Հա

Մշակոյթ

01/09/2019 - 14:20

Երեւանի Կապոյտ մզկիթում ներկայացւեցին հայկական արմատներ ունեցող իրանցի յայտնի լուսանկարչի աշխատանքները

Հայաստանի առաջին լուսանկարչական միջազգային փառատօնի շրջանակում Երեւանի Կապոյտ մզկիթում ներկայացւեց հայկական արմատներ ունեցող Իրանի յայտնի լուսանկարիչ Անտուան խան Սեւրուգինի եւ հայկական հոգեւոր-մշակութային ճարտարապետութիւնը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդէսը:

«alikonline.ir» - Հայաստանի առաջին լուսանկարչական միջազգային փառատօնի շրջանակում Երեւանի Կապոյտ մզկիթում ներկայացւեց հայկական արմատներ ունեցող Իրանի յայտնի լուսանկարիչ Անտուան խան Սեւրուգինի եւ հայկական հոգեւոր-մշակութային ճարտարապետութիւնը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդէսը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդէսը բացւեց օգոստոսի 31-ին:

«Մէկ ամիս շարունակ Երեւանում մարդիկ առիթ ունեն տեսնել 39 ցուցահարթակներում ցուցադրւած լուսանկարչութեան ցուցահանդէսներ: Այդ հարթակներից մէկն էլ Կապոյտ Մզկիթն է: Ցուցահանդէսներին ներկայացրել ենք 20 երկրների մասնակիցների 500-ից աւելի աշխատանքներ»,- ասաց Հայաստանի առաջին լուսանկարչական միջազգային փառատօնի կազմկոմիտէի նախագահ Տաթեւ Մնացականեանը:

Ցուցադրութիւններ են եղել նաեւ մետրոյի կայարաններում: Ազգային ժողովում եւս բացառիկ ցուցադրութիւն են կազմակերպել: Սեպտեմբերի 12-ին նախագահական նստավայրի բակում եւս տեղի կունենայ ցուցադրութիւն:

Փառատօնի շրջանակում կազմակերպւել է նաեւ մրցանակաբաշխութիւն, ընտրւել են երեք լաւագոյնները: Փառատօնի շրջանակում Իրանի մշակոյթի կենտրոնի աջակցութեամբ ու ջանքերով նաեւ մասնակցել են մեծ թւով իրանցիներ: Երրորդ տեղը զբաղեցրել է հէնց իրանցի Մահբուհէհ Ֆարաջօլլահին, ով լուսանկարչական գործունէութիւնը սկսել է 2008 թւականից: Ներկայում Իրանի թատրոնի տան գլխաւոր լուսանկարիչն է:

Ֆարաջօլլահին ներկայացրել է «Մէկ ժպիտ» լուսանկարը: «Նկարել եմ երեխաների ուրախութիւնը բակում իրենց խաղի ժամանակ: Դրա համար էլ լուսանկարը կոչւում է «Մէկ ժպիտ»,- պատմեց նա:

Կապույտ մզկիթում ցուցադրութիւնը կազմակերպւել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան Մշակոյթի կենտրոնի խորհրդական Սէյէդ Մոհամմադ Ռեզա Հէյդարիի աջակցութեամբ:

«Չնայած նրան, որ Կապոյտ մզկիթը վաղուց արդէն վերածւել է զբօսաշրջիկների ամենասիրելի վայրերից մէկի, սակայն այն իր ոչ ճիշտ ներուժով է ներկայանում հանրութեանը, ընկալւում է որպէս հաւատքի կենտրոն: Սակայն Կապոյտ մզկիթի ներուժն աւելի մեծ է, այն պատմամշակութային մեծ կենտրոն է, մեծ գործունէութիւն է ծաւալում: Իրականացնելով այս միջոցառումը՝ եւս մէկ անգամ շեշտադրել ենք այդ ներուժը եւ ցոյց ենք տալիս պատրաստակամութիւնը՝ համագործակցելու բոլոր մշակութային կենտրոնների հետ, սերտացնելու հայ-իրանական մշակութային կապերը»,- ասաց Սէյէդ Մոհամմադ Ռեզա Հէյդարին:

Ցուցահանդէսին ներկայացւած էին հայկական արմատներ ունեցող Իրանի յայտնի լուսանկարիչ Անտուան խան Սեւրուգինի (Սերունեան, Սեգրուվեան, Սեւրիոգին կամ Սեւրագին) լուսանկարները:

Արւեստաբան Իւետ Թաջարեանը նկատեց՝ հայկական արմատներով լուսանկարիչ Սեւրուգինը մեծ համբաւ ունի Իրանում: Նրա լուսանկարները կարելի է տեսնել Եւրոպայի շատ թանգարաններում: Սեւրուգինի լուսանկարներում կարելի է տեսնել նաեւ Իրանի հովանաւորութեան տակ գտնւող հայկական եկեղեցիներ, մշակութային կենտրոններ: Դա ցոյց է տալիս, թէ Իրանում ինչ հոգատարութեամբ են վերաբերում հայկական կոթողներին:

Թաջարեանն արդէն երկար տարիներ է, ինչ ուսումնասիրում է Սեգրուվեանների գերդաստանը, նրանց պատմութիւնը: Նա նկատել է՝ Անտուան խան Սեւրուգինի հայ լինելու մասին քիչ խօսք կայ, յաճախ թիւրիմացաբար կարծել են, թէ նա վրացի կամ ֆրանսիացի է: Անտուան Սեւրուգինը եղել է պալատական եւ շահի անձնական լուսանկարիչը, որն իրաւունք է ունեցել մուտք գործել այնպիսի վայրեր, որտեղ երբեք մուտք չի գործել որեւէ իրանցի լուսանկարիչ: 

 

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամեանի

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։