Հա

Մշակոյթ

16/11/2019 - 12:40

Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

ՎԱՐԴԳէՍ ՍԱՐԳՍԵԱՆ

 

ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

Զեկոյցում, մասնաւորապէս, ընդգծւում է  այն մասին, որ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի՝ կապւած օտարերկրեայ ներդրումների հետ. հոսքն էապէս կրճատւել է:  Իշխանութիւնների ձգտումները՝ յեղափոխութիւնը դարձնելու հայաստանեան բրենդ, փաստացի, հակառակ էֆեկտի է յանգեցրել, ինչը, թերեւս, բացատրւում է պոտենցիալ ներդրողների մօտ նկատւող տրամադրութիւններով՝ սպասելու-տեսնելու՝ ինչին է, ի վերջոյ, բերելու Փաշինեանի կողմից այդքան թմբկահարւող յեղափոխութիւնը:

Ի դէպ, զեկոյցում անհանգստութիւն է յայտնւում նաեւ բիզնեսի հանդէպ ոչ մրցակցային գործընթացների վերաբերեալ, ինչն էապէս խաթարում է ներդրողների մօտ առանց այն էլ երերուն վստահութիւնը: Խօսւում է նաեւ այն մասին, որ  ներդրումային միջավայրի վրայ խիստ բացասական ազդեցութիւն են թողնում յատկապէս քաղաքական ցնցումներն ու այդպեէս էլ չկայունացող ներքին մթնոլորտը՝ չնայած առաջին հայեացքից թւացեալ դրական տեղաշարժերի:

Զեկոյցում յատուկ կերպով շեշտւում է Հայաստանի ներդրումային միջավայրի վրայ Ամուլսարի չկարգաւորւած խնդրի ունեցած բացասական դերն ու այդ առումով, մասնաւորապէս, ասւում. «Խոշորագոյն ներդրումային ծրագրերի, մասնաւորապթս՝ «Լիդիան Ինթերնէյշնլ» ընկերութեան Ամուլսարի ծրագրի շուրջ կոնֆլիկտը, բիզնեսի հանդէպ ոչ մրցակցային պայմանների (խտրական) դրսեւորումները եւ վերջին քաղաքական փոփոխութիւնների հետ ասոցացւող անորոշութիւնները ներդրողների շրջանում առաջ են բերել «դեռ սպասենք, տեսնենք» վերաբերմունքը»:

Հայաստանում իրավիճակի շտկման ուղղութեամբ առաջարկւում է ուժեղացնել կոռուպցիայի դէմ պայքարը, ինչպէս նաեւ դատական համակարգի առեւտրային հատւածը, որը «լիազօրւած կը լինի լուծելու բիզնեսների միջեւ վէճերն ու անարդարութիւնները»:

Հայաստանում ամերիկեան առեւտրի պալատի տարեկան ժողովի ժամանակ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, թէ ՀՀ-ն ի վիճակի է իրականացնել մեգա նախագծեր, որոնք տնտեսութեան խթանման համար մեծ դեր կունենան, ինչպէս նաեւ վստահութիւն յայտնել, որ այն դաշտը, որի վրայ պէտք է կառուցւի նոր տնտեսական համագործակցութիւնը, պատրաստ է:

Գաղտնիք չէ, թէ յեղափոխութիւնից յետոյ Նիկոլ Փաշինեանն ու նրա բազմաթիւ թիմակիցներն ինչպիսի խոստումներ են շարունակաբար հնչեցրել՝ սկսած իրաւական պետութեան կառուցումից մինչեւ տնտեսական յեղափոխութիւն:

Ընդ որում, իրենց այս խոստումները կեանքի կոչելու ճանապարհին իշխանութիւններն այլ գործիքակազմ չէին մտածել, քան ամէն առիթով, տարբեր միջազգային հարթակներից ու արտասահմանեան ԶԼՄ-ներում սեփական յեղափոխութիւնը գովազդելն է. Նիկոլ Փաշինեանն ուր գնում է, ում հետ խօսում է՝ լոկ մի բան է ասում՝ ինքը շրջել է «հին» Հայաստանի էջն ու փորձում է նորը գրել: Փաշինեանը, նման յայտարարութիւններ անելով, թերեւս, առաջնորդւում է այն նոյն տրամաբանութեամբ, որն ընկած է նրա՝ ներքին լսարանի համար նախատեսւած ելոյթների հիմքում: Նա, սակայն, հաշւի չի առնում այն, որ ի տարբերութիւն գուցէ  հայաստանցիների մի շերտի, դրսում հետեւութիւններ անելուց առաջ նախ սովոր են մտածել, խօսքը համադրել իրականութեան հետ ու պարզել՝ որն է  պոպուլիզմ, իսկ որը՝ իրականութիւն:

