Հա
19/01/2020 - 10:40

Թուրքիայում 13 տարի առաջ այս օրը սպանւեց Հրանտ Դինքը. համառօտ ակնկարկ

Այսօր` յունւարի 19-ին լրանում է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի սպանութեան 13 տարին: Նա Թուրքիայի ամենայայտնի հայերից մէկն էր ու թէեւ նրա հասցէին հնչած բազմաթիւ սպառնալիքներին, նա միշտ մնում էր հանգիստ ու հաւասարակշռւած:

«alikonline.ir»- Այսօր` յունւարի 19-ին լրանում է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի սպանութեան 13 տարին: Նա Թուրքիայի ամենայայտնի հայերից մէկն էր ու թէեւ նրա հասցէին հնչած բազմաթիւ սպառնալիքներին, նա միշտ մնում էր հանգիստ ու հաւասարակշռւած:

Հանդէս գալով մի շարք ժողովրդավարական պլատֆորմներում ու հասարակական կազմակերպութիւններում, Դինքն ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտութիւնը, խօսում խօսքի ազատութեան, Թուրքիայում մարդու, ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների մասին: Նա հայերի ու թուրքերի միջեւ շատ կարեւոր քարոզիչ էր եւ հաւատում էր, որ հայ համայնքը հնարաւորութիւն կունենայ Թուրքիայում ապրել ազատ եւ չենթարկւել պատմական ճնշումների:

2007 թւականի յունւարի 19-ին, Հրանտ Դինքն սպանւել է Ստամբուլում, իր խմբագրած «Ակօս» թերթի խմբագրատան շէնքի դիմաց: Մինչ սպանութիւնը նա իր հրապարակումներում յայտնում էր, որ իր հասցէին սպառնալիքները յաճախակի են դարձել: Բացի այդ, նա բողոքում էր, թէ ոստիկանութիւնը հրաժարւել է պաշտպանել իրեն հնարաւոր մահափորձից:

Դինքի սպանութեան գործը բացայայտելու համար միջազգային մի շարք կառոյցներ բազմաթիւ անգամ կոչ են արել թուրքական իշխանութիւններին՝ ապահովել անաչառ քննութիւն։ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը 2010-ի սեպտեմբերին մեղաւոր ճանաչեց Թուրքիային՝ Հրանտ Դինքին չպաշտպանելու համար, չնայած որ հետքննութեան ընթացքում պարզ էր դարձել, որ թէ՝ ժանդարմերիան, թէ` ոստիկանութիւնը տեղեակ են եղել նրա դէմ նախապատրաստւող սպանութեանը։

Դինքի գործով սկսւած առաջին շոու դատավարութիւնն ունեցաւ ամոթալի աւարտ։ Այդպէս էլ յայտնի չդարձան սպանութեան պատւիրատուները, չուսումնասիրւեցին դատարան ներկայացւած մի շարք փաստեր եւ վկայութիւններ։ 2011-ի յունւարի 17-ին տեղի ունեցած 25-րդ դատավարութեան ժամանակ, դատարանն ազատ արձակեց սպանութեան կազմակերպման մէջ գլխաւոր կասկածեալներից Էրհան Թունջէլին։ Դատարանը միայն դատապարտեց սպանութեան գործիք հանդիսացած Օգիւն Սամասթին՝ 22 տարի 10 ամիս ազատազրկման, իսկ սպանութեան ուղղորդման մէջ մեղադրւող Եասին Հայալին՝ ցմահ ազատազրկման։ Դատական շոուի զաւեշտներից մէկն էլ այն էր, որ դատավճիռ կայացնելուց յետոյ յաջորդ օրը պարզւեց, որ Դինքի սպանութեան գործով 19 մեղադրեալներից 18-ի նկատմամբ է որոշում կայացւել։ Դատարանը մոռացել էր մի 19-րդ մեղադրեալի նկատմամբ որոշում կայացրել։

Թուրքիայում դատարանի այս որոշումն ընդունւեց մեծ դժգոհութեամբ։ Դատարանի կողմից վճիռ կայացնելուց յետոյ դատարանի մօտ հաւաքւած հազարաւոր մարդիկ սկսեցին բողոքել կայացւած անարդար վճռի դէմ եւ երթով շարժւեցին դէպի «Ակօս»-ի խմբագրութիւն։

