Հա

Համայնք

23/01/2020 - 09:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ղալամլու գիւղում

Ատրպատականի հայոց թեմի հայաթափւած շրջաններում գոյութիւն ունեցող եկեղեցիների, գերեզմանատների եւ ազգային ու մշակութային արժէք ներկայացնող կառոյցների ցուցակագրումը եւ նկարագրութիւնը կատարելու նպատակով, թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, չորեքշաբթի, 13 նոյեմբեր 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Ղալամլու գիւղը:

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմի հայաթափւած շրջաններում գոյութիւն ունեցող եկեղեցիների, գերեզմանատների եւ ազգային ու մշակութային արժէք ներկայացնող կառոյցների ցուցակագրումը եւ նկարագրութիւնը կատարելու նպատակով, թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, չորեքշաբթի, 13 նոյեմբեր 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Ղալամլու գիւղը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ստորեւ ներկայացնում ենք Սրբազան Հօր կատարած տեղագրութիւնը, ի՛ր գրչով:

 

Մուտք

Ղարադաղի Քէյւան գաւառակում մեր դժւարին շրջագայութիւնը՝ լեռնային մէկ շրջանից միւսը, մէկ լեռան ծերպից մինչեւ յաջորդը, մեզ առաջնորդեց նախկին հայաբնակ Ղալամլու գիւղը: Ճանապարհ բացւել է գիւղ հասնելու, որը բաւականին ընդունելի կարգավիճակ է ներկայացնում, հակառակ հողաքանդ լինելուն: Ներկայ բնակիչները թուրքեր են, որոնք դեռեւս նախկին դարի սկզբնական շրջանի փոխադրամիջոցներից են օգտւում, ընտանի չորքոտանիներով տեղափոխւելով տեղից-տեղ: Ուրեմն գիւղը իր աւանդական տեսքով կարելի է երեւակայել, թրիքի ծանր հոտով յագեցած եւ ծխանի թանձր ծուխերով ներկայացող բնապատկերով:

Չորեքշաբթի, 13 նոյեմբեր 2019 թ.-ի կէսօրին հասանք Ղալամլու: Խաղաղութիւն էր տիրում ամենուրեք: Մի քանի իշապաններ մօտենում էին գիւղին, խռիւի խուրձեր կապած կենդանիների մէջքին, մինչ մենք մեր ամենագնացով բարեւեցինք ու անցանք: Հետզհետէ ճանապարհը նեղացաւ, ինքնաշարժի համար անանցանելի դառնալով, աջից դէպի ձորի տները ոտքի ճանապարհ թողնելով միայն, իսկ ձախից՝ լեռան կողին թառած մէկ քանի տները առաջնորդելով: Իւրաքանչիւր տուն իր կողքին ունէր իր գոմը, հաւանոցը եւ արդէն մօտեցող ձմռան համար վառելիք՝ փայտ եւ չորացրած թրիք, որոնք իրար վրայ շարւած՝ նման էին մոնկոլական արշաւող բանակների գմբէթաւոր վրաններին:

«Ղալամլու» անունը հաւանաբար գալիս է «Ղալամայ» թուրքերէն բառից, որը թարգմանւում է «Բարտի»: Գիւղի ճանապարհի վրայ, աջ ու ձախ գտնւող բարձրահասակ բարտիները իրե՛նք նախապատրաստում են Ղալամլու այցելող մարդուն, հասկանալու թէ ինչո՞ւ են այդպէս դրոշմել այս գիւղի անունը: Հետաքրքիր է, որ հնուց եկող անունն է այս եւ փոփոխութեան չի՛ ենթարկւել: Տարօրինակ չէ՛ այս երեւոյթը, որովհետեւ գաւառաբարբառների մէջ օգտագործւած տեղանուններն ու բառերը յաճախ նոյն տարածաշրջանում միասին ապրած ազգերի լեզուների մէկ խառնուրդ են ներկայացնում: Այսպէս օրինակ, գրական եւ գեղարւեստական պատկերազարդ «Արաքս» հանդէսը, տպւած 1893 թւին Սանկտ Պետերբուրգում, յիշելով Ղարադաղի գիւղերի անունները, այս գիւղի անունը գրում է «Ղէլէմլի» ձեւով, որը աւելի մօտ է թուրքերէն լեզւի հնչունաբանութեան, քան՝ հայերէն գաւառաբարբառի արտասանութեան1:

Իր երկու անչափահաս երեխաների հետ իրենց տան առջեւ գտնւող երիտասարդ հայրը բարեւեց մեզ, հարցնելով թէ ո՞ւմ ենք փնտռում: Մենք ո՛չ մէկ հայի անուն չէինք իմանում, որ այս գիւղում էր ապրել աւելի քանի 130 տարի առաջ…: Ուստի, մեր նպատակը բացատրեցինք, հայկական հետքեր գտնելու հեռանկարով: Նա իմանում էր գիւղի հայկական անցեալի մասին, սակայն աւելի լաւ տեղեկութիւն հաղորդելու համար կանչեց իր հօրը, որը արդէն ծերունազարդ մարդ էր, ձեռնափայտով հազիւ շարժւող: Ծերունին յայտնեց որ ինք լաւ է իմանում սոյն գիւղի հայկական արմատներ ունենալու մասին, սակայն արդէն շատ երկար ժամանակ էր անցել դրա հայաթափումից:

Ղալամլուն դէպի Հայաստան ներգաղթից առաջ դատարկւած գիւղերից է, շատ հաւանաբար 1900-ականների սկիզբներին, երբ Քէյւան գաւառակի գիւղերին «ապօրինաբար տէր դարձան Քեարիմ խանի սերունդները»2: Դրա բնակիչները ստիպողաբար եւ չդիմանալով հարկապահանջ խաների քմահաճ ճնշումներին, գաղթել են այլ վայրեր, գլխաւորաբար Ղարաբաղ: Գիւղացիների համբերութիւնը արդէն լցւել էր: Նրանք յաճախ երկու անգամ հարկ էին վճարում, ինչպէս կարդում ենք գիւղից Թաւրիզ ուղարկւած գրութիւններից մէկում. «Մի օր գիւղ է եկել միապետական դատաւորի մարդը, տարել է հարկը. միւս օրը վրայ է հասել սահմանադրական հարկահանը եւ առել երկրորդ անգամ: Ո՛վ է հարցնում, թէ դա անիրաւութիւն է, մի չտեսնւած կեղեքում: …Իւրաքանչիւր մի խան, ամէն մէկ բէկ ինքնիշխան արքայ է իր գիւղում. տուգանում է, ծեծում, կեղեքում, միւս կողմից էլ իր մարդկանց միջոցով կողոպտում է իր հպատակ գիւղացիներին»3:

Բնական էր ուրեմն, որ նման կեղեքումների իբրեւ հետեւանք, տնտեսական ճգնաժամ, աղքատութիւն եւ նոյնիսկ սով յառաջանար Ղարադաղի գիւղերում: Գաղթը ամէնից հեշտ փրկութեան միջոցն էր գիւղացու մտքում, աւելի ապահով վայր գտնելու իր ընտանիքի եւ արջառների համար: Այս մասին բարձրաձայնում է արդէն «Աղաղան»-ի խմբագիրը իր գրած խմբագրականով, թէ վստահաբար գալու է այս ճգնաժամից դուրս գալու պահը, հաւանաբար յեղաշրջումով. «Եւ ահա առաջ է գալիս տնտեսական այնպիսի մի ճգնաժամ, որից դուրս ելնելու համար հարկաւոր է մի արտակարգ ոյժ՝ մի նոր շեղաշրջում մեր երկրի տնտեսական կեանքում: Այդ յեղաշրջումը եթէ այնքան էլ մօտ չէ, շատ հեռու չէ»4

Խեղճ ու անպաշտպան գիւղացու յոյսը մէկ-մէկ յեղափոխութեան է կապւած եղել, մէկ-մէկ էլ գաղթի, որպէսզի վերջ տրւէր նրա կեանքի տանջալից թատերախաղին:

 

Հայոց եկեղեցի՞ Ղալամլույում

Վստահ ոչինչ չենք կարող ասել: Գիւղի արեւմտեան մասում, ձորի բերանը չհասած, արահետի ձախ կողմում հաստ պատերով մէկ շինութեան աւերակը կայ, որի եկեղեցի եղած լինելու մասին ակնարկութիւն կատարեցին գիւղացիներից ոմանք: Հիմքերի մասը, շուրջ կէս մետր բարձրութեամբ երեւում էր, իսկ չափն էլ մօտ էր Ղարադաղի այլ շրջաններում մեր հանդիպած եկեղեցիների ներքին տարածութեան: Սակայն ո՛չ մէկ ակնարկութիւն ունենք Ղարադաղի նւիրւած յուշագրութիւններում, թէ այս գիւղում հայոց եկեղեցի է եղել: Դժբախտաբար մեր առաջնորդարանի արխիւատնում եւս պահպանւած Չափաբերական մատեաններում չկարողացանք գտնել Ղալամլու գիւղում տեղի ունեցած ո՛չ մէկ խորհրդակատարութեան յիշատակութիւն: Թէ այնտեղ խորհրդատակարութիւններ տեղի ունեցել են, դրա անհերքելի փաստը՝ հայկական ընդարձակ գերեզմանատունն է գիւղում, հանդիպակաց բլրան վրայ լայնարձակ տարածութեամբ:

