Հա

Համայնք

24/11/2019 - 09:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի պետական հանդիպումները՝ Խոյ քաղաքում

Երեքշաբթի, 19 նոյեմբեր 2019-ի վաղ առաւօտեան Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Խոյ քաղաքը, նախապէս առնւած ժամադրութիւնների հերթականութեամբ հանդիպումներ ունենալու կուսակալին, քաղաքապետին ինչպէս նաեւ Մշակութային Ժառանգութիւնների պահպանութեան կենտրոնի տնօրէնի հետ:

«alikonline.ir» - Երեքշաբթի, 19 նոյեմբեր 2019-ի վաղ առաւօտեան Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Խոյ քաղաքը, նախապէս առնւած ժամադրութիւնների հերթականութեամբ հանդիպումներ ունենալու կուսակալին, քաղաքապետին ինչպէս նաեւ Մշակութային Ժառանգութիւնների պահպանութեան կենտրոնի տնօրէնի հետ: Նոյն առիթով նախատեսւել էր Սրբազան Հօր քննական այցը Խոյում վերանորոգւող մի շարք եկեղեցիներին, ինչպէս նաեւ հետաքրքրական այց՝ Խոյի պատմական բազար: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

 

Ա) Հանդիպում կուսակալի հետ

Առաւօտեան ժամը 10-ին, կուսակալութեան շքամուտքի մօտ պաշտօնական դիմաւորութիւն տեղի ունեցաւ, երբ Սրբազան Հայրը ժամանեց կենտրոնական շէնքը: Կուսակալի քաղաքական հարցերի խորհրդատու դոկտ. Թէյմուրին ընկերակցութեամբ կուսակալութեան ապահովական եւ գործադիր տնօրէնութեան պաշտօնեաների, ինչպէս նաեւ Մշակութային ժառանգութեանց պետական հմնարկութեան Խոյի մասնաճիւղի տնօրէն դոկտ. Միրազայիի, դիմաւորեց Սրբազան Հօրը:

Իր գրասենեակում կուսակալ Աբէդին ընդունեց Սրբազան Հօրը, ուրախութիւն յայտնելով այս բացառիկ այցելութեան համար: Սրբազան Հայրը իր ողջոյնի խօսքը ուղղելով կուսակալին, անդրադարձաւ Խոյ քաղաքի պատմական անցեալին եւ շեշտեց որ քաղաքում եւ շրջակայքում գտնւող հայկական բազմաթիւ եկեղեցիները վկայութիւն են անցեալուն հայ քրիստոնէութեան հայահոծ ներկայութեան մասին:

Սրբազան Հայրը իր բարձր գնահատանքը եւ շնորհակալութիւնը յայտնեց կուսակալին այն ջանադիր հովանաւորութեան համար որը նա ցուցաբերել է եւ ցուցաբերում է Խոյում եւ շրջակայ գիւղերում հայոց եկեղեցիների վերանորոգութեան մեծածաւալ աշխատանքներին:

Կուսակալը, որը մօտիկ ծանօթ էր իրանահայ համայնքի դրւածքին եւ պատմութեան, իր ուրախութիւնը յայտնեց այն ուսումնասիրական աշխատանքի համար որը շարունակում է կատարել Սրբազան Հայրը, տեղագրելով ու մանրամասն տւեալներով արձանագրելով Ատրպատականի հայոց թեմի տարածքում գտնւող հայկական եկեղեցիներն ու գերեզմանատները, որոնք բոլորի ուշադրութեան եւ հոգածութեան կարիքն ունեն: Երկկողմ զրոյցի ընթացքում մի շարք այլ հարցեր եւս քննարկւեցին, որոնք յառաջիկային շարունակւող հանդիպումների ժամանակ առաւել եւս բիւրեղացւելու են, միասնական նոր ծրագրերի գործադրութեամբ:

Հանդիպման աւարտին, Սրբազան Հայրը թեմի անունից յուշանւէր յանձնեց կուսակալին, որը գեղակերտ արծաթեայ բարձրաքանդակ էր, թաւրիզեցի վարպետ արծաթագործ Հենրիկ Աբրահամեանի աշխատանքով կերտւած:

 

Բ) Հանդիպում Խոյի քաղաքապետի հետ

Աշխատանքային իր այցի երկրորդ փուլը Սրբազան Հայրը անցկացրեց քաղաքապետարանում, պաշտօնական հանդիպում ունենալով քաղաքապետ դոկտ. Աքբարզադէի հետ: Կէսօրւայ ժամը 12-ին Սրբազան Հայրը ժամանեց քաղաքապետարան եւ ընդունւեց քաղաքապետի եւ քաղաքապետական խորհրդի ամբողջական կազմի կողմից:

Սոյն հանդիպմանը ներկայ էին նաեւ քաղաքապետարանի ճարտարապետներ եւ երկրաչափներ, ովքեր հայկական եկեղեցիների վերանորոգման աշխատանքներին իրենց գործօն մասնակցութիւնն են ունեցել:

Քաղաքապետը ողջունելով Սրբազան Հօր ներկայութիւնը, օրհնութիւն համարեց այն քաղաքապետարանի համար, ապա ներկայացրեց քաղաքապետարանի խորհրդին, ինչպէս նաեւ աշխատակիցներին:

