Հա

Ազգային

01/09/2019 - 11:40

Ընտրութիւնների կատարելագործումը երկար տարիների գործընթաց է

Դաւիթ Իշխանեանի կարծիքով, առաջիկայ ընտրութիւնները նախորդ ընտրութիւնների համեմատ, իհարկէ, կը լինեն մէկ քայլ առաջ, բայց թերեւս այդ ընտրութիւնները չեն լինի կատարեալ. «Մենք միշտ էլ խնդիրներ կունենանք, միշտ էլ ընտրական մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտութիւն կը լինի եւ դա չի սահմանափակւի ոչ առաջիկայ, ոչ էլ յաջորդիւ ընտրութիւններով: Այդ առումով, ոգեւորութիւն կամ ինչ-որ տեղ «վերահսկելի մեխանիզմի» կամ այդպիսի քաղաքական որոշման անհրաժեշտութիւն թերեւս չունէինք»:

«alikonline.ir» - Օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահաւաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ ժողովրդի կամքի աղաւաղման ցանկացած փորձ պէտք է դիտարկւի որպէս հակապետական, հակազգային գործողութիւն. «Այս առումով չափազանց կարեւոր եմ համարում Արցախի Հանրապետութիւնում սպասւող նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների անցկացումն ազատ, մրցակցային եւ ժողովրդավարական միջավայրում, եւ ժողովրդի ազատ կամարտայայտման իրական երաշխիքների ապահովումը: Հայաստանի Հանրապետութիւնն, ըստ այդմ, պէտք է հանդէս գայ եւ հանդէս կը գայ որպէս Արցախի ժողովրդի ազատ կամարտայայտման եւ այդ կամարտայայտման միջոցով լեգիտիմ իշխանութեան ձեւաւորման երաշխաւոր»։

Ապա, օգոստոսի 22-ին, ՀՀ կառավարութեան որոշմամբ, ՀՀ կառավարութեան պահուստային ֆոնդից 33 մլն. 680 հազար դրամ տրամադրւեց`Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրութիւնների դիտարկման համար: Արցախեան ընտրութիւննրը կը դիտարկեն երկու ՀԿ-ներ`«Իրազեկ քաղաքացիների միաւորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենեակը (տրամադրւել է 16 մլն. 200 հազար դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնէյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (տրամադրւել է 17 մլն. 480 հազար դրամ)։ ՀՀ վարչապետի յայտարարութիւնը եւ ՀՀ կառավարութեան այս քայլը միանշանակ չի ընկալւում նաեւ Արցախում: Արցախի ներքաղաքական խնդիրներին միջամտելուց զատ, այս հարցը դիտարկւում է նաեւ մինչ օրս Արցախում կայացած ընտրութիւնների լեգիտիմութիւնը վիճարկելու հարթութիւնում: 

Aravot.am-ի հետ զրոյցում, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանն անդրադառնալով այդ հարցին` ասաց. «Ի՞նչ է, այսինքն, մինչեւ հիմա մեր իշխանութիւնները լեգիտիմ չե՞ն կամ մեր ընտրութիւնները լեգիտիմ չե՞ն: Մենք տասնամեակների ընթացքում կարողացել ենք յղկել եւ որոշակի փուլ անցնել մեր ընտրական համակարգում: Ես, ամենայն պատասխանատւութեամբ եմ այդ մասին խօսում` նկատի առնելով, որ անցել ենք 1995-96 թւականների ժամանակահատւածի ընտրութիւնները` ճնշումներով, միջամտութիւններով, այնուհետեւ 2000, 2005, 2007 եւ այսպէս կամաց-կամաց բարելաւելով ընտրական մեխանիզմներն, առաջ ենք գնացել` կը լինի նախագահական, խորհրդարանական, թէ ՏԻՄ ընտրութիւններ»:

