Հա

Մշակոյթ

16/11/2019 - 10:00

Համազգայինի հերթական անակնկալը. տեղի է ունեցել «Անդրանիկ. մարդը եւ ռազմիկը» եւ «Լեւոն Շանթ. մարդը եւ գործը» գրքերի շնորհանդէսը

Համազգային հայ կրթական, մշակութային միութեան` Երեւանի գրասենեակը երէկ հաճելի անակնկալ է մատուցել ընթերցողներին։ «ԱրտԲրիջ» գրատուն-սրճարանում Համազգայինը ներկայացրել է Աւետիս Ահարոնեանի որդու՝ Վարդգէս Ահարոնեանի երկու նորահրատ՝ «Անդրանիկ. մարդը եւ ռազմիկը» եւ «Լեւոն Շանթ. մարդը եւ գործը» գրքերը։ Ամիսներ առաջ էլ միութեան կողմից հայ մեծանուն գրող Յովհաննէս Թումանեանի 150-ամեակի կապակցութեամբ հրատարակւել էր «Թումանեանը. մարդը եւ բանաստեղծը» գիրքը։

«alikonline.ir» - Համազգային հայ կրթական, մշակութային միութեան` Երեւանի գրասենեակը երէկ հաճելի անակնկալ է մատուցել ընթերցողներին։ «ԱրտԲրիջ» գրատուն-սրճարանում Համազգայինը ներկայացրել է Աւետիս Ահարոնեանի որդու՝ Վարդգէս Ահարոնեանի երկու նորահրատ՝ «Անդրանիկ. մարդը եւ ռազմիկը» եւ «Լեւոն Շանթ. մարդը եւ գործը» գրքերը։ Ամիսներ առաջ էլ միութեան կողմից հայ մեծանուն գրող Յովհաննէս Թումանեանի 150-ամեակի կապակցութեամբ հրատարակւել էր «Թումանեանը. մարդը եւ բանաստեղծը» գիրքը։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Շնորհանդէսին ելոյթ ունեցան անւանի գրականագէտներ, լեզւաբաններ, պատմաբաններ եւ այլ մտաւորականներ, որոնք արժեւորեցին Վարդգէս Ահարոնեանի ահռելի աշխատանքը՝ երկու մեծանուն հայերի՝ Անդրանիկի եւ Շանթի կեանքի՝ մինչ այս հանրութեանը քիչ յայտնի փաստերը։

«Մենք Լեւոն Շանթի 150-ամեակին նւիրւած մի շարք միջոցառումներ կազմակերպեցինք։ Այս գիրքը մեր փոքր տուրքն է մեր հանճարեղ գրողին եւ վերջին միջոցառումն է` նւիրւած Շանթի 150-ամեակին։ Բոլոր այն յօդւածները, որոնք տպագրւած են եղել սփիւռքում, առաջին անգամ են Հայաստանում լոյս տեսնում։ Այս տարին խորհրդանշական էր` մեր պատմութեան երեք երեւելիների՝ Յովհաննէս Թումանեանի, Լեւոն Շանթի, Կոմիտասի 150-ամեակն էր։ Յովհաննէս Թումանեանի եւ Կոմիտասի յոբելեանները յաւուր պատշաճի նշւեցին պետական մակարդակով, եւ դժբախտաբար, դարձեալ լուսանցքում մնաց Լեւոն Շանթը։ Գուցէ դա պայմանաւորւած է ժամանակներով, բայց մի յստակ գիտակցում պէտք է ունենանք, որ ամէն բան անցողիկ է, եւ մշակոյթն է մնայուն։ Լեւոն Շանթը երբեք չի ենթարկւի որեւէ ժամանակի, իշխանական մտածողութեան, սակայն նա միշտ ներկայ է լինելու հայ մշակոյթի ու գրականութեան մէջ, քանզի նրա թողած ժառանգութիւնը միշտ արդիական է։ Լեւոն Շանթ հանճարը, որը գրել է «Հին աստւածներ», «Օշին պայլ», «Կայսր», չափից շատ կարեւորում էր մարդուն, եւ կարծես, փիլիսոփայութեան է վերածւել նրա հրաշալի ասացւածքը՝ «Աշխատեցէք մարդ ըլլալ, մարդը տիեզերքի բարձրագոյն արժէքն է»։ Աշխատենք մարդ լինել, որ արժանի լինենք Լեւոն Շանթի նման հանճարին»,- իր ելոյթում նշեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան երեւանյան գրասենեակի ղեկավար Ռուզան Առաքելեանը։

