Հա

Համայնք

15/10/2019 - 09:50

Սրբոց Թարգմանչաց տօնը Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում

Կիրակի, 13 հոկտեմբեր 2019 թ.-ին, Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի յիշատակումը կատարւեց ս. պատարագով, որը մատոյց եւ քարոզեց արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը:

«alikonline.ir» - Կիրակի, 13 հոկտեմբեր 2019 թ.-ին, Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի յիշատակումը կատարւեց ս. պատարագով, որը մատոյց եւ քարոզեց արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Սուրբ պատարագի երգեցողութիւնը կատարւեց եկեղեցու «Նարեկացի» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երգեհոնահար Արտեմիս Բայրամեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սուրբ պատարագից անմիջապէս յետոյ, Ուրմիայի հայոց ազգային «Մասիհա» եւ Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի աշակերտները ելոյթ ունեցան, Հայ Մշակոյթի որւայ հանդիսութիւն կազմակերպւած լինելով, իրենց տեսչութեան եւ ուսուցչակազմի կողմից:

Առաջին հերթին, Ուրմիայի հայոց դպրոցի աշակերտուհի Մարիամ Էլիասզադէ ներկայացրեց Հայոց Այբուբենի հանճարեղ գիւտարար Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի կեանքն ու գործունէութիւնը: Տարօն աշխարհի Հացեկաց գիւղի շինականի մէկ ընտանիքում  ծնւած  այս  մեծ  գիտնականի  կատարած գործը ներկայացնելով, աշակերտուհին լայնօրէն անդրադարձաւ այն դժւարին կացութեան, որը դիմագրաւում էր Հայաստանի ժողովուրդը, յատկապէս Հայաստանեայց Առաքելական Մայրենի մեր Սուրբ եկեղեցին, երբ Աստւածաշունչը ընթերցւում էր ասորերէն եւ յունարէն լեզուներով, որոնք անհասկանալի էին Հայ ժողովրդին: Ի վերջոյ այս ահաւոր կացութեան լուծում բերեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց, հայերէն գրերի հնարումով եւ Թարգմանիչ վարդապետների օժանդակութեամբ Աստւածաշունչը հայացնելով, ասաց Մարիամ Էլիասզադէն:

Ապա, մանկական արտասանութիւններով հանդէս եկան մանկապարտէզի սաները, որոնք Հայոց լեզւի եւ դպրութեան մասին իրենց սովորած կարճ քերթւածները ներկայացրին հաւատացեալներին: Աւարտին տէր հայրը քաջալերական խօսք ուղղեց հայոց դպրոցի աշակերտութեան եւ մանկապարտէզի երեխաներին, գնահատելով նրանց հարազատ ելոյթները:

Ուրմիահայութիւնը իւրաքանչիւր տարի, Սրբոց Թարգմանչաց տօնը իր զոյգ կրթօջախներով կը տօնախմբի, առաւել եւս զօրանալու ե՛ւ քրիստոնէական հաւատքի ե՛ւ իր ազգային պատկանելիութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։