Հա

Ազգային

05/09/2019 - 12:40

«Երբ ՀՅԴ-ն ասում էր՝ չպէտք է առճակատւել Ռուսաստանի հետ, չէր նշանակում, թէ կողմ է Ռուսաստանի հովանաւորութեանը». Մուշեղ Միքայէլեան

1991 թ. յուլիսին ՀՅԴ Հայաստանի կազմակերպութիւնը պաշտօնապէս գրանցւեց եւ իրաւունք ստացաւ ապրելու եւ գործելու Հայրենիքում: Այս առիթով մեր թղթակիցը զրոյց ունեցաւ Հ.Յ.Դաշնակցութեան Հայաստանի Կենտրոնական կոմիտէի անդամ Մուշեղ Միքայէլեանի հետ:

Հարցազրոյց ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտէի անդամ Մուշեղ Միքայէլեանի հետԵՐԿԻՐ» թիւ 1, 1991 թ.) 

 

1991 թ. յուլիսին ՀՅԴ Հայաստանի կազմակերպութիւնը պաշտօնապէս գրանցւեց եւ իրաւունք ստացաւ ապրելու եւ գործելու Հայրենիքում: Այս առիթով մեր թղթակիցը զրոյց ունեցաւ Հ.Յ.Դաշնակցութեան Հայաստանի Կենտրոնական կոմիտէի անդամ Մուշեղ Միքայէլեանի հետ:

 

- Կուսակցութիւնը, ճիշտ է, օրեր առաջ պաշտօնապէս գրանցւեց, սակայն արդէն մէկ տարի է, ինչ գործում է Հայաստանում, որի արդիւնքը ժողովուրդը գրեթէ չի տեսնում: Աւելին, կարծիք կայ, թէ Դաշնակցութիւնը հեռացել է իր աւանդական սկզբունքներից: Ի՞նչ կասէք այս մասին:

- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որի շարքերում նաեւ ես եմ, լուռ մարդկանց կուսակցութիւն է, լուռ՝ գործ անելու իմաստով: Գործը երբեք չցուցադրելու կուսակցությիւն է, որովհետեւ կարեւորը գործ անելն է: Օրերս, կարծեմ, ՀՀ պաշտպանութեան շտաբի պետի տեղակալը հեռուստաէկրանից քարտէզի վրայ ցոյց էր տալիս Արցախի գիւղերը: Զգացի՝ ինչ-որ ծանօթ քարտէզ է: Յետոյ, երբ ամբողջ էկրանով ցուցադրւեց, տեսայ, մերն է, այսինքն՝ քարտէզ, որն արւել էր դաշնակցական ընկերոջ ջանքերով, եւ ոչ ոք տեղեկութիւն չունէր այդ մասին: Կմտածէք մեծ բան չէ: Թերեւս: Բայց ես յատկապէս դա ուզեցի օրինակ բերել: Ճիշտ չէ այն մեղադրանքը, որ Դաշնակցութեան գործը շոշափելիօրէն չի զգացւում: Ի վերջոյ, կուսակցութիւնը պետութիւն չէ: Ես, իհարկէ, հասկանում եմ՝ Դաշնակցութեան նկատմամբ պահանջը շատ աւելին է, եւ դա բնական է: Սակայն չպէտք է մոռանալ, որ վերընձիւղւող ծառը նախ պէտք է արմատները զօրացնի: Դժբախտաբար, մենք գնահատելու այլ սկզբունքներ ունենք: Եւ, թերեւս, դա է պատճառը, որ եթէ մի կուսակցութիւն չի կառուցել մարզահամերգային համալիր, որպէս յուշարձան իր ղեկավարներին, այլ պարզապէս հայ մարդու տուն է կառուցում, բառի ուղղակի եւ փոխաբերական իմաստով, հայ մարդու օջախ, պիտի ասենք՝ շոշափելի չէ գործը, եւ երկմտենք: Անարդար է, անարդար՝ յատկապէս Դաշնակցութեան պարագայում, երբ ամենքին յայտնի է, որ Դաշնակցութիւնը այլ նպատակ չունի, քան իր ժողովրդին ծառայելը, որ Դաշնակցութիւնը իր գոյութեան իմաստը դրանում է տեսնում եւ դրա համար է կոչւած: Սրանք պարզապէս բառեր չեն. ապացոյց՝ 100-ամեայ պատմութիւնը, ապացոյց՝ այս մէկ տարին: Որովհետեւ կարեւորն այն չէ, որ ասեն, թէ Հ.Յ.Դաշնակցութիւնը իր զոհերը, նահատակները ունեցաւ Գետաշէնում, Շահումեանում, Բերդաձորում, կարեւորն այն է, որ չկորցնենք Շահումեանը, Գետաշէնը, Բերդաձորը:

 

- Անկասկած, համամիտ եմ Ձեր բոլոր ասածներին: Ի վերջոյ, Դաշնակցութիւնը իր 100-ամեայ կենսագործունէութեամբ փաստել է իր թէ՛ ազգային, թէ՛ յեղափոխական, թէ՛ գործի կուսակցութիւն լինելու հանգամանքը: Բայց եւ այնպէս, Հայաստանի ժողովուրդն արդէն իր կողքին ունենալով Դաշնակցութիւնը, սպասում է նրա խօսքին: Իմ կարծիքով, նաեւ այս վերաբերմունքի մէջ է արտայայտւում ժողովրդի հաւատարմութիւնը: Այսինք՝ այս սպասումը նաեւ յոյս է, հաւատ: Ինչպէս օրինակ, ամէն մարդ Արցախի խնդրի վերաբերեալ հետւում էր Դաշնակցութեան կեցւածքին, նրա որդեգրած ծրագրերին:

- Արցախի հարցը հիմնական է եւ առանցքային: Ի սկզբանէ: Թէ՛ արցախահայութեան իրաւունքների ձեռքբերման, թէ՛ Արցախի տնտեսական ու ռազմաքաղաքական կարեւորութեան, թէ՛ մեր ազգային իրաւունքների վերականգնման կարելիութիւնները ապագայի հաշւին դարբնելու տեսակէտից: Այլ կերպ ասած, Արցախի հարցը հայ ժողովրդի համար ճակատագրական է: Հետեւաբար Դաշնակցութիւնը այլ կեցւածք, գաղափարական ու քաղաքական այլ որդեգրումներ չէր կարող ունենալ: Եւ եթէ ժողովրդի համար Դաշնակցութեան կեցւածքը չափանիշ է ճշտելու համար Արցախի հանդէպ միւս կուսակցութիւնների, Հանրապետութեան իշխանութիւնների վերաբերմունքը, ապա միայն այդ գիտակցմամբ ևեւ այն վստահութեամբ, որ մեր կուսակցութիւնը նւաճել է գործով: Չեմ ուզում երբեք այն տպաւորութիւնը ստեղծւի, թէ Արցախում միայն դաշնակցականներ են կռւում: Արցախում կռւել են ու կռւում են հայ ժողովուրդը ու նաեւ Դաշնակցութիւնը, կամ Դաշնակցութիւնը իբրեւ հայ ժողովուրդ: Թերեւս կը գտնւեն մարդիկ, որ կը մեղադրեն, որ իզուր էր այդ ամէնը, անիմաստ: Բայց դա ճիշտ չէ, որովհետեւ ազատագրական պայքարը Գետաշէնով չի սկսւում ու վերջանում: Ազատագրական պայքարը գետաշէնների շարք է, գետաշէնների ճակատ եւ ամէն մի թիզ հողի համար անպայմանօրէն պիտի կռիւ մղւի: Իսկ առանց զոհի, առանց արեան յաղթանակ չի կարող լինել: Յոյսի ու հաւատի մասին մեր բանաստեղծ ընկերները կասեն, իսկ ինչ վերաբերւում է Դաշնակցութեան խօսքին, անշուշտ շարունակութեան առումով, ապա կարծում եմ, վերջին մեծ իադարձութիւնից յետոյ կարիք ունի մարտավարական նոր խմբագրման:

Դաշնակցութիւնը տեղեակ է այն ակնկալիքներին, որ հայ ժողովուրդն ունի իրենից յատկապէս Արցախի հարցում եւ ինչ պէտք է անի անգամ անկարելին: Բայց այն ինչ պէտք է անի Հանրապետութիւնը, անարդար է պահանջել կուսակցութիւնից:

 

