Հա

Համայնք

28/11/2019 - 09:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Գիրմնաւուն գիւղում

Տեղագրական եւ ազգագրական իր հետազօտութիւնների աշխատանքը շարունակելով թեմում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 1 նոյեմբեր 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Գիրմնաւուն գիւղը, եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական որեւէ հետք փնտռելու նպատակով:

«alikonline.ir» - Տեղագրական եւ ազգագրական իր հետազօտութիւնների աշխատանքը շարունակելով թեմում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 1 նոյեմբեր 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Գիրմնաւուն գիւղը, եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական որեւէ հետք փնտռելու նպատակով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ստորեւ ներկայացնում ենք Սրբազան Հօր կատարած տեղագրութիւնը, ի՛ր գրչով:

Մեշափարա գաւառակի միջով անցնող մայր ճանապարհից նայելով, հեռւում պարզ աչքով երեւում է նախկին հայաբնակ Գիրմնաւուն գիւղը, որը մեռեալ կամ աւերակ տարածքի տխուր պատկեր է ներկայացնում այժմ, խորապէս յուզելով հայ ականատեսին:

Աներդիք աւերակ տներ, չոր եւ բարձրահասակ խոտերի մէջ կորւած նեղ անցքեր, դարաւոր ընկուզենիներ եւ հսկայական թթենիներ, որոնք ծեր պահապանների նման դեռ ունեն կամք տիրութիւն անելու իրենց այնտեղ տնկող եւ անցեալում հոգատարութիւն ցուցաբերած անձանց թողած անտէր ժառանգին...:

 

Անւան շուրջը

Ինչպէս Ղարադաղի մէկ շարք գիւղերի անունները իրենց կոչումն են ստացել կա՛մ բնութեան հետ համեմատութեամբ եւ կա՛մ պատահած մէկ դէպքի առիթով, նոյնը մտածում էինք նաեւ Գիրմնաւուն գիւղի անւան շուրջ պրպտումներ կատարելիս, սակայն մինչեւ մեր սոյն գիւղին տւած այցը, չէինք կարողացել մասնաւոր եզրակացութեան յանգել:

Սիւնեանց Ս. Տաթեւի վանքին ենթակայ գիւղերի ձեռագիր ցուցակում յիշւել է այս գիւղը «Կարմնալն» անունով, որը հետագայում վերածւել է «Գիրմինաւուն»-ի, «Գիրմնաւուն»-ի, «Գերմանաւա»-ի, իսկ այժմ թուրքերը այն անւանում են «Գերմնապ»: Փաստօրէն անւան հիմքը մնացել է, սակայն այլափոխւել ժամանակի ընթացքում:

Թէ ի՞նչ է նշանակում այս անունը, Յովհաննէս Յովսէփեանի հետ համակարծիք եղանք այն առնչելու «կարմիր» բառի արմատի հետ, նկատի ունենալով, որ հին ձեռագրում յիշւած «Կարմնալ» անւան արմատը հաւանաբար «կարմիր» բառն է, որի շուրջ պէտք է կազմւած լինի անունը:

Մեր այցի ընթացքում մենք ականատես եղանք գիւղի ընդհանրապէս կարմիր քարերով շինութիւններ ունենալուն, յատկապէս եկեղեցու ճակատի վրայ շարւած կամարը, որը ըստ երեւոյթին ամէնից հին մասն էր գիւղի շինութիւններին, կարմրագոյն քարի տեսակով էր հիւսւել: Քարը, որը երեկոյեան արեւի մարող շողերի տակ աւելի էր կարմրում, գիւղի ամօթխած աղջիկների անմեղ դէմքն էր յիշեցնում:

 

Գիրմնաւուն գիւղը

1 նոյեմբեր 2019 թ.-ի կէսօրը անցել էր երբ հասանք Գիրմնաւուն գիւղը: Հանդարտութիւն էր: Մայր ճանապարհից երբ դէպի ներս թեքւեցինք, մեզ այնպէս թւաց որ շատ յառաջադէմ ու բարեզարդ մէկ գիւղ ենք մտնում: Երկթեք կարմիր տանիքներով հոյակերտ առանձնատներ, որոնց տարբեր ձեւերին հանդիպել էինք Միացեալ Նահանգների գիւղական շրջաններում, որոնք ունեն իրենց շրջափակերը, աւազաններն ու վարդաստանները...:

Հեռւից երեւացող Գիրմնաւունի եւ դէպի այնտեղ առաջնորդող ճանապարհային այս մասի միջեւ լեռ ու ձոր տարբերութիւն կար: Փաստօրէն հին գիւղի կողքին նոր գիւղ էր կառուցւել թուրք նոր սերնդի կողմից...:

Մարդ չկար որին հարց տայինք այս մասին: Գիւղացի մէկ կին որը իր բակում միրգ չորացնելու աշխատանք էր կատարում, դէպի հին գիւղը թեքւելու հողաքանդ ճանապարհը ցոյց տւեց միայն: Գնացինք՝ բայց անօգուտ: Չկարողացանք գտնել այնտեղ առաջնորդող իսկական ճանապարհը:

Հին գիւղը հեռւից դիտելով նման է առիւծի հսկայ թաթի, որը վերեւի սարից իջնում է ցած, եւ որի վրայ են գտնւում հայկական տների աւերակները: Տեսնում էինք գիւղը, սակայն այնտեղ չկարենալ հասնելու ցաւը տառապեցնում էր մեզ: Ի վերջոյ ամայի փողոցներով գիւղից դէպի դուրս մեկնող մարդու հանդիպեցինք: Ազնւութեամբ պատասխանեց մեր բարեւին եւ մեր խնդրանքին ընդառաջելով, հրաժարւեց իր որոշած տեղը գնալուց ու բարձրանալով մեր ամենագնացի մէջ, սկսեց ցոյց տալ դէպի հին գիւղը առաջնորդող ճանապարհը:

Հակառակ իր տածած բացառիկ յարգանքին եւ մեր արձանագրած տեսերիզի վրայ համաձակօրէն խօսելուն, մարդը խուսափեց իր անունը տալուց, եւ այնքան համբերատարութեամբ մեզ հետ սպասեց գիւղում, մինչեւ որ մեր հետազօտական աշխատանքը աւարտեցինք:

Հին Գիրմնաւունը շուրջ 30 տարի առաջ դատարկւել է իր բնակիչներից, ինչպէս ասում էր մեզ այնտեղ առաջնորդող մարդը: Հայերը այստեղ հաւաքաբար ապրել են մինչեւ 1919-ի գաղթը, երբ չեն դիմացել 1915-ից յետոյ Ղարադաղի խաների կազմակերպած աւազակութիւններին եւ սպանութիւններին: Խաները լսելով Արեւմտեան Հայաստանի գաւառներում հայերի ջարդերի մասին, առաւել քաջալերւում են եւ իրենց հերթին սկսում անկաշկանդ վայրագութիւններով նեղել հայ գիւղացուն, որը իր շունչը առնում էր կա՛մ Թաւրիզում եւ կա՛մ Հայաստանի տարբեր գիւղերում:

Վերոյիշեալ գաղթի, ինչպէս նաեւ Ղարադաղի մէկ շարք գիւղերի ապահովական կացութեան եւ այլ մանրամասների շուրջ հետաքրքիր տեղեկութիւններ ենք յայտնաբերել, մեր թեմի քահանայից դասին պատկանող եւ Ղարադաղի շրջանում ծառայած Տ. Մարտիրոս քհնյ. Տէր-Մարտիրոսեանի1 յուշերում, յատկապէս 20-րդ դարի սկզբնաւորութեան վերաբերեալ: Դեռ քահանայ չձեռնադրւած, նա իր յուշերի տետրակում արձանագրել է թէ 1919-ին երբ ժողովրդի մէկ մասը գաղթել է Հայաստան, իրենք էլ եկել են եւ հաստատւել Թաւրիզում2:

1919 թւին 35 տուն եւ 210 հաշւող գիւղը ստիպողաբար է բռնել գաղթի ճանապարհը: Խաների կողմից կազմւած աւազակախմբերը վախեցրել են խեղճ գիւղացուն յանկարծ յարձակւելով հայկական գիւղերի վրայ, երեւելի անձերից մէկին բոլորի առջեւ ծեծելով, նւաստացնելով եւ նրանից գումար պահանջելով: Իրենց ստեղծած սարսափի մթնլորտից օգտւելով, աւազակները անարգել մտնում են հայ գիւղերի արտերը եւ հնձում ու տանում հասած բերքը, մինչ գիւղացին վախից փակւած է մնում իր տանը, ինչպէս գրում է Յովհաննէս Յովսէփեանը: Աւելին, նրանք չարաչար մահւամբ էին պատժում այն անձերին, որոնք գաղտնաբար ճանապարհւում էին Թաւրիզ, հայ գիւղացու անունից բողոք ներկայացնելու համար կառավարութեան: Ահռելի սպանութիւնների օրինակներ են Յովսէփեանի արձանագրածները, որոնց համար ասում է, թէ սպանւած անձերի դիակները այլանդակում էին, որպէսզի ո՛չ ոք չհամարձակէր նման քայլի դիմել3:

Մեզ առաջնորդող մարդը տեղեկութիւն տւեց նաեւ գիւղում բնակւող վերջին հայերի մասին, որոնք նոյնիսկ գիւղի հայ բնակչութեան մեկնումից յետոյ ապրել էին Գիրմնաւունում, որոնց յաջորդ սերունդին ինք տեսել էր. «Հայերի եղած ատեն ինչքան բարեկարգ էր գիւղը եւ կանգուն էին բոլոր տները, իսկ երբ նրանք գնացին եւ մենք եկանք, ամէն ինչ լքւած վիճակ ստացաւ», պատմում է մեզ ճանապարհ ցոյց տւողը եւ շարունակում. «Հայերի հեռանալուց յետոյ երկու ընտանիք հրաժարւել է մեկնելուց, որոնց յաջորդ սերնդին ես տեսել եմ, ահա այս երկու տներում էին ապրում նրանք», ասաց մարդը եւ ցոյց տւեց մօտակայքում գտնւող աւերակ երկու տները: Վերջում նրանց որտեղ գնալու մասին մեր հարցին պատասխանեց ասելով, որ «նրանք էլ Ողան գիւղ գնացին, որից յետոյ էլ տեղեկութիւն չունեցանք նրանց մասին: Ես էլ փոքր էի եւ այդքան մանրամասն չեմ յիշում նրանց անունները կամ ընտանեկան ազգանունները»,- եզրակացրեց նա:

Գիրմնաւունի տների միայն տանիքները թափւել են եւ ներսում վայրի բոյսերի խենթ աճը անմերձենալի է դարձրել ներքնամասը: Հայերից յետոյ թուրքեր բնակւած լինելով այնտեղ, տների պատերը դեռ կանգուն են, ոմանց պատուհանների փտած փայտերը տեղում են, սակայն ընդհանուր տեսարանը շատ յուզիչ ու արցունքաբեր է:

Թաւրիզ ապաստանած ղարադաղցիներից ոմանք վերադարձել են իրենց գիւղերը, երբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Ներսէս արք. Մելիք-Թանգեանին յաջողւել է Ատրպատականի նահանգապետի օժանդակութիւնը ձեռք բերել, պատժելու համար Ղարադաղի ինքնահռչակ բռնատէրներ դարձած Խաներին4: Այլապէս Թաւրիզի գլխաւոր հրապարակներում ամբողջ օրը իբրեւ բանւոր վարձւելու յոյսով կանգնում էին ղարադաղցի հայերը, յատկապէս ձմռան ցրտից հիւանդանալով:

Մեր կատարած ուսումնասիրութիւնները Ատրպատականի հայոց թեմի արխիւատնում, ի յայտ բերեցին մէկ շարք հեռագրեր եւ նամակներ, որոնք Մելիք-Թանգեան Սրբազանի կամ առաջնորդարանի կողմից գրւել են նահանգապետ Դովլէին: Սոյն նամակներից եւ հեռագրերից կարեւորները ուսումնասիրելուց բացի մեքենագրել եւ մաս առ մաս հրատարակել ենք Ազգային առաջնորդարանիս «Արտազ» ամսագրում: Ղարադաղում հայերի հանդէպ կատարւող խժդժութիւններին վերջ տալու խնդրանօք հեռագրում ասւում է. «Ես շատ ու շատ անգամ գրել եմ Ղարադաղ Խաների տւած անթիւ վնասների համար, այժմ էլ գրում են Ռաշիտ Դովլէի նամակը, որը վկայում է այդ գազանութիւնների, արւած Աբդուլ Սամադի, Սաջա Մամայիի, Ռոստոմ Խանի ձեռքով5»:

Թէ ինչո՞ւ ղարադաղցի հայերը իրենց գիւղերը վերադառնալուց յետոյ չկարողացան յաջողութիւն գտնել եւ հետզհետէ վերստին դատարկւելու սկսեցին հայաբնակ գիւղերը: Այս մասին Ղարադաղի Հայրենակցական միութեան «Աղաղան» պարբերականը վերլուծումներ կատարում է, յառաջադէմ դարու պայմաններին անտեղեակ հայ գիւղացու լուսաւորման կարիքը անհրաժեշտ համարելով. «Մեր գիւղացիութիւնը իր տնտեսութիւնը առաջ է տանու նահապետական, անդրջրհեղեղեան միջոցներով, քանի որ նա տգէտ է եւ չի՛ կարողանում օգտւել իր տրամադրութեան տակ գտնւող անբաւ հարստութիւններից: Եւ տեղի է ունենում մի պարզ հասկանալի երեւոյթ - տգէտ, քաղաքակրթութեան նորագոյն զէնքերից զուրկ գիւղացին, ասենք ղարադաղցին, չկարողանալով հին խոփով աշխատել տարւայ պարէնը խրւում է պարտքի մէջ եւ ստիպւած ձեռք առնելով օտարութեան գաւազանը թափառում է քաղաքից-քաղաք, երկրիցերկիր, աշխատում է օր ու գիշեր անտառներում կամ նաւթահորերում, գործարաններում կամ խոհանոցներում, չարչարւում է հա չարչարւում, տարիներով զրկւում է հարազատների երեսը տեսնելու բաւականութիւնից, բայց չկարողանալով վերականգնել իր քայքայւած տնտեսութիւնը կամ մեռնում է օտար երկնքի տակ, հեռու սիրող հայեացքներից, կամ էլ հայրենի գիւղն է վերադառնում ֆիզիքապէս, յաճախ նաեւ բարոյապէս հաշմանդամ դրութեան մէջ»6:

Գիրմնաւուն գիւղի հայոց Ս. Հռիփսիմէ եկեղեցին

Գիրմնաւունցի թուրքը մեզ ցոյց տւեց գիւղի Ս. Հռիփսիմէ եկեղեցին. «Հայերի գաղթից յետոյ մեր պապերը եկեղեցին մզկիթի վերածեցին եւ այստեղ եղաւ մեր աղօթավայրը, մինչեւ որ մենք էլ հեռացանք եւ կողքում գիւղ հիմնեցինք՝ Գերմնապը, իսկ այս շինութիւնը աւերակ վիճակի մատնւեց»,- ասաց նա: Խորքում մենք փառք տւեցինք Աստծուն որ մեր նախնիների մեկնումից յետոյ այն մզկիթի էր վերածւել նոր բնակիչների կողմից, որովհետեւ վերջապէս Աստծու Տան հանդէպ նախանձախնդրութեամբ պահպանւել էր կառոյցը:

Ս. Հռիփսիմէ եկեղեցին 12x6 մետր ներքին տարածութեամբ եւ 4 մետր բարձրութեամբ քառանկիւն կառոյց է, գերանածածկ տափարակ կտուրով: Թէպէտ շրջակայ բոլոր տների առաստաղները փուլ են եկել եւ գերաններն էլ գոյութիւն չունեն, սակայն գիւղի եկեղեցու տանիքը դեռեւս կանգուն է, շնորհիւ եկեղեցու ամբողջ երկայնքով, մէջտեղի գծում զետեղւած գերանների, որոնք երկմատանի բացւածք ունեցող գլուխով բռնում են տանիքի ամբողջ երկայնքով անցնող կենտրոնական գերանի ծանրութիւնը: Տեղ-տեղ բնութիւնը իր ձիւն ու անձրեւով աւերներ է գործել, յատկապէս արեւմտեան պատի մէջ հսկայ ճաք յառաջացնելով, իսկ արեւելեան կողմում տանիքի մէկ մասը փուլ բերելով:

Մկրտութեան աւազանը ամբողջութեամբ քանդւել է եւ դէպի դուրս անցք է բացւել դրա տեղում: Խորանի բեմը՝ մէկ մետր բարձրութեամբ մնում է, ինչպէս նաեւ դրա աջ ու ձախ կողմերի խորշերը պատերում՝ սկիհի եւ հաց ու գինու յատուկ: Խորանի յետեւում՝ արեւելեան պատը կիսակլոր է, իսկ խորանը, որը շատ հաւանաբար փայտից էր սարքւած՝ գոյութիւն չունի:

Եկեղեցու դուռը գտնւում է արեւմտեան պատի հիւսիսային անկիւնում, որը ունի կամարակապ վերնամաս: Սպիտակ կամարաձեւ քարի վրայի յիշատակարանը մուրճի մանրագոյն հարւածներով սրբւել է, հայերէն տառերի փոսերը միայն թողելով այնտեղ, որով եւ անընթեռնելի էր արձանագրութիւնը:

Քարաշէն եկեղեցու դռան շքեղութիւնը տպաւորեց մեզ: Շքամուտքը սրբատաշ քարեր ունի, որոնք իրենց վարդագոյն դէմքը երեկոյեան արեւի տակ բոոսորագոյնի էին դարձրել: Հարաւային եւ արեւմտեան պատերի վրայ բարձրադիր շատ փոքր պատուհաններ կան, որոնցից հարաւայինի վրայ դեռեւս մնում է փայտեայ ապակեզուրկ կոտրած փեղկը: Բացի դռան շքամուտքից, գիւղական անտաշ քարերով կերտւած այս եկեղեցին մտնելիս իւրօրինակ հարազատութիւն է զգում մարդ, կենտրոնական գերանասիւների եւ առաստաղի ծերացած գերանների բնական գոյնի ջերմութեամբ: Ի դէպ, մեր նախնիք այս եկեղեցին էլ երկրաշարժերի փլուզումից փրկելու նպատակով, կառուցման ընթացքին պատերի մէջ գերաններ էին դրել, արեւմտեան եւ հարաւային պատերը, ինչպէս նաեւ հիւսիսային եւ արեւելեան պատերը իրարու ագուցելով ներքնապէս:

«Թագաւոր երկնաւոր զեկեղեցի քո անշարժ պահեա՛» աղաչեցինք Աստծուն, որ գէթ յաջորդ մեր այցին նոյն վիճակում գտնէինք Իր տունը, որի պատերին կպած խունկի գուլաները յաւերժաբարբառ աղօթք էին դարձել:

 

Գիրմնաւուն գիւղի հայոց գերեզմանատունը

Գիւղի հիւսիսակողմում, փոքր ձորակը անցնելուց յետոյ բլրալանջի հարթութեան վրայ, մացառների մէջ կորւած քարեր կան, որոնցից ոմանք միայն ունեն արձանագրութիւն: Մնացեալները անտաշ սալատապաններ են:

Ինչպէս սովորութիւն էր անցեալում, գիւղից մի քիչ հեռաւորութեան վրայ էին հաստատում գերեզմանատունը, բարձունք տեղում, հեղեղներից փրկելու համար քարերի սահանքն ու աճիւնների կորուստը:

Գիրմնաւուն գիւղում իրենց աչքերը փակած մեր նախնիք եւս կարօտ ունէին աղօքթի եւ մէկ ծւէն խունկի. «Հոգւոցն հանգուցելոց Քրիստոսի Աստւած... եւ յատկապէս յիշեա՛ զհոգիս այնոցիկ որք թաղեալ կան յայսմ գերեզմանատան Գիրմնաւուն գեղջ...»:

Բարձր խոտերի միջում խրւած քայլելիս մտահոգ օձերից խայթւելու վտանգով, դուրս եկանք Գիրմնաւունի գերեզմանատնից եւ գիւղից, յետոյ իմանալով որ այստեղ կրակ էր բռնկւել եւ բարձրահասակ չոր խոտերը հրկիզւել էին...:

 

_____________________________________________________
1. Տէր Մարտիրոս քհնյ. Տէր-Մարտիրոսեանը, աւազանի անունով Սարգիս, ծնւել է 1892 թ. նոյեմբեր 12-ին, Ղարադաղի Նորաշէն գիւղում: Մկրտւել է Յոյժ գիւղի Ս. Գէորգայ Մենաստանում, ձեռամբ Խանագահ գիւղի հոգեւոր հովիւ Տ. Առաքել քհնյ. Տէր-Առաքելեանի: Տարրական կրթութիւնը ստացել է գիւղի դպրոցում: Հողագործ է եղել, զաւակ գիւղի հոգեւոր հովիւ Տէր-Մարտիրոս քհնյ. Եկանեանի: 1920 թւին Թաւրիզում ամուսնանում է Լումա գիւղացի՝ 14 ամեայ Թամարա Պետրոսեանի հետ, ձեռամբ Տ. Ղեւոնդ քհնյ. Աւետիսեանի: Զոյգը բախտաւորւում է չորս մանչ եւ երեք աղջիկ զաւակներով: Հայրը վախճանւում է 1919 մայիսի 6-ին եւ թաղւում Յոյժ գիւղի եկեղեցու աջ կողմում: Նրա վախճանումից 6 տարի անց, Նորաշէն եւ Լումա գիւղի հասարակութիւնը խնդրագիր է ներկայացնում Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Ներսէս արք. Մելիք-Թանգեանին, որպէսզի քահանայական կարգ շնորհի Սարգիս Տէր-Մարտիրոսեանին, վերոյիշեալ գիւղերում քահանայագործելու համար: Ձեռնադրութիւնը կատարւում է Թաւրիզի Բերդաթաղի Ս. Աստւածածին Մայր եկեղեցում, 28 ապրիլ 1925 թւին: 35 տարի ծառայել է Ղարադաղի գիւղերում, ապա փոխադրւել Թաւրիզ, որտեղ եւ վախճանւել է 1964 թւին եւ թաղւել Թաւրիզի հայոց ազգ. գերեզմանատանը, Ս. Շողակաթ եկեղեցու արեւելեան պատի դրսի մասում:

2. Տէր-Մարտիրոսեան Մարտիրոս քհնյ., Յուշեր, Ատրպատականի հայոց թեմի արխիւ, թղթ. թիւ 20, էջ 4:

3. Յովսէփեան Յ., նոյն, անդ, էջ 152-153:

4. Նոյն անդ, էջ 155:

5. «Արտազ», ամսագիր Ատրպատականի հայոց թեմի, Չիֆթճեան Գրիգոր եպս., «Արխիւային անտիպ էջեր», Թաւրիզ, ժԴ. տարի, 2019, հոկտեմբեր, թիւ 10, էջ 2:

6. Վասարօ, «Գիւղ եւ գիւղացի - Գիւղը Շւէյցարիայում», Աղաղան, Օրգան Ղարադաղի Աղաղան գիւղի Հայրենակցական միութեան, Թաւրիզ, Ա. տարի, թիւ 1, յունւար 1912 թ., էջ 15:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։