ԻրանՄիջազգայինՔաղաքական

Ալիեւների «բանանային» հանրապետութիւնն ու ոտքի տակի կեղեւները

«ԱԼԻՔ» – Անցեալում է արդէն Բաքւի նախագահի «վերընտրութիւնը»: Իսկ այժմ, երբ այսպէս կոչւած «ընտրութիւններին» վտանգ չի սպառնում անվնաս առիթ է Բաքւի իշխանաւորների համար մանեւրելու բարեկամ երկրների դաշտում, նրանցից յաւելեալ առիթ ու միաւորներ կորզելու նպատակով: Կովկասի հարցերով հետաքրքրւող եւ մեծ լսարան վայելող «Կովկասի ձայն» տելեգրամեան ալիքի հեղինակը նոյն համատեքստում է տեսնում Բաքւի մեջլիսի պատգամաւորի վերջերս Իրանին ուղղւած բարի խօսքերի շռայլումը:

Փորձագէտն իր վարած սոցիալական ցանցերի միկրոբլոգներում գրել է, որ բաքւեցի որոշ օգտատէրեր հարցնում են՝ ի՞նչ է պատահել, որ պատգամաւոր Ջէյհուն Մամեդովը գովաբանել է սկսել Իրանին։

«Սա նաեւ իմ հարցն է: Քանի որ, ինչպէս գիտէք, այս Հանրապետութեան խորհրդարանի ներկայացուցիչների մեծ մասը Ալիեւի պէս 20 տարի է, ինչ Իրանի դէմ ելոյթներով են հանդէս գալիս»,- գրել է Մոհամմադ Մոթլաղը եւ յաւելել, որ Բաքւի իշխանական օղակում գտնւող բոլոր ընտանիքները կախւած են իշխանութիւնից ու նրա յայտարարութիւններից, հետեւաբար, ոչ մէկը չի խօսելու այնպէս, որ դուր չգայ տիրոջը կամ համադրւած չլինի տիրուհու հետ:

«Այս տեսանկիւնից ի՞նչ կարող են նշանակել բազմավաստակ պատգամաւորի ասածները: Գուցէ մեսիջ է ուղղւած ուրիշներին առ այն, որ եթէ մեր ուզածով չլինի, կը գնանք դէպի Իրան: Չասելու համար, որ գուցէ առաւօտեան գլուխը դիպչել է պատուհանի եզրին»:

Մէկ այլ գրառման մէջ Կովկասի հարցերով փորձագէտ Էհսան Մովահեդեանը գրում է, որ Ադրբեջանի ժողովուրդը զայրացած է կոռուպցիայի պատճառով: Բաքւում կաշառակերութիւնն օրինական երեւոյթ է: Բազմաթիւ դէպքեր կան, որոնք վկայում են այն մասին, որ ոստիկանութիւնը թմրանիւթ է տեղադրում Թուրքիայից ժամանած վարորդների մեքենաներում եւ յարմար պահին ձերբակալում վարորդներին մաքսանենգութեան վարկածով, ինչի համար էլ 10-ից 30 հազար դոլար կաշառք պահանջելուց յետոյ ազատ է արձակում նրանց:

Արձանագրւած դէպքեր կան նաեւ իսրայէլական կամ Թուրքիայի ընկերութիւնների անօրինական աշխատանքների մասին, որտեղ նրանք վարձելով ադրբեջանցիներին, նրանց ամիսներ աշխատացնելուց յետոյ առանց վճարումների ազատում են աշխատանքից:

Նոյնի մասին է վկայում նաեւ ANS հեռուստաալիքի տնօրէն Միրշահին Աղայեւ Դելաւարօղլուն, ով իր հրապարակած թւիթում նշել է, ով չի քւէարկել Ալիեւի օգտին, աւելի լաւ է հաւաքի իր ճամբրուկները եւ գլուխը փրկի այս երկրից:

Հաշւի առնելով յետխորհրդային երկրների զարգացումներն ու տեղի ունեցած յեղաշրջումները, դժւար չէ պատկերացնել, թէ ինչ է սպասւում նման տոտալիտար ռեժիմներին, յատկապէս, երբ նաւթարդիւնաբերութեամբ պայմանաւորւած կարեւորութեան բերումով, Արեւմուտքին աւելի շատ է յուզում նման պետութիւնների կայունութիւնը:

Այնպէս, որ արտահերթ ընտրութիւնների անցկացման փաստը նաեւ կարող է վկայել այն մասին, որ «գենետիկ կարգով» իշխանութիւն ժառանգելու կարգը՝ բնաւ, ընտրութիւնների կարիքը չունի: Սակայն, ոնց որ դա աւելի շատ պէտք էր «ժողովրդավարութիւն» արտահանող Արեւմուտքին, որպէսզի միջազգային հանրութեան աչքին Բաքւում իրականացւող քաղաքական հետապնդումներին ու բռնութիւններին օրէնքի գոյն հաղորդել յաջողւի:

Առնչւող Յօդւածներ

Back to top button