նախորդ տարի, գերիշխող է լինելու հէնց նոյն տրամաբանութիւնը։

«Ուժի սպառնալիք, ուժի կիրառում, բանակցութիւնների իմիտացիա, դիւանագիտական խաղ բանակցային գործընթացի շուրջ։ Նախորդ տարեվերջին արձանագրւեց, որ կողմերը շատ հարցեր են համաձայնեցրել ու մօտ են համաձայնագրի ստորագրմանը։ Այստեղ էլ թւում է, թէ ամէն ինչ հասկանալի է, սակայն, կարծում եմ, եթէ նոյնիսկ այս տարի կողմերն ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն, սրանով հակամարտութիւնը չի աւարտւելու, քանի որ հակամարտութիւնը չի աւարտւել ժողովուրդների միջեւ, 100.000 հայ մնացել է անտուն։ Սրանք հարցեր են, որոնք Հարաւային Կովկասին ստիպելու են «եռալ»։ Բացի այդ, ինչպէս երեւում է, որոշ հարցեր համաձայնեցւած են, որոշներն էլ՝ ոչ, սակայն կողմերը ցանկանում են ինչ-որ բան ստորագրել։ Հայաստանը ձգտում է դրան, քանի որ յոյս ունի, որ դա որոշակի խաղաղութիւն կը բերի տարածաշրջան, իսկ Ադրբեջանը ցանկանում է ամրագրել իր յաղթանակները։

Արտաքին ուժերը, որոնք այս կամ այն կերպ ունեն շահեր այս ռեգիոնում, փորձում են միջամտել բանակցութիւններին եւ կազմակերպել հանդիպումներ, խօսքը թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի, ԵՄ առանձին երկրների ու ԱՄՆ-ի մասին է։ Եւ տպաւորութիւն է, որ սա կը շարունակւի մինչեւ անգամ մինչեւ փաստաթղթի ստորագրման օրը։ Բայց, կրկնում եմ, որ հակամարտութեան շատ հարցեր բաց են մնալու ու թելադրելու են ռեգիոնալ մթնոլորտը, որը հանգիստ չի լինի»,- ասաց Տարասովը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button