Դատավճռի հետ կապւած Թուրքիայի մշակոյթի նախարարը նշեց, թէ այն վտանգաւոր զարգացում էր։ Նախագահ Գիւլը շեշտեց, որ տեսնում է հասարակութեան դժգոհութիւնը, արդարադատութեան նախարարը փորձեց հանգստացել հասարակութեանը՝ նշելով, թէ դատական գործընթացը չի աւարտւել եւ դեռ կայ բողոքարկման փուլ։ Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատեց վճիռը՝ ասելով, թէ սա էր Էրդողանի արդարադատութիւնը։

Զաւեշտալի է, սակայն Դինքի սպանութեան գործով ամոթալի վճիռը կայացրած դատարանի նախագահը յայտարարեց, թէ կայացւած վճիռը եւս իր սրտով չէ։

Դատավճռից 1.5 տարի յետոյ՝ 2013-ի մայիսին, Հրանտ Դինքի սպանութեան գործով դատավճիռը վճռաբեկ 9-րդ դատարանում բեկանւելուց յետոյ ուղարկւեց Ստամբուլի ծանր յանցագործութիւնների գործերով 14-րդ դատարան: Այնտեղ արդէն 2013-ի սեպտեմբերի 17-ից վերսկսւեց Դինքի սպանութեան գործով դատավարութիւնը։ Այսինքն, արդեն 1 տարուց աւել է, ինչ ընթանում է Դինքի սպանութեան դատավարութիւնը, սակայն կրկին արդիւնքներ չկան։ Պարզապէս այս ընթացքում ձերբակալւել եւ կալանւել է նախորդ դատավճռով ազատ արձակւած Էրհան Թունջէլը։ Նա վերսկսւած դատական նիստերից մէկի ժամանակ սկանդալային յայտարարութիւն էր արել՝ պնդելով, թէ Դինքի սպանութիւնն իրականացրել է «Էրգենեկոն»-ից աւելի բարձր կազմակերպութիւն, որի անդամներին պետութիւնը աշխատավարձ է տալիս։

Այս ընթացքում հետաքրքիր զարգացում էր այն, որ Թուրքիայի արդարադատութեան նախարարը թոյլատրեց դատական պատասխանատւութեան կանչել պետական պաշտօնեաներին, ովքեր ինչ-որ առումներով կապւած են Դինքի սպանութեան հետ։

Այդ համատեքստում արդէն հարցաքննւեցին ու ձերբակալւեցին են բարձրաստիճան պաշտօնեաներ ու ոստիկաններ։

Իսկ Դինքի սպանութեան գործով դատավարութեան համար «բեկումնային» դարձաւ Էրդողան-Գիւլէն հակամարտութիւնը, քանի որ այդ հակամարտութեան սրացումից յետոյ սկսեցին ձերբակալւել նախկին բարձրաստիճան գիւլենական պաշտօնեաներ՝ Դինքի սպանութեան մէջ որոշակի մեղքի բաժին ունենալու մեղադրանքով։

Դրանից յետոյ դատավարութիւնները սկսեցին սկանդալային յայտարարութիւններով ուղեկցւել։ Ցուցմունքներից մէկի համաձայն՝ ՆԳ նախկին նախարարը պահանջել է հետախուզութեան պետից վերացնել Դինքի դէմ մահափորձի մասին հետախուզական տեղեկութիւնը, իսկ հետախուզութեան պետը թէեւ չի վերացրել, սակայն ժամանակին չի էլ բարձրաձայնել։ Պարզւեց, որ Հրանտ Դինքի սպանութիւնը բացայայտւել է օրերի ընթացքում, սակայն դատական գործընթացները դէ ֆակտօ դոփում են նոյն տեղում։

Ու չնայած թուրքական իշխանութիւնների հաւաստիացումներին, Հրանտ Դինքի սպանութիւնը շարունակում է մնալ Թուրքիայում աւանդոյթի վերածւած չբացայայտւած քաղաքական սպանութիւնների շարքին։

Այսօր՝ յունւարի 19-ին, Ստամբուլում Հրանտ Դինքի մահւան 13-րդ տարելիցի կապակցութեամբ մի շարք կազմակերպութիւններ նախաձեռնել են սգոյ եւ բողոքի միջոցառումներ։

 

News.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։