Հա

Համայնք

23/01/2020 - 09:30

Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2020 թւականը «Յատուկ խնամքի կարօտ հայորդիների տարի» հռչակելու կապակցութեամբ

Կիրակի՝ 2020 թւականի յունւարի 19-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, սուրբ Յովհաննէս Կարապետի տօնի առթիւ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, ուր նշւեց նաեւ սոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

«alikonline.ir» - Կիրակի՝ 2020 թւականի յունւարի 19-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, սուրբ Յովհաննէս Կարապետի տօնի առթիւ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, ուր նշւեց նաեւ սոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Պատարագի ընթացքում, քարոզի փոխարէն, թեմակալ առաջնորդի միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի պատգամը՝ 2020 թւականը «Յատուկ խնամքի կարօտ հայորդիների տարի» հռչակելու կապակցութեամբ։

Հռչակագրում Վեհափառ Հայրապետը կոչ էր ուղղել. «Մեր ժողովրդին, մեր աղօթքներում, մտածումներում ու աշխատանքներում, մի՛շտ յիշելու նման դժւար կացութեան մէջ գործող մեր ազգի բոլոր զաւակներին ու առաւել խորացնելու նրանց նկատմամբ մեր սէրն ու գուրգուրանքը, հոգածութիւնն ու նախանձախնդրութիւնը։ Մեր հոգեւոր, պետական, ազգային, բարեսիրական կազմակերպութիւններին, թէ՝ հաւաքական պատասխանատւութիւն ունենք այս հայորդիների նկատմամբ, եւ հետեւաբար, իւրաքանչիւր կառոյց կոչւած է առաւելագոյն չափով օգտակար հանդիսանալ։ Մեր թեմերի Առաջնորդ Սրբազաններին ու ազգային իշխանութեանց, մեր պատգամից եկող թելադրութիւնների լոյսի տակ իրենց հնարաւորինը կատարելու, որպէսզի գործնապէս օգտակար հանդիսանան յատուկ հոգածութեան կարօտ մեր զաւակներին։ Մեր ունեւոր ազգայիններին, որ իրենց ունեցած նիւթական հնարաւորութիւնից մի բաժին յատկացնեն դժւարութեան մատնւած մեր ազգի այս զաւակներին՝ յատուկ հիմնադրամներ հաստատելով կամ պետական, եկեղեցական ու ազգային կառոյցների միջոցով նիւթապէս օգտակար հանդիսանալով»։

Ս. պատարգի աւարտին տեղի ունեցաւ ջրօրհէնք։

Արարողութիւնների ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։

Վերջում Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու անւանակոչութեան տօնի առթիւ գեղարւեստական միջոցառում-ընդունելութիւն իրականացւեց եկեղեցու սրահում, ուր Սրբազան Հայրը շնորհաւորանքի խօսք փոխանցելով տօների առթիւ եւ շնորհակալութիւն յայտնելով արարողութեան իրականացման եւ միջոցառման կազմակերպման գործերում դերակատարներին, մաղթեց, որ 2020 թւականը ոչ միայն դառնայ առողջութեան, յաջողութեան եւ համերաշխութեան ու խաղաղութեան տարի, այլեւ սկիզբը հանդիսանայ նմանատիպ տարիների շարանի։

Վեհափառ Հայրապետի հռչակագիրը նոյն օրը ընթերցւեց նաեւ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագի ընթացքում, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։