Դատելով թէ՛ ՄԱԿ-ի վերոյիշեալ զեկոյցում տեղ գտած հիմնաւոր մտահոգութիւններից, թէ՛  մի շարք այլ ցուցանիշներից, յեղափոխութիւնը հայաստանեան բրենդի վերածելուն ուղղւած Փաշինեանի ջանքերը տալիս են իրենց դառը պտուղները. մասնաւորապէս՝ տարեսկզբի առաջին վեց ամիսնե­րին օտարերկրեայ ուղղակի ներ­դրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 7.8 մլրդ դրամ, օտարերկրեայ ներդրումների զուտ հոսքերի աճն այս տարւայ առաջին կէսին 4.8 անգամ պակաս է եղել նա­խորդ տարւայ նոյն ժամանակա­հատւածի համեմատ: Տնտեսութեան իրական հատւածում ներհոսքը եւ արտահոսքը կազմել են համապատասխանաբար 152 մլրդ դրամ է եւ 144 մլրդ դրամ:

Հետեւութիւնները, որոնք արւել են դրսում, փաստօրէն, բացարձակապէս չեն համապատասխանում դիցուք Փաշինեանի վերջին յայտարարութիւններին այն մասին, որ Հայաստանը պատրաստ է տնտեսական մեգանախագծերի իրականացմանը: Ինչպէ՞ս է մեգա նախագծեր իրականացնելու մի երկիր, ուր օտարերկրեայ իրական ներդրումների մակարդակն այսչափ ողբալի է, եւ դատելով նոյն ՄԱԿ-ի զեկոյցից՝ դժւար թէ այս տխուր պատկերն առաջիկայում փոփոխութեան ենթարկւի:

Պակաս էական չէ, թերեւս, նաեւ Ամուլսարի չկարգաւորւած խնդրի գործօնը, որը, փաստօրէն, շարունակում է իր բացասական դերն ունենալ մեր երկրի իմիջի ձեւաւորման հարցում: Փաշինեանն այդպէս էլ իր մէջ ուժ չի գտնում, չի համարձակւում խնդիրը վերջնականապէս կարգաւորել ու թեման փակել, ինչը, թերեւս արդիւնք է նոր իշխանութիւնների հեղհեղուկ մտածելակերպի ու անսկզբունքայնութեան, ստրատեգիական մտածելակերպի բացակայութեան ու պոպուլիզմի:

Միւս կողմից՝ կայ պետական կարեւորագոյն ինստիտուտների, պետութիւնը պետութիւն դարձնող օղակների ճգնաժամի գործօնը: Երկրում դատական իշխանութիւնը փաստացի պարալիզացւած վիճակում է, իսկ ՍԴ-ի շուրջ իշխանութիւնների կողմից առաջ բերւած արհեստական ճգնաժամն, առհասարակ, հողին է  հաւասարեցնում Հայաստանում արդարութիւն գտնելու բոլոր հնարաւորութիւնները:

21-րդ դարի աշխարհը խիստ տարբեր է ասենք անտիկ շրջանի աշխարհից. այսօր անհնար է աշխարհից ինչ-որ բան կոծկելը կամ ցանկալին իրականութեան տեղ մատուցելը: Օտարերկրեայ ներդրողները շատ լաւ տեսնում են, թէ ինչ է կատարւում Հայաստանում: Բոլորը վաղուց հասկացել են, որ Հայաստանը յայտնւել է աստիճանական քայքայման կործանարար ցիկլի յորձանուտում. ներդրումներ անելու մասին այլեւս ոչ ոք չի մտածում: Նման պայմաններում ոչ մի օտարերկրեայ ներդրող «խելքը հացի հետ չի կերել», որ գայ ու փող ներդնի մի երկրում, որի  վարչապետը պետութեան ամենաբարձր քաղաքական ամբիոնից կատաղած սպառնում է «ծեփել պատերին» ու «պառկցնել ասֆալտին»:

 

Tert.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։