Հայաստան - ԱրցախՄշակութային

«Հաֆէզ. գազէլներ, քառեակներ». Նոր գրքի շնորհանդէս՝ Երեւանում

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիի ներկայութեամբ փետրւարի 16-ին, Երեւանի Կապոյտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Հաֆէզ․ գազէլներ, քառեակներ» գրքի շնորհանդէսը։ Տեղեկացնում է Parstoday-ը:

Դեսպան Մեհդի Սոբհանին այս միջոցառմանը ունեցած ելոյթում նշել է՝ Հաֆէզն ինչպէս մի աստղ միշտ փայլում է Իրանի եւ ամբողջ աշխարհի երկնակամարում: «Դժւար թէ Իրանում գտնէք մէկ տուն, որտեղ չլինի Հաֆէզի գազէլների ժողովածուն: Ձեր ներկայութիւնն այս միջոցառմանն ապացուցում է, որ նա չի պատկանում աշխարհագրական տարածքի, այլ բոլորինն է»,- շեշտել է նա:

Ըստ նրա՝ մշակոյթը եւ դիւանագիտութիւնը նման են. պոէզիան փափուկ ուժ է, դիւանագիտութիւնը՝ եւս: «Մշակոյթի գործիչների կարեւոր առանձնայատկութիւնն այն է, որ նրանք մշտապէս կամուրջ են հանդիսացել տարբեր երկրների միջեւ: Մշակոյթն այն ոլորտն է, որտեղ Հայաստանն ու Իրանը կարող են աւելի ամրապնդել իրենց յարաբերութիւններն ու խորացնել բարեկամութիւնը: Իրանն աշխարհում ներկայանում է իր ուրոյն մշակոյթով:

 Հաֆէզը, Ռումին եւ այլ հեղինակներ այդ մշակոյթի կրողն են ու բացայայտում են այդ հարստութիւնը: Հաֆէզը գրում է սիրոյ, խաղաղութեան, արդարութեան մասին, եւ այդ ամէնը հարկաւոր է տարբեր ժողովուրդների մերձեցման համար: Դրանք այն սկզբունքներն են, որոնց համար աշխատում է դիւանագիտութիւնը»,- ընդգծել է Մեհդի Սոբհանին:

Նա շնորհակալութիւն է յայտնեց գրքի թարգմանչին, նրա կատարած կարեւոր ու նշանակալի աշխատանքի համար եւ ասել է, որ ուրախ է, որ Հայաստանում մեծ ուշադրութիւն են դարձնում իրանական մշակոյթին ու գրականութեանը:

Գրքի թարգմանիչ Ժորժ Աբրահամեանի խօսքով՝ Հաֆէզի գազէլները մեծ ժողովրդականութիւն են վայելում Իրանում: «Իրանական պոէզիան ունի մի քանի գագաթներ՝ Ֆիրդուսին, Սադին եւ այլք, որոնք շատ սիրւած են: Այդ գագաթներից մէկը Հաֆէզն է, եւ միւս պոէտներից տարբերւում է նրանով, որ չափազանց մեծ ժողովրդականութիւն է վայելում:

Միջոցառմանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը շնորհակալագրեր է յանձնել հայ իրանագէտներին՝ երկու երկրների բարեկամական յարաբերութիւնների զարգացման գործում ունեցած դերի համար:

Առնչւող Յօդւածներ

Back to top button