Հայաստան - ԱրցախՄիջազգային

150 միջազգային գործիչ Ալիեւից պահանջել է ազատ արձակել Ռուբէն Վարդանեանին եւ միւս ապօրինի կալանաւորւածներին

Աւելի քան 150 միջազգային մարդասիրական, քաղաքական գործիչներ եւ գործարարներ պահանջել են ազատ արձակել Ռուբէն Վարդանեանին եւ միւսներին։

«Վառելիքի, դեղորայքի եւ պարէնամթերքի մատակարարման ապօրինի արգելքից յետոյ, որը տեւեց իննը ամիս, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին սկսեց արիւնալի ռազմական գործողութիւն եւ ներխուժեց Լեռնային Ղարաբաղ (Արցախ): Այս գործողութիւնների հետեւանքները հարիւրաւոր սպանւածներ, հազարաւոր վիրաւորներ եւ գրեթէ 120.000 մարդկանց՝ փաստօրէն Արցախի ողջ հայ բնակչութեան բռնի տեղահանումն էին։ Համաշխարհային հանրային կարծիքով՝ դա հաւասարազօր է էթնիկ զտումների։

Իրաւապաշտպան կազմակերպութիւնները Ադրբեջանի գործողութիւններն անւանել են ցեղասպանութիւն.

Յայտնի հայ բարերար եւ մարդասիրական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը ապօրինի բերման է ենթարկւել, երբ նա եւ այլ քաղաքացիներ մէկնում էին Հայաստան։ Նրա ձերբակալութիւնը յատկապէս մտահոգիչ է, քանի որ Արցախին միջազգային աջակցութիւն ներգրաւելու նրա ջանքերը Վարդանեանին դարձրել են Բաքւի կառավարութեան թիրախը։

Ի թիւս այլոց՝ հանրապետութեան երեք նախկին նախագահներ՝ Արայիկ Յարութիւնեանը, Բակօ Սահակեանն ու Արկադի Ղուկասեանը եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաներ՝ Դաւիթ Բաբայեանը, Լեւոն Մնացականեանը, Դաւիթ Իշխանեանը եւ Դաւիթ Մանուկեանը։ Շատ այլ հայեր դեռ ապօրինի են պահւում։ Այս մարդկանց առողջութեան եւ ինքնազգացողութեան մասին առկայ ծայրայեղ սահմանափակ տեղեկատւութիւնը տագնապալի է…

Նրանք բոլորը կալանաւորւել են ներպետական եւ միջազգային իրաւունքի ակնյայտ խախտմամբ, ներառեալ ՄԱԿ-ի կոնւենցիան եւ Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւրոպական կոնւենցիան, որին միացել է նաեւ Ադրբեջանը…

Ամէն օր կարեւոր է բանտարկեալների կեանքի համար. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած խաղաղ համաձայնագիր պէտք է պայման ներառի նրանց ազատ արձակման համար։

Մենք կոչ ենք անում նախագահ Իլհամ Ալիեւին անյապաղ ազատ արձակել նշւած ապօրինի ձերբակալւած բոլոր անձանց»,- ասւում է յայտարարութեան մէջ։

Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button