- Փաստօրէն Ղարաբաղի հիմնահարցը, որպէս այդպիսին, հրապարակից դուրս է, գուցէ ծայրայեղ է ասածս, բայց նորից եմ ուզում վկայակոչել ժողովրդին, որի մեծ մասը կասկածի տակ է առնում Ղարաբաղի ճակատագիրը:

- Ես ուզում եմ յիշեցնել 1990 թ. օգոստոսի 8-ի ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը, ուր ասւած էր նկատի ունենալով Հայաստանի Հանրապետութեան ներկայ իրավիճակը, յատկապէս Արցախին սպառնացող վտանգը եւ մեր ազգային-ազատագրական շարունակւող պայքարի ներկայ փուլի թելադրանքները, Դաշնակցութիւնը բացայայտում է իր կազմակերպական ներկայութիւնը Հայաստանի ամբողջ տարածքում: Դա թելադրւած էր Դաշնակցութեան ռազմավարական ուղեգծի հիմնական դրոյթներից մէկով համազգային ինքնապաշտպանութեամբ: Արցախեան ազգային-ազատագրական շարժումն արդէն իսկ վերածւում էր գոյապայքարի: Իսկ գոյապայքարը չի կարող վերջ ունենալ, եթէ չի յաղթանակել:

 

- Կարծում ենք, մենք նորից առիթ կունենաք անդրադառնալու Արցախի խնդրին: Իսկ հիմա կուզէի խօսէինք կուսակցութեան լայն գործունէութեան, առաւել եւս տնտեսական խնդիրների մասին: Չնայած կուսակցութեան պլատֆորմում հիմնաւորապէս ներկայացւած է այն: Բայց մի բան է գաղափարը, մի այլ բան՝ կեանքը:

- Երբեմն խորհրդարանում հնչում են արտայայտութիւններ, թէ, խնդրեմ, որեւէ կազմակերպութիւն, եթէ ունի լուրջ առաջարկութիւններ, ծրագրեր թող ի յայտ բերի, մենք պատրաստ ենք ղեկավարւելու ցանկացած խելօք ծրագրով, որը կարող է օգտակար լինել մեր ժողովրդին: Նման վերաբերմունքը, կարծում եմ միտումնաւոր է, կրկին թելադրւում է Դաշնակցութեան հանդէպ ոչ բարեացակամ վերաբերմունքից, որովհետեւ մենք վաղօրօք տնտեսական ծրագիրը ներկայացրել ենք եւ մեր պատրաստակամութիւնը յայտնել՝ սատար կանգնել նորաստեղծ իշխանութիւններին, ամէն ինչ անել ամրապնդելու այն կառոյցները, որոնք խթան կը հանդիսանան ժողովրդին դուրս բերելու ճգնաժամից: Եւ, ի վերջոյ, նորից պիտի կրկնեմ, որ այսպիսի լուրջ տնտեսաան ծրագրի իրականացման համար լծակներ են պէտք, եւ դրանք կարող են լինել մայն պետական լծակներ: Այլապէս՝ մեր գործը ընդամենը բարեգործութիւնն է, որը գրեթէ ամէն օր է արւում: Ինչեւէ, հայրենիքը, ըստ իս, կը հզօրանայ, եթէ ամէն մի խնդրի մօտենանք ժողովրդի շահերից ելնելով:

 

- Քանի որ առիթ է ներկայացել, ուզում եմ անդրադառնանք նաեւ սեպտեմբերի 21-ին կայանալիք հանրաքւէին: Կասկած չունեմ, որ Դաշնակցութիւնը «Այո» է ասելու, բայց վստահ եմ, որ այդ չի ասւելու պարտականութիւն կատարելու համար: Այսինքն՝ կուսակցութիւնը պիտի գործի:

- Առնւազն միամտութիւն կը լինի մտածել, թէ որեւէ հայ, որեւէ անձ, որը քիչ թէ շատ ծանօթ է Դաշնակցութեան ծրագրին, կասկածի, թէ Դաշնակցութիւնը կարող է դէմ քւէարկել անկախութեանը: Ուրեմն մեր խօսքը «Այո» է լինելու: Պարզապէս Դաշնակցութիւնը այդ անկախութեան ճանապարհը աւելի երկար է տեսնում, հանգրւաններով, եւ դա բնական ու հասկանալի է, որովհետեւ ոչ ոք մտահոգ չէ մեր անկախութեամբ, ոչ ոք այն մեզ չի նւիրի: Մենք պիտի նւաճենք եւ նվաճենք քայլ առ քայլ, տնտեսական ամուր հիմքեր ստեղծելով, կիրթ ու ազգային քաղաքականութիւն վարելով: Երբ Դաշնակցութիւնը ասում էր, որ չպէտք է առճակատման գնալ Ռուսաստանի հետ, չէր նշանակում, թէ Դաշնակցութիւնը կողմ է Ռուսաստանի հովանաւորութեանը: Սա պարզապէս հորինովի թեզ է, որից ուզում ենք ուսմունք սարքել՝ մեզ մեղադրելով ռուսական կողմնորոշման մէջ: Չկայ եւ չի կարող լինել այդպիսի կողմնորոշում: Դաշնակցութիւնը կողմնորոշւում է՝ ելնելով ազգային շահերից եւ դէպի այն պետութիւնները, կուսակցութիւնները, քաղաքական ուժերը, որոնք նեցուկ պէտք է լինեն, օգտակար լինեն հայ ժողովրդի շահերին:

 

- Այս պահին Հայաստանում օրախնդիր հարցը Հանրապետութեան նախագահի ընտրութիւնն է: Կուզէի իմանալ՝ կուսակցութիւնը ինչպէ՞ս է վերաբերւում այդ խնդրին:

- Նախագահի մասին օրէնքը մտահոգութեան տեղիք է տալիս այն իմաստով, որ հիմքեր ունի ապագայ նախագահին բռնապետ դարձնելու: Բայց եւ այնպէս կայ օրէնք եւ մեզ մնում է ընտրել այն մարդուն, որն օրէնքի սահմաններում կը կարողանայ երկիրը դուրս բերել այս վիճակից, կը կարողանայ տնօրինել հայ ժողովդի ճակատագիրը՝ անկախ Խորհրդային Միութիւնում տեղի ունեցող կտրուկ փոփոխութիւններից, կը կարողանայ ժողովրդավարական սկզբունքը տանել մինչեւ վերջ: Անշուշտ, Դաշնակցութիւնը պիտի մասնակցի ընտրութիւններին, եթէ դրանք կայանան եւ պիտի ունենայ իր թեկնածուն; Ընտրութիւնների ընթացքում հնարաւո՞ր է արդեօք համագործակցութիւն այլ կուսակցութիւնների հետ, ցոյց կը տայ ժամանակը: Չնայած, կարծում եմ խոր հակամարտութիւններ չեն կարող լինել, եթէ բոլոր ուժերը, ովքեր պայքարում են իրենց թեկնածուին նախագահ տեսնելու, չմոռանան ժողովրդին, ազգային շահերը: Դաշնակցութեան համար վեջնական նպատակ չէ այն, որ անպայման իր կուսակցութեան անդամը լինի այդ տեղում: Պարզապէս ազգային, ճշմարիտ մէկը լինի, որ ղեկի մօտ նստի մոռանալով եւ յետին պլան մղելով իր կուսակցութեան նեղ շահերը, գործի ի շահ հայութեան: Եթէ լինի այդ մարդը, Դաշնակցութիւնը վստահաբար ձայն կը տայ, եթէ նոյնիսկ ամենաընդդիմադիր ուժը լինի:

Չէ՞ որ շատ չեն հեռացել այն օրերը, երբ ամենքս Ազատութեան հրապարակում կողք-կողքի կանգնած պայքարում էինք մեր ազգային իդէալների համար: Այսինքն գնում էինք կերտելու հէնց այս օրը: Ի վերջոյ, այս ամէնը թելադրւած է մի բանով, ծառայել հայ ժողորդին, նրան մղել իր երազի՝ Ազատ, Անկախ, Միացեալ հայրենիքի իրականացմանը: Մղումը գործի մէջ է իրեն գտնում, իսկ դա ժամանակի կարօտ ունի: Դաշնակցութիւնը գործի կուսակցութիւն է, իրատէս եւ, համոզւած եմ, ցանկացած իրավիճակում պիտի շարունակի իր ազգային կենսագրութիւնը:

 

Այսպէս է խօսել «Երկիր»-ը շարքից

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։