Քաղաքապետ Աքբարզադէն մանրամասն տեղեկութիւններ տւեց Խոյի հնագոյն հրապարակի վրայ գտնւող հայոց Ս. Սարգիս եկեղեցու վերանորոգման ընթացքի մասին, աւելացնելով որ ներկայիս դրա շրջապատի կանաչապատումն ու բարեզարդումը կատարում են: «Քաղաքի կենտրոնական մասում գտնւող սոյն հնավայրը պարծանք է մեր քաղաքի համար, որի նկատմամբ պարտաւորութիւններ ունենք»,- շեշտեց նա:

Խոյի Մահլազան գիւղի Ս. Խաչ հնադարեայ եկեղեցու վերանորոգման աշխատանքների մասին զեկուցեց այն վերանորոգող ճարտարապետը, ներկայացնելով մասնագիտական այն մօտեցումները որոնք ցուցաբերել էր աշխատանքի ընթացքում, պահպանելու համար կառոյցի հնագիտական մեծ արժէքը:

Սրբազան Հայրը իր բարձր գնահատանքը յայտնեց քաղաքապետին, խորհրդին, ինչպէս նաեւ ճարտարապետական կազմին, կրօնական սրբավայրերի հանդէպ նրանց ցուցաբերած հոգածութիւնը աղօթքի համազօր երեւոյթ համարելով:

Շուրջ մէկ ժամ տեւած հանդիպման աւարտին, Սրբազան Հայրը թեմի անունից շնորհակալական յուշանւէր յանձնեց քաղաքապետին, ժողովի ընթացքում արծարծւած համագործակցութեան ծրագրերի հետզհետէ ի գործ դնելու հեռանկարով:

Յայտնենք, որ հանդիպման աւարտին, Սրբազան Հայրը ճաշի հիւրը եղաւ քաղաքապետին:

 

Գ) Վերահսկողական այց՝ Խոյի Ս. Սարգիս եկեղեցի

Ճաշի դադարից յետոյ պետական ներկայացուցիչների ընկերակցութեամբ Սրբազան Հայրը այցելց Խոյի Ս. Սարգիս եկեղեցի: Աղօթքի կարճ պահից յետոյ, նա վերատեսութեան ենթարկեց եկեղեցու կատարւած վերանորոգման աշխատանքը, իր ցուցմունքը կատարելով յայտկապէս խորանի վերակառուցման աշխատանքի գծով: Ե՛ւ կուսակալի ե՛ւ քաղաքապետի հետ ունեցած հանդիպման ընթացքում, Սրբազան Հայրը շեշտեց սոյն եկեղեցին տօնական կամ որոշ առիթներով ուխտաւորների ներկայութեամբ գործող եկեղեցիի վերածելու հրամայականը:

Կուսակալի քաղաքական հարցերի խորհրդատուն, որը Սրբազան Հօրը ընկերակցող պետական պատասխանատուների խումբն էր գլխաւորում, ամբողջութեամբ համամիտ եղաւ առաջարկին, առիթից-առիթ հայ ուխտաւորներին այս եկեղեցում ընդունելը Խոյ քաղաքի համար եւս մեծ բարեբախտութիւն համարելով:

Սրբազան Հայրը մանրազննին քննութեան ենթարկեց եկեղեցու շրջակայքում գտնւող կանաչապատ տարածքի բարեզարդման աշխատանքը, որտեղ գործում էր բանւորների կազմակերպ մէկ խումբ, իրենց ճարտապետի անմիջական հսկողութեան ներքոյ: Սրբազան Հայրը բանւորներին յատկապէս քաջալերեց, շեշտելով որ այս սրբավայրն էլ Աստծու տունն է, ուրեմն իրենց կատարած աշխատանքը՝ սուրբ աշխատանք է:

 

Դ) Այց՝ Մահլազան գիւղի վերանորոգւող Ս. Խաչ եկեղեցի

Թաւրիզ վերադարձի իր ճանապարհին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը կանգ առաւ Մահլազան գիւղում, ստուգելու համար հայոց Ս. Խաչ եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքը:

Մշակութային ժառանգութեանց պետական հիմնարկութիւնը եւ Իրանի եկեղեցիների պահպանման տեսչութիւնը՝ գլխաւորութեամբ դոկտոր Շերլի Աւետեանի, գրեթէ իր աւարտին են հասցրել սոյն եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Ներքին ծեփը, գմբէթի աղիւսների ամրացումը, դռների զետեղումը եւ խորանի բեմի վերակառուցումը, ինչպէս նաեւ ամբողջ եկեղեցու սալարկումը աւարտւել է արդէն: Միայն խորանի սեղանի կառուցումն աւարտելուց յետոյ, հնարաւոր կը լինի եկեղեցու վերաօծումը կատարել գարնանը, մեծաթիւ ուխտաւորների ներկայութեամբ:

Մահլազան գիւղով իր աշխատանքային արդիւնաւէտ այցը աւարտած, Սրբազան Հայրը աղօթք մատուցեց առ Աստւած Ս. Խաչ եկեղեցում եւ վերադարձաւ Թաւրիզի առաջնորդարան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։