Հա

Համայնք

15/01/2019 - 14:50

«ՀՈՒՍԿ»-ի եւ «Բոխարա» հանդէսի միասնական միջոցառում նւիրւած՝ «Իրանահայ բանաստեղծներին, գրողներին եւ թարգմանիչներին»

Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան եւ գեղարւեստական ու մշակութային «Բոխարա» հանդէսի համագործակցութեամբ, երէկ յունւարի 14-ի երեկոյեան «Խանէ անդիշմանդան-է օլում-է էնսանի»-ի «Հաֆէզ» դահլիճում կազմակերպւել էր երեկոյ նւիրւած իրանահայ բանաստեղծներին, թարգմանիչներին եւ գրողներին:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան եւ գեղարւեստական ու մշակութային «Բոխարա» հանդէսի համագործակցութեամբ, երէկ յունւարի 14-ի երեկոյեան «Խանէ անդիշմանդան-է օլում-է էնսանի»-ի «Հաֆէզ» դահլիճում կազմակերպւել էր երեկոյ նւիրւած իրանահայ բանաստեղծներին, թարգմանիչներին եւ գրողներին:

Բանախօսութեամբ 4 բանախօսներ իւրովի ներկայացրեցին իրանահայ մշակոյթի գործիչների դերը Իրանի գիտա-մշակութային ոլորտի զարգացման բնագաւառում:

Որպէս առաջին բանախօս «Բոխարա» հանդէսի տնօրէն Ալի Դեհբաշին անդրադարձաւ հայ ժողովրդի պատմական տւեալներին եւ հայ թարգմանիչների եւ գրողների մատուցած ծառայութիւններին, թւարկելով բազմաթիւ անուններ: Նա անդրադարձաւ նաեւ «Բոխարա» հանդէսի միջոցով կազմակերպւած բազմաթիւ գրական երեկոներին, որոնց թւում քիչ չեն եղել հայ մշակութային գործիչների ներկայացումը:

Բանախօսներից Ղաւամէդդին Ռազաւիզադէն իր ծաւալուն նիւթը բաժանել էր հիմնականում երեք շրջանների, Իրանի սահմանադրական շարժումից առաջ, Սահմանադրական շարժման տարիներ եւ արդի ժամանակաշրջան: Նա մանրամասն անդրադարձաւ իւրաքանչիւր ժամանակաշրջանի հայ գրողների, թարգմանիչների ու մտաւորականների անժխտելի դերակատարութեանը, միջազգային եւ հայկական գրականութիւնը իրանական հասարակութեանը ծանօթացնելու գործում: Նա հայ թարգմանիչներից կամ գրողներից իւրաքանչիւրին ներկայացնում էր իրենց ստեղծագործական աշխատանքների ընդմիջից: Նա նաեւ անդրադարձաւ «Պայման» հանդէսին աշխատակցող մտաւորականներին:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը անդրադարձաւ այն հանգամանքին, որ իրանահայերը ինչպիսի դերակատարութիւն են դրսեւորել Իրանի մշակութային կեանքում: Նա նշեց, որ Իրանի մշակոյթի, նկարչութեան, ճարտարապետութեան, մի խօսքով արւեստի գիտութեան եւ գրականութեան բնագաւառում հայերը չեն խնայել իրենց կարելին եւ անդրադարձաւ իրանական ու հայկական մշակութային ընդհանրութիւններին: Նա աւելացրեց, որ Իրանում հայերը եղել են նորարարութեան կրողները եւ քանի որ իրանցիների մօտ հայերը միշտ էլ յարգանք ու համբաւ են վայելել, ուստի հասարակութիւնը ընդունել է իրանահայերին: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի գիտական, մշակութային եւ արւեստի զանազան բնագաւառներում իրանահայ ականաւոր դէմքերին եւ կարեւորեց իրանահայ արհեստաւորների անժխտելի դերը Իրանի հասարակութեան վստահութիւնը շահելու առումով: Բանախօսն իր ելոյթի ընթացքում թարգմանիչներին համարեց մշակոյթների կապող օղակ:

Վերջում «ՀՈՒՍԿ»-ի վարչութեան նախագահ Իսիկ Իւնանէսեանը անդրադարձաւ արդի շրջանի հայ մտաւորականներին, որոնք կամ իրենք կամ իրենց ընտանեկան պարագաները ներկայ էին դահլիճում:

Վերջում նա գնահատանքով անդրադարձաւ Ալի Դեհբաշիի մասին, որի միջոցով կամ նախաձեռնութեամբ իրականանում են հայ եւ իրանցի ժողովուրդների մշակութային արժէքները ներկայացնող բազմաթիւ միջոցառումներ:

Յատկանշական է, որ ընթացքում ցուցադրւեց «ՀՈՒՍԿ»-ի պատրաստած փաստավաւերագրական տեսաֆիլմը, որը անդրադառնում էր հայ ժողովրդի կլասիկ, դիւցազնական եւ արդի գրականութեանը եւ այն հարւածին, որ Հայոց Ցեղասպանութիւնը, բացի մարդկային կորստից պատճառեց նաեւ հայ գրականութեանը: Ցուցադրւեց նաեւ «Բոխարա»-ի կազմակերպած միջոցառումների հակիրճ տեղեկութիւնները փոխանցող տեսաֆիլմ: Միջոցառման գեղարւեստական բաժնում դաշնամուրային կատարումներով ելոյթ ունեցաւ Արմէն Ասատրեանը եւ կազմակերպւել էր «ՀՈՒՍԿ»-ի ու «Բոխարա»-ի հրատարակութիւնների ցուցահանդէս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։