Հայաստան - ԱրցախՄշակութային

Գիւմրիի դարբնութեան աւանդոյթը ներառւել է ԻՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում

Դեկտեմբերի 4-ից 9-ը Կասանէ քաղաքում (Բոտսւանա) ընթացող ԻՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նիւթական մշակու­թային ժառանգութեան պաշտպանութեան մասին» կոնւենցիայի միջկառավարական կոմի­տէի 18-րդ նստաշրջանի ընթացքում կոմիտէն որոշում է կայացրել Գիւմրիի դարբնութեան աւանդոյթը ԻՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկութեան ոչ նիւթական մշակու­թային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում ներառելու վերաբերեալ։

Այս մասին յայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնից։

Դարբնութիւնը Հայաստանում տարածւած արհեստներից է եղել, սակայն որպէս քաղաքային արհեստ՝ իր լիարժէք արտայայտումը ձեռք է բերել Գիւմրիում եւ ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում: Սերնդէսերունդ փոխանցւող այս ազգային աւանդոյթի գրանցումը ԻՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում առանցքային նշանակութիւն ունի դրա կենսունակութեան ապահովման, արժեւորման եւ հանրահռչակման համար։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետութիւնը ԻՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» կոնւենցիան վաւերացրել է 2006 թ․։ Յաջորդող տարիներին ԻՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում գրանցւել են «Դուդուկն ու իր երաժշտութիւնը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արւեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործութիւնը» (2010 թ.), «Սասնայ ծռեր կամ Սասունցի Դաւիթ էպոսի կատարողական դրսեւորումները» (2012 թ.), «Լաւաշ. աւանդական հացի պատրաստումը, նշանակութիւնը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» (2014 թ.), «Քոչարի. աւանդական խմբապար» (2017 թ․), «Հայկական տառարւեստը եւ դրա մշակութային դրսեւորումները» (2018 թ.), ինչպես նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ համատեղ ներկայացւած «Սուրբ Թադէոս Առաքեալի վանքի ուխտագնացութիւնը» (2020 թ.) տարրերը։

Tert.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button