Հա

Ազգային

19/06/2019 - 10:30

Գլխաւոր թշնամին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան օրերս տեղի ունեցած համագումարում, այս ուժի ոչ երկրորդական դէմքերը, դարձեալ խօսել էին թշնամիների, իրենց պատերազմ յայտարարածների, այլ խօսքով հակայեղափոխականների եւ նրանց դաւադրութիւնների մասին: Կասկած չկայ, որ այս թեման, եւ անցեալի ուրւականների հետ կռիւը լինելու է վերջիններիս գլխաւոր ասելիքն ու գործողութիւնների մղող մտայնութիւնը՝ մինչեւ իրենց իշխանութեան աւարտը:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան օրերս տեղի ունեցած համագումարում, այս ուժի ոչ երկրորդական դէմքերը, դարձեալ խօսել էին թշնամիների, իրենց պատերազմ յայտարարածների, այլ խօսքով հակայեղափոխականների եւ նրանց դաւադրութիւնների մասին: Կասկած չկայ, որ այս թեման, եւ անցեալի ուրւականների հետ կռիւը լինելու է վերջիններիս գլխաւոր ասելիքն ու գործողութիւնների մղող մտայնութիւնը՝ մինչեւ իրենց իշխանութեան աւարտը: Իմ կարծիքով, սակայն, Հայաստանի ներկայ իշխանութեան գլխաւոր թշնամին ժամանակն է: Որ ժամանակն իր դէմ է աշխատելու Ն. Փաշինեանը հրաշալի հասկանում էր դեռ այն պահին, երբ, սահմանադրական կարգի կոպիտ ոտնահարմամբ, խորհրդարանին պարտադրեց ինքնասպանութին եւ երկրին՝ շուտափոյթ ընտրութիւններ: Իրապէս էլ իշխանափոխութիւնից մօտ մէկ տարի անց ոչ միայն Նիկոլ Փաշինեանը, այլեւ տաքսու վարորդները, տնային տնտեսուհիները եւ նորաթուխ ու ջղագար «սփիւռքահայերն» էին հասկանում, որ եթէ նոյն օրերին ընտրութիւններ տեղի ունենային «թաւշեայ»,« ոչ բռնի», « ժողովրդավար» «յեղափոխականները» հաւաքելու էին միանգամայն այլ քանակի ձայն՝ ամենայն հաւանականութեամբ լինելով առաջին տեղում: 

Ի դէպ այդ կացութիւնը, հաւանաբար, կը թելադրեր վերջիններիս որդեգրելու մի փոքր այլ վարքագիծ, մասնաւորապէս չանել հերթական ոտնձգութիւնը սահմանադրական կարգի դէմ՝ կաթւածահարելով երկրի ողջ դատական համակարգի գործունէութիւնը: Բայց խօսքն այս մասին էլ չէ այլ այն, որ ամենազօր ժամանակը բացայայտում է նոր իշխանութեան անկարողութիւնը՝ երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, առաջընթացի ապահովման հարցերում:

Խնդիրն այն է, սակայն, որ շատ բացասական գործընթացներ հիմնարար, միաժամանակ խորքային բնոյթ ունենալով առայժմ նւազ տեսանելի են բոլորի, մասնաւորապէս Նիկոլ Փաշինեանին կուռք սարքած զանգւածի մի մասի համար:

Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ այլ մարզերի մօտակայ հեռանկարի վրայ մեծ ազդեցութիւն են ունենալու այնպիսի երեւոյթներ, ինչպիսիք են իշխանութիւնների ապակառուցողական ներհասարակական-ներքաղաքական գործելակերպը, արտաքին քաղաքական (այդ թւում Արցախի հարցում) յստակ կողմնորոշումների եւ հայեցակարգերի բացակայութիւնը, տնտեսական զարգացման ծրագրերի եւ պատկերացումների չգոյութիւնը, կառավարման համակարգի ձեւախեղումը, երկրում հեղինակապետական կոշտ վարչակարգի հաստատման ճիգը, եւ վերջապէս երկրի ողջ վարչական ու խորհրդարանական կադրային անձեռնհաս ներուժը:

Աւելի առարկայական լինելու համար փաստենք, որ այս նոյն պատճառներով 2019 թւականին կտրուկ պակասել են արտաքին ու տեղական ներդրումները, խորհրդարանը աշխատում է անհրաժեշտ-հնարաւորի ամենացածր արդիւնաւէտութեամբ, հնարաւոր են դրսից ստացւող ապրանքների շօշափելի թանկացումներ, որոնք էլ կարող են դոմինոյի էֆեկտ ունենալ ապրանքների ու ծառայութիւնների թանկացումների առումով, պատճառ դառնալով նաեւ ներքին արտադրանքի թանկացմանը եւ որոշ արտադրութիւնների կաթւածահար լինելուն: Ներքին խմորումներն ու արտաքին յարաբերութիւնների անյստակութիւնը կարող են աւելացնել երկրի նկատմամբ կիրառւող ուղղակի եւ անուղղակի ճնշումներն ու բարդացնեն իրավիճակը արցախեան բնագծում:

Կարծում եմ, ասւածը չափազանցութիւն չի համարւի քանի որ այն, ինչի մասին խօսւում է, արդէն իսկ տեսանելի ծիլեր է տւել: Այնուամենայնիւ սրանք հիմնականում խորքային գործընթացներ լինելով եթէ ահազանգի առիթ են երեւոյթների ծալքերը տեսնողների համար, ապա ժողովրդի մի մեծ հատւած դրանց ազդեցութիւնն իր մաշկի վրայ թոյլ է զգում եւ հակւած է դեռ սպասելու գեղեցիկ խոստումների իրագործմանը:

Չի կարելի ասել, որ իշխանութիւնը առկայ վիճակը եւ զարգացումների ընթացքը չի տեսնում, բայց հակամիջոցների չձեռնարկմամբ նա ոչ թէ հակւած է ինքնասպանութեան, այլ պարզապէս չի տեսնում ելքերը, կամ իր սխալ պատկերացումներով, գնում է կեղծ թիրախների ետեւից: Կարելի է իհարկէ ամէն օր մի քանի աղմկոտ դատավարութիւններ կազմակերպել երկրում, կարելի է անընդհատ խօսել նախկինում կատարւած յանցագործութիւնների մասին, կարելի է օրական տասն անգամ ժողովրդի կենացը խմել եւ հաճոյախոսել նրա հասցէին, բայց ակնյայտ է, որ այլեւս չկայ նախկին ոգեւորութիւնը, այս կամ այն նախկին ու ներկայ պաշտօնեային պատժւած տեսնելու կիրքը եւ մարդիկ աւելի շատ մտահոգւում են, թէ ինչ է լինելու իրենց ու իրենց երկրի բազում հիմնահարցերի հետ:

Մի օր այս մարդիկ իշխանութեանը հարց են ուղղելու. հերիք չէ՞ յետյեղափոխական բարդութիւններով արդարացնել սեփական անճարակութիւնը, «վեթինգների», հաշւէհարդարների անհրաժեշտութեամբ ֆռռացնել մի ողջ ազգի երբ, այսպէս կոչւած յեղափոխութեան հետեւանքում ոչ դասակարգային բախում է եղել, ոչ աւերիչ պատերազմ ու բռնութիւններ, ոչ վարչա-իրաւական համակարգերի ու տնտեսական կացութաձեւերի փլուզում:

Իհարկէ գլխաւոր մտահոգութիւնը մնում են ժողովուրդն ու երկիրը, որոնք կարող են ճակատագրական կորուստներ ունենալ՝ քանի դեռ երկրի ղեկը այս ու այն կողմ են թափահարում պատասխանատւութեան զգացումից զուրկ փորձարարները:

Իշխանութիւնը լուրջ քննութեան առջեւ է կանգնած եւ եթէ կարծում է, թէ դատական համակարգը ճորտացնելով, այլընտրանքային կարծիքի դէմ սոցիալական ցանցերի քերծեներին քսի տալով, կեղտոտ փողեր օրինականացնելով երկրի իրավիճակը բարելաւելու է, ապա խորհուրդ կը տանք յաճախակի նայել ժամացոյցին՝ գլխաւոր թշնամին ժամանակն է, որին ոչ հնարաւոր է վարկաբեկել, ոչ ծեփել պատերին, ոչ դատել եւ ոչ էլ շրջափակել ու ընթացքը կասեցնել:

 

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։