Հա

Ազգային

18/06/2019 - 14:40

«Ֆրանսիական կառավարութեան որոշումները հիմնւած են քաղաքական-տնտեսական շահերի վրայ». Մուրադ Փափազեան

Ֆրանսիական կառավարութեան, իսկ աւելի կոնկրետ՝ Ֆրանսիայի վարչական դատարանների կողմից Վալանս, Բուրգ լէ Վալանս, Բուրգ դը Պեաժ, Առնուվիլ քաղաքների եւ Արցախի Հանրապետութեան համայնքների միջեւ ստորագրւած բարեկամութեան հռչակագրերի չեղարկման որոշումները ընդունելի չեն կարող համարւել:

«alikonline.ir» - Ֆրանսիական կառավարութեան, իսկ աւելի կոնկրետ՝ Ֆրանսիայի վարչական դատարանների կողմից Վալանս, Բուրգ լէ Վալանս, Բուրգ դը Պեաժ, Առնուվիլ քաղաքների եւ Արցախի Հանրապետութեան համայնքների միջեւ ստորագրւած բարեկամութեան հռչակագրերի չեղարկման որոշումները ընդունելի չեն կարող համարւել: Այս մասին «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը:

«Յանուն ո՞ր սկզբունքի է ֆրանսիական կառավարութիւնը դատի կանչել ֆրանսիական քաղաքապետերին: Մենք դատապարտում ենք քաղաքական այս նոր դիրքորոշումը, որը կարող է գոհացնել միայն Ադրբեջանին: Մենք չենք ընդունում փաստը, որ ֆրանսիական կառավարութիւնն այսքան վատ դիրքորոշում ունի Արցախի ժողովրդի հանդէպ: Յստակ է, որ այս որոշումները հիմնւած են քաղաքական-տնտեսական շահերի վրայ: Մենք նախագահ Մակրոնին բազմիցս ասել ենք, որ Արցախը մեզ համար առաջնահերթութիւն է, որովհետև այստեղ կեանքի ու մահւան հարց է: Մենք չէինք կարող երեւակայել, որ ֆրանսիական կառավարութիւնն այսքան հեռու կը գնար: Մենք չենք դադարի զօրավիգ լինել Արցախին, Արցախի ժողովրդին եւ Արցախի անկախութեան գործընթացին ու վերջնական փուլում ՀՀ-ի հետ միացմանը: Ժամանակն է, որ Հայաստանը Արցախի հետ ստորագրի ռազմաքաղաքական համաձայնագիր»,- նշեց Մուրադ Փափազեանը:

Այս համատեքստում Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի համանախագահը հարկ համարեց ընդգծել՝ չի կարելի խաղաղութեան քայլեր սպասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից, երբ Ադրբեջանը պատերազմով է ներշնչւած եւ միայն ուժի է դիմում:

«Մեր ուժը մենք ենք, Սփիւռքի մէջ ամուր ենք պահում մեր դիրքերը: Իսկ նախագահ Մակրոնի հետ կունենանք լուրջ բացատրութիւն եւ կը շարունակենք մեր պայքարը Արցախի ժողովրդի համար` նրանց կողքին: Արցախի ժողովուրդը եւ բանակն ամուր են պահում մեր սահմանները: Եթէ Արցախը կորցնենք, Հայաստանը վտանգի տակ կը յայտնւի, իսկ Արցախը զօրացնելով` Հայաստանը կը փրկենք: Պէտք է միջազգային ընտանիքին Հայաստանի եւ Սփիւռքի զօրակցութիւնը ցոյց տանք՝ ուժ տալով Արցախին: Այո, միայն ուժ տալով, ովքեր էլ որ լինեն Արցախի իշխանութիւնները՝ այսօրւայ, թէ վաղւայ»,- ամփոփեց Փափազեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։