Հա

Ազգային

18/02/2019 - 16:00

Մենք Հայաստանի եւ Ղարաբաղի միաւորման կողմնակից ենք

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը հարցազրոյց է տւել ադրբեջանական «Turan» գործակալութեանը:

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը հարցազրոյց է տւել ադրբեջանական «Turan» գործակալութեանը: Հարցազրոյցն անցկացւել է Երեւանում, 2019 թ. փետրւարի 2-ին, «Թուրան» լրատւամիջոցի խմբագիր Շահին Հաջիեւի կողմից, ով հարցերը տւել է ռուսերէն լեզւով, Մանոյեանը պատասխանել է հայերէն, թարգմանութիւնը կատարել է լրագրող Տիգրան Յովհաննիսեանը։ Շուրջ մեկուկէս ժամ տեւած տւեալ հարցազրոյցի ձայնագրութիւնն առկայ է, եւ «Turan» գործակալութիւնն այն ներկայացրել է իր հայեցողութեամբ: Հրապարակման մէջ առկայ են անճշտութիւներ եւ այն ստորեւ ներկայացնում ենք խմբագրական որոշ մեկնաբանութիւններով:

* * *

«Յունւարի վերջին պատմութեան մէջ առաջին անգամ «Դաշնակցութիւն» կուսակցութեան համագումարը անցկացւեց Լեռնային Ղարաբաղում: Դա ցոյց է տալիս, որ դաշնակցականների համար Ղարաբաղը ամենակարեւոր հարցերից է, եւ կուսակցութիւնը հակամարտութեան լուծումը տեսնում է Հայաստանին Ղարաբաղի միացման մէջ»: Այդ մասին «Turan» գործակալութեանը տւած հարցազրոյցում ասել է Դաշնակցութեան համանախագահ Կիրօ Մանոյեանը (ՀՅԴ-ում համանախագահի պաշտօն չկայ, իսկ Կ. Մանոյեանը ՀՅԴ Բիւրոյի անդամ է, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատուն-arfd.am խմբ.):

«Մեր դիրքորոշումը այն է, որ Լեռնային Ղարաբաղը պէտք է միանայ Հայաստանին, քանի որ այն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում եւ չի լինի: Մեր գլխաւոր նպատակն է ամրագրել Ղարաբաղի այդ կարգավիճակը»,- ասել է Մանոյեանը:

Նրա խօսքով` Ղարաբաղն անկախացել է 1991-ին` հանրաքւէ անցկացնելով: Դա տեղի է ունեցել դեռ ԽՍՀՄ ժամանակ գործող օրէնքների հիման վրայ: «Անկախութիւն հռչակեց նաեւ Ադրբեջանը: Ղարաբաղի անկախութեան միջազգային ճանաչումից յետոյ Հայաստանի հետ Ղարաբաղի միացման հարցը միայն տեխնիկական բնոյթ կունենայ»,- կարծում է դաշնակցութեան լիդերը (Կ. Մանոյեանը ՀՅԴ Բիւրոյի կազմում չի զբաղեցնում ներկայացուցչի կամ նախագահի հանգամանք եւ ընդհանրապէս, կուսակցութիւնը ունի կոլեգիալ կառավարման համակարգ-arfd.am խմբ.):

Հարցին` ինչպէ՞ս հայկական կողմը կարող է հասնել դրան, եթէ միջազգային հանրութիւնը դէ իւրէ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է ճանաչում, Մանոյեանը պատասխանում է, որ նախ դրւում է Ղարաբաղի՝ մի քանի երկրների կողմից ճանաչման հարցը: «Դա հնարաւորութիւն կը տայ դիտարկել Ղարաբաղը որպէս միջազգային իրաւունքի սուբեկտ եւ Ադրբեջանի դիրքորոշումը` խոչընդոտել դրան չի կարող: Դրանից յետոյ Ղարաբաղի ճանաչումը միջազգային հանրութեան կողմից կը լինի միայն ժամանակի հարց»,- նշում է Մանոյեանը:

Հարցին` արդեօ՞ք անիրական չի համարում նման սցենարը, Մանոյեանը յիշեցնում է Կոսովոյի ճակատագիրը: «Արդէն մի շարք երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախութիւնը, որը դարձել է միջազգային իրաւունքի սուբեկտ` չնայած Սերբիայի առարկութեանը»,- ասում է նա:

Հայկական հասարակութեան ո՞ր մասն է կողմ Հայաստանին Ղարաբաղի միացմանը: Այս հարցին Մանոյեանը պատասխանել է հետեւեալ կերպ. «Հայկական ազգային կոնգրեսի (Լեւոն Տէր-Պետրոսեանի կուսակցութիւնն է) դիրքորոշումը այս հարցում չի համընկնում մերի հետ: Սակայն խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ նրանք չեն ստացել ժողովրդի աջակցութիւնը (այստեղ խօսքը 2017 թ. խորհրդարանական ընտրութիւնների մասին է-arfd.am խմբ.): Միեւնոյն ժամանակ, (խօսքը 2018 թ. դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների մասին է-arfd.am խմբ.) յաղթած կուսակցութիւնը՝ Նիկոլ Փաշինեանի «Իմ քայլ» քաղաքական շարժումը, այդ հարցում աջակցում է մեր դիրքորոշմանը»,- ասում է դաշնակցականների լիդերը:

«Այդ դէպքում, ինչո՞ւ Դաշնակցութիւնը չանցաւ խորհրդարան»: Դրան Մանոյեանը պատասխանում է, որ խորհրդարան չեն անցել ոչ միայն դաշնակցականները, այլեւ` հանրապետականները, «Սասնայ ծռեր»-ը և ՀԱԿ-ը (այստեղ եւս, ՀԱԿ-ի պարագայում, խօսքը 2017 թ. խորհրդարանական ընտրութիւնների մասին է-«arfd.am» խմբ.): «Սակայն այդ հարցում քաղաքական ուժերի մեծամասնությունը և Հայաստանի բնակչութիւնը միակարծիք են, թէեւ քաղաքական էլիտայի փոքր մասը կողմ չէ Հայաստանի կազմում Ղարաբաղի ընգրկմանը: Մասնաւորապէս, այդպիսին է Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը:

Հարցին` Հայաստանի բնակչութեան քանի՞ տոկոսն է կողմ հանդէս գալիս Ղարաբաղի միացմանը, Դաշնակցութեան լիդերը պատասխանում է՝ մեծամասնութիւնը:

Հարցին` մտադիր են արդեօ՞ք հայերը պատերազմել նշւած նպատակներին հասնելու համար, Կիրօ Մանոյեանը տալիս է անսպասելի պատասխան` պնդելով, որ ադրբեջանական հասարակութիւնում տրամադրութիւնները այնպիսին են, որ նրանք հասկանում են՝ Ղարաբաղը վերադարձնել հնարաւոր չէ եւ Բաքուն ստիպւած կը լինի դա ընդունել: «Ձեզ համար բարդ կը լինի պատերազմել` հասարակութեան շրջանում նման տրամադրութիւնները հաշւի առնելով»,-ասաց Մանոյեանը:

Շարունակելով միտքը, նա պնդում է, որ 2001 թւականին Ադրբեջանի իշխանութիւնները պատրաստ էին ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը` Քի Ուեսթում բանակցութիւնների արդիւնքների հիման վրայ:

«Միաժամանակ դրւել էր Ղարաբաղը (Մանոյեանն ասել է՝ ԼՂԻՄ-ը -arfd.am խմբ.) շրջապատող տարածքների վերադարձի հարցը, սակայն այսօր` 18 տարի անց, իրական չէ խօսել անկախութեան դիմաց այդ տարածքների վերադարձի մասին: Դուք պէտք է դրա հետ հաշտւէք»,- տիրական տօնով խօսում է Մանոյեանը, միաժամանակ մեղմ ժպտալով:

Հնարաւո՞ր է այսօր Քի Վեսթի կարգաւորման տարբերակը, երբ Ղարաբաղը միանում է Հայաստանին Լաչինի միջոցով, իսկ Նախիջեւանը միանում է Ադրբեջանին: «Դա իրական չէր այն ժամանակ, այսօր` առաւել եւս»,-պատասխանում է Մանոյեանը:

«Եթէ դարձեալ պատերազմ լինի, հայերը կը կորցնեն Ղարաբաղը շրջապատող տարածքները եւ Ղարաբաղը: Աւելի լա՞ւ չէ հիմա միմեանց ընդառաջ գնալ եւ պայմանաւորւել»: Այդ հարցի Դաշնակցութեան լիդերը ասում է, որ չի բացառում նման սցենարը, սակայն անմիջապէս աւելացնում է. «Աւելի շուտ հէնց դուք կը կորցնէք նոր տարածքներ»:

Ինչ վերաբերւում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միաւորմանը, ապա դա ենթադրում է Ղարաբաղի եւ շրջապատող տարածքների միացում:

«Մենք դէմ ենք փոխզիջմանն այդ հարցում եւ Ղարաբաղը շրջապատող տարածքները նոյնպէս պէտք է միանան Հայաստանին», - յայտարարում է Մանոյեանը:

«Հայաստանում,. իշխանափոխութիւնից յետոյ, աւելի յաճախ են հնչում կարծիքներ հակամարտութեան փուլային կարգաւորման մասին: Որքանո՞վ է իրական, որ ներկայիս իշխանութիւնները կը գնան այդ տարբերակին»: Այդ հարցին Դաշնակցութեան լիդերը պատասխանում է, որ Հայաստանի նոր կառավարութիւնը դեռ պաշտօնապէս նման բան չի ասում: «Ամէն ինչ անորոշ խօսակցութիւնների մակարդակում է: Միեւնոյն ժամանակ, պաշտօնական Երեւանը յստակ ասում է մէկ բան՝ Լեռնային Ղարաբաղը պէտք է լինի բանակցային կողմ, առանց նրա մասնակցութեան հակամարտութիւնը չի լուծւի»:

Ինչպէ՞ս է Դաշնակցութիւնը տեսնում Թուրքիայի հետ հակամարտութեան կարգաւորումը: «Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ներկայիս սահմանն անօրինական է: Իրաւական սահմանը որոշւել է Վիլսոնի կողմից 1920 թւականին, եւ այն պէտք է անցնի Էրզրումով, Կարսով, Տրապիզոնով եւ Վանով: Նման տարածքային վէճեր աշխարհում շատ կան եւ դրանց առկայութիւնը չի նշանակում, որ յանուն դրա պէտք է պատերազմել»,-յստակեցնում է Կիրօ Մանոյեանը:

Arfd.info

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։