Հա

Մշակոյթ

01/12/2013 - 10:00

37-րդ ֆրէյմ

Դան Մաքքալինը ծնւել է 1935 թւականին՝ լոնդոնեան բանւորանիստ արւարձաններից մէկում: 15 տարեկան էր, երբ թողեց դպրոցը՝ անցնելով աշխատանքի: Լուսանկարչութեան հետ նա առաջին անգամ առնչւել է, երբ մեկնել է ծառայութեան, որտեղ մասնակցում էր հետախուզական նպատակներով արւած էյրիալ լուսանկարների տպագրութեան աշխատանքներին:

ԵՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՉԵՄ

Դան Մաքքալինը ծնւել է 1935 թւականին՝ լոնդոնեան բանւորանիստ արւարձաններից մէկում: 15 տարեկան էր, երբ թողեց դպրոցը՝ անցնելով աշխատանքի:
Լուսանկարչութեան հետ նա առաջին անգամ առնչւել է, երբ մեկնել է ծառայութեան, որտեղ մասնակցում էր հետախուզական նպատակներով արւած էյրիալ լուսանկարների տպագրութեան աշխատանքներին:
Զօրացրւելուց յետոյ՝ Մաքքալինը շարունակելով լուսանկարչական աշխատանքները համագործակցում է «Աբզերւեր» թերթի հետ:
Մաքքալինը որպէս պատերազմի լուսանկարիչ, իր առաջին փորձերն է իրականացնում Կիպրոսի հակամարտութիւնից արւած ֆոտոռեպորտաժներով:
Կիպրական հակամարտութիւնից առ այսօր, Մաքքալինը գրեթէ աշխարհի բոլոր պատերազմների մասնակցած ֆոտոլրագրողներից է եղել: Արած լուսանկարներով նրա ներկայութիւնը զգալի է եղել Իռլանդիայի, Բիաֆրայի, Լիբանանի, Վիետնամի եւ այլն պատերազմներում:
Նա այժմ իրեն չի համարում պատերազմի լուսանկարիչ, ինչի կապակցութեամբ բազմիցս է բարձրաձայնել կատարած հարցազրոյցների ընթացքում: Նա այժմ շարունակում է վայելել կեանքը Լոնդոնում, որտեղ լրջօրէն հետեւում եւ զբաղւում է բնանկարներ անելով, որով էլ նախընտրում է աւելի ճանաչւած անուն դառնալ քան նրանով, ինչով գիտեն նրան:
131201e03aՆա պատերազմի լուսանկարիչ կոչումի մասին խօսելով ընդգծւած նշել է, որ իրեն դուր չի գալիս, երբ իրեն կոչում են այդպիսին: Մաքքալինը համոզւած է, որ դիրքեր մեկնելու հիմնական նպատակը եղել է մարդկային խղճի արթնացումը, անկախ այն բանից, որ նրան յաջողւել է փոխանցման անշահախնդիր գործը թէ՝ ոչ: Նա այս մասին դեռ կասկածներով է խօսում, քանի որ ըստ նրա՝ դեռ պատերազմները շարունակւում են բռնկւել նաեւ այսօր:
Նա իր կարիերայի մասին խօսելով նշել է, թէ ինչպէս է պատերազմից վերադառնալով իր տակնուվրայ եղած հոգեկանի հետ պայքարել: «Ժողովրդի ցաւն ու գլխին թափւող կրակը տեսնելով անտարբեր չես անցնելու: Այդ ցաւից ինձ բաժին ընկածը միշտ կրել եմ հոգուս խորքում»,- ասել է նա: «Գրողները իրենց օրագրերով են տարւած, լուսանկարիչները՝ նեգատիւներով, իսկ ինձ միայն ու միայն շիտակ լուսաւորութեամբ նեգատիւներ են հարկաւոր: Այնպէս որ, եթէ սպանւես պատերազմի դաշտում եւ արածդ լուսանկարը սխալ լուսաւորում ունենայ, այն ժամանակ տւածդ կեանքը իզուր է եղել»,- նշել է Մաքքալինը իր մասին պատմող իւթուբեան տեսանիւթում:
Մաքքալինը նաեւ նշել է, որ իւրաքանչիւր պատերազմական իրավիճակում յայտնւելով սկսում ես մտածել այն հսկայամարմին ինքնաթիռի մասին, որը քեզ այդտեղ է բերել, իհարկէ, յաճախ երազելով նոյնի գրկում տուն վերադառնալու ճանապարհի մասին: Այստեղ կապտուկներն ու մարմնական վնասւածքները անպակաս են լինելու: Նոյնիսկ, կապտուկների բացակայութեան դէպքում հաստատ դրանք կը գտնէք ձեր հոգու ամենաչերեւացող խորքերում,- նշել է նա, երբ մտածում էր, որ հիմա որքան անիմաստ է թւում, երբ յիշում է իր երազանքը՝ կապւած լաւագոյն պատերազմի լուսանկարիչ դառնալուն:
Մաքքալինի մասին բազմաթիւ գրառումներ կան հրապարակւած տարբեր հեղինակների կողմից: Այս կապակցութեամբ արժէ նշել «Լուսանկարների դիտելու մասին» գիրքը, որը ներկայացնում է Բիլ Ջէյի եւ Դէյւիդ Հորնի միջեւ տեղի ունեցած զրոյցը, որտեղ քննարկւող լուսանկարների միջից յատուկ է ընդգծւել Մաքքալինի լուսանկարների մասին արւած զրոյցը: Այնտեղ նշւած է, որ երբ Մաքը Բիաֆրայից նոր էր վերադարձել, իր գրանցած լուսանկարների միջից այն մէկը, որում մայրը փորձում է կրծքով կերակրել իր կաթնակեր նորածնին, սակայն աննկարագրելի նիհարութեան բերումով չի յաջողում անել դա, քանի որ նոյնիսկ իր կուրծքն է աներեւոյթ դարձել, գործակիցների կողմից կադրը գնահատւում է՝ «հիանալի» եւ «հոյակապ» ածականներով, ինչից էլ Մաքը անհանգստացած վրայ է բերում «Այդ ինչ հիանալի կամ հոյակապ բան կայ դրանում, երբ ե՛ւ մայրը, ե՛ւ մանկիկը սովամահ են լինելու...»:

131201e03b

Սրանով երեւի հնարաւոր լինի պատկերացում կազմել այն մասին, թէ լուսանկարիչները իրադարձութիւնների լուսաբանման համար անհրաժեշտ փաստագրութիւնները կազմելու կողքին նաեւ վկաներն են այն բոլոր վայրագութիւնների, որոնց հեղինակը ինքը՝ մարդն է:
Հաշւի առնելով, որ Դան Մաքքալինի մասին նոյն էջով նախապէս էլի է առիթ եղել հնարաւոր սահմաններում բացւելու, սակայն այսօրւայ լուսանկարը մտմտալու առիթ չտւեց: Այնպէս որ, անմիջապէս գործի անցնելով նշենք, որ առաջին հայեացքից դրւագը զաւեշտական տպաւորութիւն կարող է թողնել, իհարկէ՝ այն դէպքում, եթէ լուսանկարը թողարկւած չլինի տողատակերով կամ համապատասխան յօդւածի կողքին:
Դրւագը պատմում է Իռլանդական ազատագրական պայքարի մասին, որտեղ կողմերից իւրաքանչիւրը լաւագոյնս պատկերւած է իրեն համապատասխան բլոկադայի մասին:
Իռլանդական (հիւսիսային) պայքարի պատմութեան մէջ առանձնայատուկ ընդգծումներով են նշւած իրենց ընկած զինեալների էջերն ու նրանց յուղարկաւորութիւնների առիթով տեղի ունեցած ժողովրդի երթերը, որոնք յաճախ անպատասխան չէին մնում բրիտանական բանակի կողմից:
Այս կապակցութեամբ արժէ նշել վերջերս հրապարակւած խոստովանութիւնների մասին, որոնք խօսում են՝ նման միջոցառումների ու ցոյցերի ընթացքում ժողովրդին ցրելու նպատակով նրանց դէմ կիրառւած գնդակների մարտական լինելու մասին: Այն ինչ դա Բրիտանիայում (Անգլիայում) ընդունւածի համաձայն միշտ համարւել է օրինախախտում:
Լուսանկարը ներկայացնում է անհաւասար պայքարի պատկերը, իհարկէ՝ մտքի ազատ թռիչքի լաւագոյն էլեմենտներով: Պատկեր, որը ունի բոլոր իւրայատկութիւնները պատմութեան էջը գունեղացնելու եւ ցայտուն դարձնելու առումներով:
Ժամանակն է հաշւի առնելու սիրելի ընթերցողներից մէկի այն կարծիքը, որի համաձայն՝ «կադրը շատ բացելով ու բացատրութիւնախեղդ անելով խանգարում էք այն իւրովի ընկալելու քաղցրութեանը»:
Գեղեցիկ է ասւած, եւ դիպուկ:
Նոյն գեղեցկութեամբ էլ փորձենք փակել մեր այսօրւայ զրոյցը:

ՀԱՏԻՍ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։