Վերահաստատում ենք վերեւում մեր արձանագրածը, թէ այս գիւղը, որի անունը Քէյւան գաւառակի գիւղերի շարքում յիշւել է 1800-ականների վերջերին միայն, ուրեմն դրանից յետոյ հայաթափւել է այն, եւ նորագոյն ցուցակներում չի՛ յիշւել: Մեր ձեռքի տակ եղած Չափաբերական մատեանների թւականները այնքան էլ հին չեն, որ հասնեն մինեչւ 18-րդ դարի վերջերին կամ 19-րդ դարի կէսերին:

Այժմ Ղալամլույում ապրող թուրք գիւղացիների համար մեր անակնկալ այցն իսկ զարմացուցիչ էր, էլ ո՜ւր մնաց որ նրանց հետաքրքրութիւնը վառ մնացած լինէր, նոյնիսկ զառամած ծերունիների մօտ, դարեր առաջ այս գիւղը հիմնած եւ ապա պայմանների բերմամբ այստեղից հեռացած հայերի, կամ նրանց կառուցած եկեղեցու մասին…:

Ի դէպ, գիւղում մեր հետազօտական շրջագայութեան ընթացքում հանդիպեցինք նաեւ այլ փլատակ կառոյցների, որոնք այնքան հին էին, որ գիւղի հայերով բնակւած օրերից ժառանգւած լինելու տպաւորութիւն էին թողնում: Սակայն վարկածներ են համարւելու մեր արտայայտած մտքերը դրանց մասին: Ուստի խուսափում ենք կամովին, այստեղ արձանագրել բացայայտ խօսք այս մասին: Սակայն պատմութեան համար այստեղ ներ¬կայացնում ենք գիւղի հաւանական եկեղեցու աւերակւած վիճակում մեր առած լուսանկարը, միշտ յուսալով մասնագէտ ուսումնասիրողի յայտնութիւնը մէկ օր, որին օգտակար հանդիսանալու հեռանկարը երբեք չի՛ աղօտանում պատմական անցեալը պրպտող բանասէրի հայեացքում:

Ղալամլուի հայոց հաւանական եկեղեցու աւերակների վրայ կանգնած բնաւ չկաշկանդւեցինք հոգեպէս՝ երգելու «Թագաւոր երկնաւոր»-ը, խնդրելով երկնաւոր Թագաւորից անշարժ պահել գէթ կանգուն մեր եկեղեցիները, որտեղ որ գտնւում են դրանք, աշխարհի ո՛ր մասում էլ որ կան:

 

Ղալամլուի հայոց գերեզմանատունը

Ղալամլու գիւղի հայոց եկեղեցու գոյութեան շուրջ այսքան անորոշութեան դիմաց, որի անուն անգամ չյաջողւեց մեզ գտնել մեր արխիւատնում, նոյն գիւղի հայոց գերեզմանատան բարւօք դրութիւնը մխիթարութեան շունչ պարգեւեց…: Ընդարձակ գերեզմանատուն, գիւղի հանդիպակաց բլրան ամբողջ գագաթը ծածկած, որի ընդհանրապէս յղկւած տապանաքարերից շատերը արձանագրութիւն ունեն իրենց վրայ:

Վերջապէս, Ղարադաղում ոտք էինք դրել Հայոց մէկ գերեզմանատուն, որտեղ գանձախոյզների ձեռքերի հետքեր չկային: Մեր այս զարմանքին միացաւ մէկ այլ անսովոր երեւոյթ, որ շիրմաքարերից մէկի արձանագրութեան էր վերաբերւում: Այս տապանաքարի տակ թաղւած ղալամլուցի հայը վախճանւել էր 1605 թւին: Կատարւած սոյն յուղարկաւորութեան թւականը անշեղ ճշմարտութիւններից մէկն է, որը փաստ իբրեւ ներկայացնում ենք այստեղ՝ Ղալամլու գիւղի հայկական արմատների եւ այսքան վաղ ժամանակներից Ղալամլույում հայերի ներկայութեան մասին: Վարելահողերը, արօտավայրերի առատութիւնը եւ ջրարբի բնութիւնը իրենք ձգողական ուժ էին հանդիսացել, մղելով որ մեր նախնիները այսքան երկար ժամանակ բնակւէին այս լեռներում, մինչեւ որ ստիպողաբար լքել են իրենց հայրենի օջախները ու գաղթել այլ վայրեր: Մէկ խնձորենի, որին հանդիպեցինք այս գիւղում, տերեւներից աւելի խնձոր ունէր շալակած իր իւրաքանչիւր ճիւղի վրայ…: Այս ինքնին փաստ է տեղի հողի պարարտութեան մասին, որը մշակւել էր մեր նախնիների կողմից, մէկի փոխարէն վաթսուն, ութսուն եւ հարիւր արդիւնքով:

Շուրջ 415 տարւայ հնութիւն ունեցող տապանաքարի վրայ մասամբ կարողացանք կարդալ հետեւեալ տողերը. «այս է տապան/ բաբաջան/եան խաչատուրի/ […] վախճան/եալ է 1605 ամի/ ապրիլի 10ին/»: Մէկ այլ տապանի վրայ գրւած արձանագրութիւնը վերաբերւում է եօթանասունամեայ հասակին վախճանւած մարդու, որի ազգանունը ցոյց է տալիս նրա Մելիքների շառաւիղ լինելը: Շիրմաքարի գրութեան բաժնից դուրս՝ շրջանակի վրայ 1848 թիւը հաւանաբար ենթակայի մահւան թւականն է, որի կողքի գրութիւնը ընթեռնելի չեղաւ՝ քարի մամռակալած լինելու պատճառով, իսկ աւելի ցածր եւ արձանագրութեան համար պատրաստւած հարթ բաժնում կարդում ենք. «այս է տապան լուսա/հօքի հանան(ե?)ան […]/ կենէ Դավիթ Մելիք/ ԱՍԼանեանցի վախճ/անեց յուլիս […]ին/»: Մէկ այլ գերեզմանաքար, արձանագրութիւն ունեցող բազմաթիւ այլ շիրմաքարերից, յարաբերաբար միւսների՝ ժամանակակից թիւ ունէր իր վրայ, որով դրանից իմացանք, որ մինչեւ 1918 թիւը, մինչեւ Հայաստանի անկախացումը, Ղալամլույում հայեր էին ապրում: Արդեօ՞ք իմացան նրանք Հայաստանի անկախութեան մասին... արդեօ՞ք իմանալով որ անկախացեալ հայրենիք ունեն այնտեղ գաղթեցին իրենց ընտանիքներով, աւելի լաւ կեանք ապրելու համար...: Մութ են այս մասին պատմութեան էջերը: Մեր արձանագրած այս վերջին տապանաքարը գրեթէ մամռակալած եւ մաշւած լինելով, դրա վրայ հազիւ կարողացանք կարդալ հետեւեալ տողերը. «Այս է տապան/ Շահ[...]եան սարգ[իսի?]/ վախճ. 1918 հօգ/տեմբեր [...]ին»:

Ինչպէս պարզ երեւում է վերեւի արձանագրութեանց գրական մակարդակից, տարբեր դարաշրջաններում քանդակւած գրութիւնները ունեն ոճային տարբերութիւններ, ինչպէս նաեւ լեզւական բծախնդրութեան խնդիրներ: Նման գիւղերում գրող ճանաչւելու համար կամ հոգեւորական, վարժապետ եւ կամ եկեղեցու տիրացու լինելու էր մարդ: Ուստի մեղադրելի չեն նրանք իրենց սահմանափակ գրագիտութեան համար, որոնց ցուցմունքին հետեւելով քանդակագործները իրենց բաժինն են իրականացրել, պատրաստելով գերեզմանաքարերը:

Հայոց գերեզմանատնից շուրջ հարիւր մետր հեռաւորութեան վրայ երեք էշեր արածում էին սանձարձակ: Մէկ-մէկ իրենց գլուխը գետնից վերցնելով նայում էին մեզ, տեսնելով մէկ քարից միւսը մեր վազվզուքը, մէկ նկար եւս ունենալու արձանագրւած շիրմաքարերից: Հեւքոտ եւ ժամանակ շահելու մեր այս վազքի աւարտին, շնչասպառ արտասանեցինք «Հոգւոց»ը, ապա նոր շունչ քաշեցինք, այցելելու համար այլ գիւղ:

 

__________________________________________

1 Արաքս, գրական եւ գեղարուեստական պատկերազարդ հանդէս, Գիրք Ա., 1893, Սանկտ Պետերբուրգ, տպարան Յ. Ի. Լիբերմանի, էջ 3:

2 Յովսէփեան, Յ., Ղարադաղի հայերը, Երեւան, 2009, էջ 134:

3 Աղաղան, «Տեղացի», Ա. տարի, Յունւար, թիւ 1, 1912, էջ 31-32:

4 Նոյն, Ա. տարի, Մայիս, թիւ 3, 1912, էջ 2:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։