Դաւիթ Իշխանեանը նկատում է. «Բարեբախտաբար, Արցախում տեղի ունեցող ընտրութիւններին միշտ էլ տրւել են գնահատականներ. բացարձակ առումով, մեր ընտրութիւնները կատարեալ չեն եղել, ինչպէս կատարեալ չեն աշխարհի որեւէ երկրում, այդ թւում նաեւ, ցաւով եմ ասում, ՀՀ-ի վերջին ընտրութիւնները: Կատարեալ չեն, բայց կարեւոր է, որ կայ ձգտումը, որ մենք կարողանում ենք համեմատել նախորդ ընտրութիւնների հետ եւ արձանագրում ենք առաջընթաց: Այդ առաջընթացը միայն յայտարարութիւններով, որոշումներով կամ ֆինանսական միջոցների յատկացումներով չէ: Դա գործընթաց է, որը ոչ միայն ընտրութիւնների բուն օրւան է վերաբերւում, այլ գործընթաց է, որը տեղի է ունենում տարիների ընթացքում: Եթէ ապագայում մենք ունենք խորհրդարանական ընտրութիւններ, քաղաքական ուժերը հինգ տարի պատրաստւում են այդ ընտրութիւններին, նաեւ նոր քաղաքական ուժեր են ձեւաւորւում, քաղաքական դաշտում վերադասաւորումներ են տեղի ունենում»:

Դաւիթ Իշխանեանը նաեւ յիշեցնում է, որ դիտորդական առաքելութեամբ ՀՀ-ից միշտ էլ պաշտօնական, ոչ պաշտօնական տարբերակով ներկայ են գտնւել: Աւելին. «Նաեւ, օտարերկրեայ դիտորդներ են Արցախում ներկայ գտնւել: Եթէ չեմ սխալւում 2012-ի նախագահական ընտրութիւնների ժամանակ էր ֆրանսիական պատւիրակութիւնը` Ռընէ Ռեթիւի գլխաւորութեամբ այցելեց ՀՅԴ Արցախի գրասենեակ, հանդիպման ընթացքում իրենք փորձում էին հասկանալ Արցախի ընտրական մեխանիզմը եւ երբ փորձում էինք համեմատել Ֆրանսիայում եւ Արցախում տեղի ունեցող ընտրութիւնները, որոշ մանրամասների մէջ մտանք, պատւիրակութեան անդամները զարմացած եւ հիացած էին Արցախում ձեւաւորւած եւ աստիճանաբար կատարելագործւող ընտրական մեխանիզմներով»:

Դաւիթ Իշխանեանի կարծիքով, առաջիկայ ընտրութիւնները նախորդ ընտրութիւնների համեմատ, իհարկէ, կը լինեն մէկ քայլ առաջ, բայց թերեւս այդ ընտրութիւնները չեն լինի կատարեալ. «Մենք միշտ էլ խնդիրներ կունենանք, միշտ էլ ընտրական մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտութիւն կը լինի եւ դա չի սահմանափակւի ոչ առաջիկայ, ոչ էլ յաջորդիւ ընտրութիւններով: Այդ առումով, ոգեւորութիւն կամ ինչ-որ տեղ «վերահսկելի մեխանիզմի» կամ այդպիսի քաղաքական որոշման անհրաժեշտութիւն թերեւս չունէինք: Մենք ունենք բաւական ուժ եւ ձեւաւորւած քաղաքական մշակոյթ եւ կարծում եմ, մեր ժողովրդի ինքնագիտակցութիւնն արցախեան հատւածում այնքան բարձր է, որ ընտրութիւններին կարողանում են իրենց տեսակէտը ներկայացնել: 2004-ի Ստեփանակերտի ընտրութիւններին, երբ իշխանութեան թեկնածուն պարտւեց ընդդիմադիր թեկնածունին, ի՞նչ է, պէտք է համարենք, որ այդ ընտրութիւնները կեղծւա՞ծ էին: Կամ` 2005-ի ընտրութիւններում ընդդիմադիր կեցւածք ունեցող ՀՅԴ-ի` խորհրդարանում, մեծամասնական ընտրակարգով որեւէ մէկ թեկնածու չլինելու հանգամանքը չի նշանակում, որ մենք պէտք է ամբողջապէս բոյկոտէինք ապագայ ընտրութիւնները:

Ընտրութիւններում դրական եւ բացասական կողմեր միշտ էլ ունեցել ենք, նեգատիւ երեւոյթներ միշտ էլ եղել են, որոնք բխում եմ մեր ժողովրդի քաղաքական հասունութեան աստիճանից: Ես խօսեցի քաղաքական ինքնագիտակցութեան մասին, բայց քաղաքական հասունութիւնը չեմ կարծում, թէ մեր իրականութիւնում այնքան բարձր է, որպէսզի կարողանանք մեր ընտրութիւնների մեխանիզմը համեմատել ամբողջապէս կայացած երկրների մեխանիզմների հետ»:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։