ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաքւի սարսափն ու Իրանում «Թուրքմենչայ պայմանագրի» թեմայով գիտական ​​հետաքննութիւն սկսելու հնարաւորութիւնը

«ԱԼԻՔ» – Վերջին շրջանում բոլոր հարեւանների նկատմամբ իր յարաբերութիւններում Բաքուն իրեն պահելով խռովածի պէս, յիշեցնում է՝ իրեն տանտիրոջ տեղը դրած հիւրի օրինակը, ով ոտքերն ում կօշիկների մէջ ասես մտցնել է փորձում:

Նման կէս կատակ-կէս լուրջ գրառումներն ու հրապարակումները չեն դադարում X-ում, որտեղ Բաքւի իւրաքանչիւր քայլ արժանանում է համապատասխան մեկնաբանութիւնների:

Այս ընթացքում գիտահետազօտական հարթակների առանցքային քննարկումների թեմաներից մէկը նոյնպէս Կովկասում իրանական գործօնի դերի եւ նրա ունեցած պատմական ազդեցութեան ու ներկայութեան փաստն էր:

Նոյն կապակցութեամբ Բաքւի պետական խօսնակ համարւող «Ախար» կայքն, իր հրապարակած վերջին յօդւածներից մէկում անդրադարձել է իրանական լրատւամիջոցներում պարբերաբար հրապարակւող ուսումնասիրութիւններին ու լուսաբանումներին, յատկապէս, «Գոլեստան» եւ «Թուրքմենչայ» ամօթալի պայմանագրերի կնքման դրդապատճառների ու պատմական հետեւանքների մասին: Իրեն լրատւամիջոց պատկերացնող նշւած կայքի մէջբերմամբ, այս հարցի բարձրացումով Կովկասում Իրանի իրաւունքների վերականգնման եւ տարածքային կորուստի ուղղութեամբ աշխատանքի սկիզբ է դրւում, ինչի հանրայնացումով կարող է այն դառնալ ժողովրդական պահանջ:

«Ախար» կայքը յօդւածը վերնագրելով՝ «Իրանի տարածքային պահանջն Ադրբեջանի դէմ» գրել է. «Մէկ տարի անց լրանալու է Փիշեւարիի ազգային կառավարութիւն ստեղծելու փորձի 80-ամեակը (Սովետական ​​ձախակողմեան, իսկ խորքում՝ պանթուրքիստական շարժում​​), իսկ չորս տարի անց՝ «Թուրքմենչայ»-ի պայմանագրի 200-ամեակը։ Ինչպէս նշել էինք նախօրօք, երկու հարցերն էլ յատուկ նշանակութիւն ունեն Իրանի համար, եւ դրանք օգտագործւում են Ադրբեջանի Հանրապետութեան եւ ընդհանրապէս Ադրբեջանի ինքնութեան դէմ»։

Նոյն կապակցութեամբ դոկտ. Էհսան Մովահեդեանը գրառում տեղադրելով իր տելեգրամեան ալիքում, նշել է. «Միեւնոյն ժամանակ, այդ, այսպէս կոչւած, հետազօտական ​​յօդւածի հեղինակ Ջամալէդդին Ղուլիեւը խոստովանել է, որ չնայած «Թուրքմենչայ»-ի պայմանագիրը չեղարկւեց 100 տարի առաջ՝ Ռուսական կայսրութեան անկմամբ (ըստ 1969 թւականին ընդունւած Միջազգային պայմանագրերի եւ դրանց իրաւական ազդեցութեան եւ տեւողութեան մասին Վիեննայի կոնւենցիայի, ե՛ւ «Գոլեստան»-ի, ե՛ւ «Թուրքմենչայ»-ի պայմանագրերը ներկայումս գործադրելի չեն, կամ իրաւականօրէն պարտաւորեցնող չեն,- Ջ. Ղուլիեւ.), սակայն 19-20-րդ դարերում այն ​​մնացել է որպէս պառակտման եւ ազգային-քաղաքական ձախողման խորհրդանիշ»։

«Հասկանալիօրէն պարզ է, որ Ղոլիեւը Իրանից Կովկասի անջատումը դիտարկում է, որպէս, այսպէս կոչւած՝ միացեալ Ադրբեջանի յօրինւածքի տեսանկիւնից, սակայն պէտք է արձանագրել, որ Կովկասի անջատումն Իրանի մարմնից, իրականում իրանական ժողովրդի մարմնի մի մասի բռնի անդամահատումն էր»,- գրել է Մովահեդեանը:

Յատկանշական է, որ «Ախար»-ի յօդւածի մէկ այլ բաժնում յիշատակւել են դոկտ. Ահմադ Քազեմիի «Khabaronline»-ին տւած հարցազրոյցից որոշ հատւածներ, որտեղ փորձագէտն արձանագրել է, որ Կովկասը Իրանից անջատւելուց ի վեր Կովկասում ապրող ադրբեջանցիները, հայերը եւ այլ էթնիկ խմբերը բախւել են աղէտների ու արիւնալի կոտորածների ու ճնշումների: «Իսկ այժմ թշնամիները փորձում են նոյն տարածքներից հարւածի տակ դնել Իրանը»,- նշել է միջազգային յարաբերութիւնների աւագ փորձագէտը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button