Հա

Համայնք

07/12/2019 - 14:30

Գոհաբանական աղօթք՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ապաքինման համար

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի սրտի յաջող վիրահատութեան եւ ապաքինման շրջանը բարեյաջող աւարտւելու առիթով, երէկ, ուրբաթ, դեկտեմբերի 6-ի երեկոյեան Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցւեց գոհաբանական աղօթք:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի սրտի յաջող վիրահատութեան եւ ապաքինման շրջանը բարեյաջող աւարտւելու առիթով, երէկ, ուրբաթ, դեկտեմբերի 6-ի երեկոյեան Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցւեց գոհաբանական աղօթք:

Արարողութեան սկզբում եկեղեցու զանգերի ղօղանջի ներքոյ եկեղեցի մուտք գործեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ուղեկցութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, քահանայ հայրերի եւ Թեհրանի հայոց թեմի դպրաց դասերի համատեղ երգչախմբի: Նրանք անցնելով ՀԲԸՄ-ի սկաուտների շարքերից, եկեղեցու դասում աղօթք բարձրացրին եւ սկսւեց գոհաբանական աղօթքը:

Գոհաբանական աղօթքից յետոյ նախ իր խօսքը ուղղեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, իր եւ Ատրպատականի հայոց թեմի ազգային իշխանութեան անունից գոհունակութիւն յայտնելով Սրբազան Հօր ապաքինման համար եւ ընդգծեց, որ իրանահայ մեր թեմերը մէկ մարմին են եւ մեր այստեղ ներկայութիւնը, իր եւ Ատրպատականի հայոց թեմի ազգային իշխանութեան զօրակցական արտայայտութիւն է՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սրբազանին եւ ազգային իշխանութեանը:

Սպահանի հայոց թեմի առաջնորդը եւս իր եւ Սպահանի ազգային իշխանութեան անունից իր ուրախութիւնը յայտնելով Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ապաքինման առումով, ընդգծեց, որ. «Ճանաչելով Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, մենք գիտենք, որ Սրբազան Հայրը, որպէս հոգեւոր առաջնորդ եւ անաչառօրէն, որպէս հոգեւոր հսկող պահակ, հսկում է Թեհրանի հայոց թեմի թէ՛ վարչական, եւ թէ՛ հոգեւոր գործունէութեան ընթացքը»:

Եզրափակիչ խօսքով իր գոհունակութեան, երախտիքի եւ շնորհակալական խօսքն ուղղեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ընդգծելով. «Մարդը, մարդով է մարդ եւ երբ մենք իրար հետ ենք, ուժեղ ենք եւ զօրաւոր, որպէս ազգ մենք ուր էլ որ լինենք մէկ ամբողջութիւն ենք եւ միասին զօրացած եւ Աստծուն փառք ենք տալիս ու շարունակում ենք մեր հայրերի ճանապարհը հաւատարիմ մնալով բոլորին»: Թեհրանի հայոց թեմի առաջնորդը իր շնորհակալութիւնը յայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին, որոնք հետեւել են իր առողջական վիճակին: Սրբազան Հայրը նաեւ իր գնահատանքի խօսքն ուղղեց Թ. Հ. Թ. ազգային մարմիններին եւ ազգայիններին, միութիւններին եւ համայն ժողովրդին, Իրանի պետական այրերին, ՀՀ դեսպանութեանը, եւ յատկապէս քոյր թեմերին եւ արարողութեանը ներկայ թեմերի հոգեւոր առաջնորդներին: Յաւարտ կրօնական արարողութեան, ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպւել էր Աջհամբոյր:

Արարողութեանը ներկայ էին՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային-Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Թովմաս Թովմասեանը, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ հաւատացեալ հայրենակիցներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։