Print this page
09/11/2019 - 11:30

Ատրպատականի հայոց թեմը խորհրդանշող հնադարեայ սիւնը՝ ազգային առաջնորդարանի շրջափակում

Ատրպատականի հնադարեայ թեմը իր քարեղէն պատմութեամբ եւս բարբառող խօսք է, վկայ մեր սրբավայրերը եւ բոլոր այն կառոյցները, որոնք հնաբոյր բայց չհնացող անցեալով փառքն են կազմում այս թեմի մշակութային ժառանգութեան:

«alikonline.ir» - Ատրպատականի հնադարեայ թեմը իր քարեղէն պատմութեամբ եւս բարբառող խօսք է, վկայ մեր սրբավայրերը եւ բոլոր այն կառոյցները, որոնք հնաբոյր բայց չհնացող անցեալով փառքն են կազմում այս թեմի մշակութային ժառանգութեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Անցեալ տասնամեակներին միշտ էլ եղել են Ազգային իշխանութեան գլխին կանգնած հոգեւորական եւ աշխարհական գործիչներ, որոնք ժամանակ առ ժամանակ բարեզարդել են ու զարդարել թեմի վարչական կենտրոնը հանդիսացող Ազգային առաջնորդարանը, այն թւականից սկսեալ, երբ այն Սբ. Թադէի վանքից փոխադրւել եւ հաստատւել է հայաշատ Թաւրիզում:

Նկարում ներկայացւած սիւնը, որը պատահաբար գտնւեց Թաւրիզի Ազգային գերեզմանատանը լքւած վիճակում, առաջնորդ Սրբազան Հօր՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի որոշումով փոխադրւեց ազգային առաջնորդարանի շրջափակը եւ տեղադրւեց «Համազասպ Ոսկանեան» հանդիսասրահի առջեւ գտնւող հողակտորի մէջ, որը ծաղիկներով երիզւած եւ վարդերով ծաղկուն մէկ պարտէզ է: Սոյն պարտէզի ճիշտ կենտրոնում գտնւող հողաթմբի վրայ  կանգնեցւեց սիւնը:

Այն շատ հաւանաբար Թաւրիզում գտնւած մէկ հնադարեայ տան մնացորդացն է, չենք իմանում ինչքան տարիներ առաջ եւ ո՞ւմ միջոցով է բերւել այնտեղ եւ լքւել մէկ անկիւնում: Երկու անջատ եւ իրարից տարբեր նախշերով քարեր են սրանք, որոնք իրարից մէկ քանի մետր հեռու էին գտնւում: Դրանցից մէկը, որը նաեւ խոյակ ունի, վաղ միջնադարեան քանդակի արտայայտութիւններով է դրսեւորւել, դէպի ներս փորւածքներով, որոնց նմոյշներին հանդիպում ենք Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի տաճարի դռան վերեւի մասում, ինչպէս նաեւ Ս. Թադէոս առաքեալի վանքի մեծ տաճարի հիւսիսայի պատի խորշում գտնւող մկրտարանի փորւածքում:

Խորհրդանշական խոր իմաստ ունի այս սիւնին զետեղումը Հայ Եկեղեցու անդրանիկ եւ դրա թեմերի հնագոյնի կենտրոնում՝ Թաւրիզի հայոց ազգային առաջնորդարանի շրջափակում:

Ոեւէ սիւն տւեալ կառոյցի անսասանութեան համար է զետեղւում, իսկ կառոյցի շինութիւնը իր աւարտին է հասնում տանիքի ծածկոյթով: Ուրեմն այն կառոյցը որի տանիքը փուլ գայ, դա կանգուն չի՛ համարւում այլ աւերակ:

Նորոգ զետեղեալ սիւնը առաջնորդարանի շրջափակում կանգնեցնելով, խորհրդանշականօրէն ցոյց է տրւում Ատրպատականի հայոց թեմի անսասանութիւնը: Մէկ թեմ, որը հակառակ բազմաթիւ ու բազմատեսակ ներքին եւ արտաքին դժւարութիւնների, դեռեւս շարունակում է կանգուն մնալ նախախնամական հրաշքով:

Սոյն սիւնի զետեղումով, թող մէկ անգամ եւս հաստատւի այն, որ Ատրպատականի հայոց թեմը առողջ սրտով ծերունի է…:

Յարակից լուրեր