Print this page
19/01/2019 - 12:40

Ժիրայր Ռէիսեան. «Սիրիայի նախագահի ցանկութիւնն է, որ ինչպէս բոլոր սիրիացիները, այնպէս էլ հայ համայնքի անդամները, վերադառնան Սիրիա»

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանի խօսքով՝ սիրիահայերն արդէն աստիճանաբար վերադառնում են իրենց բնակավայրեր: 

«alikonline.ir» - Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանի խօսքով՝ սիրիահայերն արդէն աստիճանաբար վերադառնում են իրենց բնակավայրեր: Նա «Tert․am»-ի հետ զրոյցում, սակայն, նկատեց՝ վիճակագրութիւն չկայ, թւային պատկեր չի կարող ներկայացնել:

«Վերադարձողները տեղեակ չեն պահում իրենց վերադարձի մասին: Պարբերաբար պարզապէս լսում ենք այս կամ այն ընտանիքի վերադարձի մասին: Բայց պաշտօնական վիճակագրութիւն չկայ, թէ ով վերադարձաւ, ով չվերադարձաւ»,- ասաց նա:

Ժիրայր Ռէիսեանի խօսքով՝ Սիրիայի իշխանութիւնները միշտ էլ դրական են վերաբերւել հայ համայնքին:

Նա նկատեց՝ միշտ էլ այնտեղ եղել է հայերի նկատմամբ մեծ յարգանք: «Հետեւաբար հայերի ներկայութիւնն ապահովում է պետութեան ամբողջութիւնը, պետութիւնն էլ չի ցանկանում այդ մոզաիկան խաթարել: Սիրիայի յարգարժան նախագահը միշտ էլ արտայայտել է իր յարգանքը հայ ժողովրդի նկատմամբ: Ես գոնէ երկու տարի առաջ իրենից անձամբ եմ լսել, որ նախանձախնդիր է, որ այդ մոզաիկան չխախտւի: Նրա ցանկութիւնն է, որ ինչպէս բոլոր սիրիացիները, որոնք դժւար պայմանների հետեւանքով դուրս են եկել Սիրիայից, այնպէս էլ հայ համայնքի անդամները, վերադառնան Սիրիա»,- ասաց նա՝ նշելով, որ նախագահը միշտ էլ ասել է, որ եթէ կարիք կայ համայնքին ինչ-որ հարցով օգնելու, իր հնարաւորութիւնների սահմանում կօգնի:

Իսկ թէ արդեօք կա՞յ անհանգստութիւն, որ ամերիկեան զօրքերի դուրսբերման հետեւանքով Սիրիայի հիւսիս Թուրքիայի հնարաւոր ներխուժման հետ կապւած, Ժիրայր Ռէիսեանը նշեց, որ իրենք՝ որպէս Սիրիայի քաղաքացիներ, ունեն մի սկզբունք․ ոչ միայն օտար խմբաւորումները, ապօրինի ներկայութիւն ունեցող ուժերը պէտք է դուրս գան Սիրիայից: «Դրանց դուրս գալուց յետոյ պետութեան խաղաղութիւնն ու կայունութիւնը կը տիրեն երկրում: Բայց այնքան ժամանակ, քանի դեռ այդ ուժերը կան երկրում, իրավիճակը կայուն չի լինի»,- ասաց նա:

Հալէպում հիմա, ըստ սիրիահայ պատգամաւորի, կեանքը բնականոն հունի մէջ է: Հարցին, թէ վերականգւում են հայկական թաղամասերը, նա պատասխանեց․ «Ես չեմ ուզում առանձնացնել հայկական թաղամասերը․ քաղաքը ընդհանուր վերականգնման գործընթացի մէջ է: Արդէն բազմաթիւ շէնքեր վերականգնւած են»,- ասաց նա։

Ի՞նչ սպասումներ ունեն, յոյս ունե՞ն, որ Սիրիայի ամբողջ տարածքով պատերազմը կը մարի: Ժիրայր Ռէիսեանի խօսքով՝ այսօր պատերազմում ներգրաււած միջազգային բոլոր դերակատարներն էլ հասկացել են, որ պատերազմի աւարտը ի շահ Սիրիայի օրինական իշխանութիւնների է լինելու:

Իսկ հարցին, թէ ինչպէս են հայ համայնքում վերաբերւում Հայաստանի իշխանութիւնների նախաձեռնութեանը՝ Ռուսաստանի հետ համագործակցութեամբ քաղաքապահ զօրքեր տեղակայւեն Հալէպում, Ժիրայր Ռէիսեանը պատասխանեց․

«Սիրիահայը սիրիահայ ժողովրդի մի անբաժանելի մասնիկն է, ոչ տարբեր այլ խմբաւորումների։ Հետեւաբար, եթե միջպետական համաձայնութիւններով Հայաստանի քայլը ողջունելի լինի Սիրիայի համար, ողջունելի կը լինի նաեւ մեզ համար: Բայց մեզ համար ապահովութեան, կայունութեան առաջին երաշխիքը սիրիական բանակն է, սիրիական պետութիւնը: Սիրիայում հայութեան հետ յարաբերութիւնները բարեկամութեան, եղբայրութեան հասնող են, եւ գուցէ հայութեան ներկայութիւնը բնական ձեւով ընդունւի»:

Յարակից լուրեր