Հա

Համայնք

26/08/2019 - 14:20

Իրանի պետական այրերի համագործակցութեամբ՝ Թեհրանի Նոր Բուրաստան եւ Դուլաբ գերեզմաններում վերանորոգչական աշխատանքներ կիրականացւեն

Թեհրանի Նոր Բուրաստան եւ Դուլաբ գերեզմաններում իրականացած մի շարք վերանորոգչական աշխատանքների ուղղութեամբ, իրենց անմիջական համագործակցութիւնը դրսեւորած Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետը եւ յարակից բաժինների պատասխանատուներ, նաեւ Թեհրանի Բեհեշթ Զահրա կազմակերպութեան տնօրէնը եւ պատկան պատասխանատուներ, երէկ հրաւիրւել էին ազգային առաջնորդարան:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թեհրանի Նոր Բուրաստան եւ Դուլաբ գերեզմաններում իրականացած մի շարք վերանորոգչական աշխատանքների ուղղութեամբ, իրենց անմիջական համագործակցութիւնը դրսեւորած Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետը եւ յարակից բաժինների պատասխանատուներ, նաեւ Թեհրանի Բեհեշթ Զահրա կազմակերպութեան տնօրէնը եւ պատկան պատասխանատուներ, երէկ հրաւիրւել էին ազգային առաջնորդարան:

Ազգային առաջնորդարանի դահլիճում հիւրերին ողջոյնի խօսք ուղղելով Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը գնահատելով Նոր Բուրաստան եւ Դուլաբ գերեզմանների ուղղութեամբ տարւած եւ ընթացող աշխատանքները, կարեւորեց այն հանգամանքը, որ քաղաքապետարանը եւ Բեհեշթ Զահրա կազմակերպութիւնը իրենց ուշադրութեան սեւեռակէտում են պահել այն արժէքները, որոնք համամարդկային են: Սրբազան Հայրը անդրադառնալով իրանահայ համայնքին, ընդգծեց. «Բոլորս մէկ ամբողջականութիւն ենք եւ բոլորիս պարտականութիւնն է մեր ներդրումը բերել սիրելի Իրանին եւ իրանահայութիւնը երբեք իրեն առանձին միաւոր չի համարել Իրանից»:

Հանդիպմանը հիւրերին տարւած աշխատանքների կապակցութեամբ գնահատանքի խօսք ուղղելով, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը ընդգծեց, որ գերեզմանները համարւում են իւրաքանչիւր ազգի ինքնութիւնը բացայայտող գործօն: Նա ընդգծեց, որ նման քայլը Իրանում պատահական չէ, քանի որ դարեր է ինչ Իրանում Աստւածային կրօնների հետեւորդները մշակութային այս ընդհանրութեան մէջ ապրել են խաղաղ գոյակցութեամբ եւ նրանք ոչ միայն իրենց ֆիզիկական գոյութիւնն են պահպանել, այլեւ մշակութային ու հոգե-մտաւոր կենսունակ աշխատանք են ծաւալել: Պատգամաւորը նման մթնոլորտը շատ հազւադէպ համարեց այլ երկրներում եւ կարեւորեց նման ակտիւ համագործակցութիւնը:

Հանդիպման կազմակերպման համար իր շնորհակալական խօսքն ուղղելով Բեհեշթ Զահրա կազմակերպութեան տնօրէն Սայիդ Խալը ընդգծեց, որ իրանահայերը հզօր Իրանի անբաժանելի տարրն են, որոնք գիտական ու մշակութային բնագաւառներում մեծ ներդրումներ են ունեցել Իրանում եւ շեշտեց, որ Բեհեշթ Զահրա կազմակերպութիւնը հայկական գերեզմաններում կատարւածն իր պարտականութիւնն է համարում: Նա ընդգծեց. «Մտադիր ենք Դուլաբի 75 հազար քառակուսի մետր տարածքում, որը համարւում է Իրանի կարեւոր պատմական տարածքներից, եւ պարփակում է հինգ գերեզմանատներ, այդ թւում հայկական գերեզմանատունը, վերանորոգչական ծաւալուն աշխատանքներ իրականացնել եւ դարձնել տեսարժան կենտրոն»: Նա կարեւորեց նաեւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ ազգային իշխանութեան անվերապահ համագործակցութիւնը այդ բնագաւառում:

Հանդիպման առիթով իր գնահատանքը յայտնեց 15-րդ շրջանի քաղաքապետ Վահիդ Ռեզա Մոհամմադին եւ Թեհրանի քաղաքապետի ու Քաղխորհրդի նախագահի ողջոյնները փոխանցեց: Նա ընդգծեց, որ Թեհրանի քաղաքապետի կարգախօսն է Թեհրանը բոլոր քաղաքացիների քաղաքն է եւ վերահաստատեց, որ նման աշխատանքները համարում են իրենց պարտականութիւնը:

Հանդիպմանը Դուլաբի վերանորոգման նախագծի պատասխանատու ճրտպ. Հաէրին անդրադարձաւ նախագծի մանրամասնութիւններին:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Արա Շահվերդեանը իր գնահատանքի խօսքը փոխանցելով տարւած աշխատանքների կապակցութեամբ, յոյս յայտնեց, որ քաղաքապետարանը իր տարեկան բիւջէում նման նախագծերի իրականացման համար նախահաշիւ նկատի առնի:

Վերջում Սրբազան Հօր, պատգամաւորի եւ Թեմական խորհրդի ներկայացուցչի ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին քաղաքապետին, Բեհեշթ Զահրայի տնօրէնին եւ յարակից բաժինների պատասխանատուներին:

Հանդիպմանը ներկայ էին՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի անցեալ եւ ներկայ շրջանների ներկայացուցիչներ եւ գերեզմանատների վարչութեան անդամներ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։