Հա

Համայնք

30/12/2019 - 10:20

Ատրպատականի հայոց թեմում ընթերցւեց Արամ Ա Վեհափառի 2020 տարւայ սրբատառ կոնդակը

Ս. Շողակաթ եկեղեցում իր մատուցած եպիսկոպոսական հանդիսաւոր պատարագի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ընթերցեց Վեհափառ Հայրապետին պատգամը, որով Նորին Սրբութիւնը 2020 տարին հռչակում էր «Յատուկ խնամքի կարօտ հայորդիների տարի»:­

«alikonline.ir» - Կիրակի, 29 դեկտեմբեր 2019 թ.-ին, մեր թեմում կիրարկւած երկար տարիների աւանդութեան համաձայն, տարւայ վերջին ս. պատարագը մատուցւեց Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատան Ս. Շողակաթ եկեղեցում, որտեղ նաեւ հանդիսաւոր հոգեհանգիստ կատարւեց այս տարւայ ընթացքում մեզանից առյաւէտ բաժանւած հանգուցեալների հոգու խաղաղութեան համար: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Դարձեալ վերջին տասնամեակին, մեր թեմի որդեգրած անգիր օրէնքի համաձայն, նոյն օր յընթացս սուրբ եւ անմահ պատարագի, ընթերցւում է Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի սրբատառ հռչակագիր-կոնդակը, տւեալ տարին ազգային մեր կեանքի մէկ երեւոյթին ձօնւած:

Ս. Շողակաթ եկեղեցում իր մատուցած եպիսկոպոսական հանդիսաւոր պատարագի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ընթերցեց Վեհափառ Հայրապետին պատգամը, որով Նորին Սրբութիւնը 2020 տարին հռչակում էր «Յատուկ խնամքի կարօտ հայորդիների տարի»:­

Աստւածաշնչում եւ մասնաւորաբար Քրիստոսի կողմից ծաւալւած մարդասիրական օժանդակութեանց եւ կատարած բժշկութեանց օրինակը աչքի առաջ ունենալով, քրիստոնէական եկեղեցին ի՛նք հետեւող էր լինելու իր Մեծ Վարդապետի օրինակին, եւ իր սիրոյ ու հոգածութեան կեցւածքով տիրութիւն էր անելու անտէրին ու կարօտեալին:

Նորին Սրբութիւնը լայն անդրադարձ է կատարում յատկապէս միջազգային եւ ներազգային մակարդակներում քաղաքակրթութեան զարգացման հետ կարօտեալ եւ յատկապէս հաշմանդամ մարդկանց նկատմամբ մարդկային ընկերութեան վերաբերմունքի կրած դրական փոփոխութիւններին:

Վեհափառ Հայրապետը մանրամասն տւեալների վրայ յենւած ներկայացնում է Հայաստանում եւ Սփիւռքում մեր ազգի հաշմանդամ զաւակների նկատմամբ ցուցաբերւող խնամքը: Հայաստանում բացւած համապատասխան պետական-բարեսիրական հիմնարկութիւնների նման, Նորին Սուրբ Օծութիւնը ներկայացնում է Սփիւռքում, յատկապէս յետցեղասպանութեան տարիներին շվէյցարիացի հայասէր մարդկանց կողմից հիմնւած կենտրոնները Բէյրութում, որտեղ պատսպարւել էին Եղեռնից վերապրած հաշմանդամ հայորդիները, մասնաւոր արհեստների եւ արւեստների տիրապետելով, իրենց կեանքը շարունակելու համար:

Վերջապէս, Նորին Սրբութիւնը կոչ է ուղղում մեր ազգի բոլոր զաւակներին, սկսած առաջնորդներից եւ թեմական իշխանութիւններից, մինչեւ մեր Միութիւններն ու Կազմակերպութիւնները, ունեւոր ազգայիններն ու հաւատացեալ ժողովուրդը, յատուկ ուշադրութիւն դարձնելու մեր ազգի հաշմանդամ զաւակներին, նրանց նկատմամբ սովորական գութից եւ խղճալու արտայայտութիւններից բացի գործնապէս օժանդակելու նրանց կենսամակարդակի բարձրացմանն ու ընկերութեան կեանքում արժանապատիւ տեղ ունենալու ծրագրերին:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետի հռչակագիր-կոնդակի պահպանութիւնը եկեղեցում կատարում էին Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի սկաւուտները, որոնք «Հայր մեր»-ից առաջ Նորին Սրբութեան հռչակագիր-կոնդակը թափօրով առաջնորդեցին դէպի խորան եւ յանձնեցին Սրբազան Հօրը:

Նշենք, որ նոյն օր, Վեհափառ Հայրապետին սոյն հռչակագիր-կոնդակը ընթեցւեց նաեւ Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում, արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի միջոցով, որը այդ օր սուրբ պատարագը մատոյց վերոյիշեալ եկեղեցում: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։