Հա

Մշակոյթ

21/09/2019 - 08:50

Նիւ Եօրքում կը բացւի անւանի հայ լուսանկարիչ Արա Գիւլէրի ցուցահանդէսը

Առաջիկայ օրերին անւանի պոլսահայ լուսանկարիչ Արա Գիւլէրի լուսանկարների ցուցահանդէսը կը բացւի Նիւ Եօրքում։ Թուրքիայի նախագահականի նախաձեռնութեամբ եւ Արա Գիւլէրի թանգարանի, արխիւի ու հետազօտական կենտրոնի հետ համագործակցութեամբ կազմակերպւած ցուցահանդէսն ապրիլին բացւել էր նաեւ Լոնդոնում, մայիսին՝ Փարիզում, յունիսին՝ Ճապոնիայում։

«alikonline.ir» - Առաջիկայ օրերին անւանի պոլսահայ լուսանկարիչ Արա Գիւլէրի լուսանկարների ցուցահանդէսը կը բացւի Նիւ Եօրքում։ Թուրքիայի նախագահականի նախաձեռնութեամբ եւ Արա Գիւլէրի թանգարանի, արխիւի ու հետազօտական կենտրոնի հետ համագործակցութեամբ կազմակերպւած ցուցահանդէսն ապրիլին բացւել էր նաեւ Լոնդոնում, մայիսին՝ Փարիզում, յունիսին՝ Ճապոնիայում։ Գրում է Ermenihaber.am-ը։

Լոնդոնում եւ Փարիզում ցուցադրութիւնների ընթացքում աշխարհահռչակ հայ լուսանկարչի գործերին անդրադարձել են այնպիսի առաջատար լրատւամիջոցներ, ինչպիսիք են The Times-ը, Daily Mail-ը, Le Figaro-ն։ Արա Գիւլէրի ստեղծագործութիւնների նիւեօրքեան ցուցադրութիւնը արւեստասէրների համար բաց կը լինի սեպտեմբերի 23-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը։

Ցուցահանդէսում հիմնականում ընդգրկւել են լուսանկարչի կողմից 1950-ականներին արւած լուսանկարները։ Այլ գործերի շարքում կը ցուցադրւեն նաեւ Դասթին Հոֆմանի, Ֆեդերիկո Ֆելինիի, Պաբլօ Պիկասոյի, Սալւադոր Դալիի, Բրիջիտ Բարդոյի, Սոֆի Լորենի լուսանկարները։

Ցուցահանդէսի շրջանակներում նաեւ կը կազմակերպւի հանդիպում-քննարկում՝ «Միջմշակութային երկխօսութիւն՝ Արա Գիւլէրի միջոցով» խորագրով։

Նիւ Եօրքից յետոյ Արա Գիւլէրի լուսանկարները կը ցուցադրւեն նաեւ Հռոմում, այնուհետեւ՝ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնւող Թուրքիայի դեսպանատանը։

Նշենք, որ Գիւլէրի ստեղծագործութիւնների ցուցահանդէսները հովանաւորւում են թուրքական Halkbank եւ Ziraat բանկերի, Sabah եւ Daily Mail պարբերականների եւ «Թուրքական աւիաուղիներ» (THY) աւիաընկերութեան կողմից։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։