Անդրադառնալով Վարդգէս Ահարոնեանի միւս՝ «Անդրանիկ. մարդը եւ ռազմիկը» գրքին, արձակագիր, ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանը նշեց, որ Համազգայինը պատրաստւում է տպել նաեւ երրորդ՝ «Րաֆֆի» գիրքը. «Հայ ժողովրդին, Հայաստանի հայութեանը վերադարձւում է մի կորած անուն, տաղանդաւոր, ազգային, ազնիւ պետական մեծ գործչի անուն՝ Վարդգէս Ահարոնեան։ Ահարոնեանը բաւական մտերիմ է եղել Անդրանիկի հետ, ինչի մասին կարող է վկայել այն, որ Անդրանիկը մտերիմ է եղել նաեւ նրա հօր՝ Աւետիս Ահարոնեանի հետ, եղել է Անդրանիկի համհարզը, գրագիրը, թարգմանիչը, զօրավարը բազմիցս եղել է նրանց տանը եւ այլն»։

Իսկ ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասեանը կարծիք յայտնեց, որ բոլորը պարտաւոր են զօրավար Անդրանիկի մասին հրատարակւած ցանկացած աշխատանք ներկայացնել հանրութեանը՝ խօսելով զօրավարի ե՛ւ մարդակային, ե՛ւ ռազմական տաղանդի մասին։ «Այս գիրքը զուտ յուշագրութիւն չէ։ Վարդգէսը, որ հօրից ժառանգել էր գրելու տաղանդը, չէր կարող անմասն մնալ եւ յուշագրութիւն չթողնել Անդրանիկի մասին։ Սա ամփոփ տեղեկութիւն է Անդրանիկի կեանքի տարբեր փուլերի, նրա գործունէութեան, մարդկային տարբեր գծերի եւ միաժամանակ զօրավարական տաղանդի մասին»,- նշեց Մինասեանը՝ յաւելելով, որ սա երիտասարդ պատմաբանների համար կը լինի սեղանի գիրք։

Գրականագէտ Սուրէն Դանիէլեանն էլ շնորհակալութիւն յայտնեց Համազգային հայ կրթական, մշակութային միութեանը` նշելով, որ դա այն կազմակերպութիւնն է, որը երբեք չի կորցրել իր հեղինակութիւնը, որը մեր մեջ պահեց ճշմարտութեան, հաւատի, սիրոյ սերմը։

Ելոյթ ունեցան նաեւ բանասիրական գիտութիւնների դոկտոր Վաչագան Գրիգորեանը, բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Վարդան Պետրոսեանը, բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Սերժ Սրապիոնեանը, գրականութեան ինստիտուտի տնօրէն Վարդան Դեւրիկեանը, բանաստեղծուհի Յասմիկ Սարգսեանը եւ այլք։

Շնորհանդէսը եւս մէկ անգամ եկաւ փաստելու, որ բոլորս էլ պարտաւոր ենք արժեւորել եւ մեծարել մեր այն մեծանուն գործիչներին, որոնք պատմութեան քառուղիներում իրենց պետականամէտ, մշակութային եւ կրթական գործունէութեամբ գալիք սերունդներին թողել են հսկայական ժառանգութիւն, որն ունակ չէ երբեւիցէ կորցնել իր լուսաւորիչ առաքելութիւնը։

 

Արգամ Եղիազարեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։